Վստահության, նվիրումի շնորհիվ

0
7

Հաջողությունն ու ձեռքբերումները երկար սպասեցնել չեն տա

Հավատարմություն

-Ղեկավարմանս շատ կարճ ժամանակահատվածում` 2016 թ. հոկտեմբերից,- <<Ընկեր>>-ին ասաց Մյասնիկյան համայնքի ղեկավար Տիգրան Բաղդասարյանը,- մեր թիմով ահագին գործ ենք արել: Նախկինում լուսավորված փողոցներին ավելացրել ենք ևս 6-7-ը, շարունակելու ենք մնացածներն էլ լուսավորել: Փողոցներն ասֆալտապատում չենք կարողանում անել, սակայն հարթեցում, փոսալցում, մի խոսքով` բարեկարգումներ  անում ենք: Մանկապարտեզում վերանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են: Կրթօջախի 120 սանն էլ մեր ուշադրության կենտրոնում են: Ի դեպ, շուրջ 4300 բնակիչ ունենք: Զբաղվում ենք հիմնականում հողագործությամբ:Գյուղմթերքի իրացման հարցում խնդիր չենք ունենում: Նպատակ ունենք չրի արտադրություն կազմակերպել տեղում, ինչի համար բիզնես ծրագիր ենք ներկայացնելու կառավարություն: Հաջողության դեպքում նոր խթան կհաղորդենք համայնքի զարգացմանը: Աշխատանքները ջանում ենք այնպիսի ուղղությամբ տանել, որպեսզի փոքրիշատե թեթևացնենք գյուղացու հոգսը: Շարունակում եմ ընկերաբար վերաբերվել բոլորին էլ, ինչպես առաջ էր, միայն թե այն տարբերությամբ, որ արդեն ի պաշտոնե պարտավոր եմ յուրաքանչյուրի հարցը երբևէ աչքաթող չանել, հոգսը կիսել: Առավել ևս եթե դիմում են որևէ հարցով, ապա ամեն գնով պարտավոր եմ բավարարել բնակչին, ճիշտ ուղղություն ցույց տալ: Ընկեր եմ գյուղացուս համար…

Համայնքապետը հպարտությամբ նշեց, որ ընկերական շատ մեծ շրջապատ ունի: Եթե այդպես չլիներ, ապա այսօր, անկասկած, տվյալ պաշտոնը չէր զբաղեցնի: Պատահական մարդը չի կարող համայնքի ղեկավար լինել: Ապրում ես, ստեղծում այդ վստահությունը, հարգանք ու պատիվ ձեռք բերում, ըստ այդմ էլ մարդիկ ընտրում են: Ընկերության մեջ Տիգրան Բաղդասարյանը գնահատում է մաքրությունը, ազնվությունը: Եթե մարդն անկեղծ չեղավ, միշտ դժգոհեց, ապա անհնար է տվյալ անձի հետ երկար ընկերություն անել: Ընկերությունը երկկողմանի պիտի լինի, փոխադարձ: Ոչ թե նյութական առումով, այլ վերաբերմունքի, գնահատման: Ընկերությունն ու դավաճանությունն անհամատեղելի են:

Համայնքապետի տեղակալ Գևորգ Գրիգորյանն ասաց հետևյալը. <<Տիգրան Բաղդասարյանն իմ մանկության ընկերն է, մոտ 40 տարվա ընկերներ ենք: Շատ ժողովրդական, ընկերասեր, մարդկանց նեղության պահին հասնող անձնավորություն է: Ամեն հարցով աջակցում է համայնքի բնակիչներին: Մոտ 8 ամիս է ղեկավարում համայնքը, բայց այն 300 աստիճանով փոխվել է: Մարդկանց տրամադրությունը լրիվ ուրիշ է այսօր, հույս է առաջացել, դեպի լավն ենք գնում: Տիգրանն ընկեր է այս բառի ամենաիսկական իմաստով: Հարգանք ու պատիվ է վայելում գյուղում, շատ լավ ընտանիք ունի: Մեր ընկերությունն այսքան տարի պահպանվել է, որովհետև անկեղծ ենք միմյանց հանդեպ, փոխադարձ վստահություն կա: Այդ ամեն լավը գալիս է մեր ծնողներից, այնպիսի դաստիարակություն է մեզ տրվել, որ ընկերոջ հանդեպ միշտ հավատարիմ լինենք, փոխադարձ հարգանք ու պատիվ ունենանք: Բնականաբար, ընկերոջս կողքին պիտի լինեի` գյուղի համար միասին լավ գործեր անելու համար: Այնտեղ, որտեղ վստահություն ու հավատարմություն կա, լավ ու բարի գործերն անպակաս են, հաջողությունը երաշխավորված է: Աշխատել եմ Հայաստանի փրկարար ծառայությունում` հերթափոխի պետ, բայց քանի որ ընկերոջս կողքին պիտի լինեի, տեղափոխվեցի այստեղ…>>:

Մարզի համայնքապետերից Տիգրան Բաղդասարյանն ընկերություն է անում գրեթե բոլորի հետ, սակայն առավել մտերիմ է Բամբակաշատի Արբակի, Նորապատի Վահրամի, Արևիկի Գառնիկի, Դալարիկի Պաշի, Հացիկի Արթուրի հետ: Այս ընկերությունը և՛ հաճելի է, և՛ օգտակար, որն, ի վերջո, հանգում է միևնույն նպատակին` համայնքների զարգացմանը միասնաբար նպաստելուն:

Գյուղն, անշուշտ, խնդիրներ էլ ունի: Խմելու ջրի ներքին ցանցը շարքից դուրս է եկել, ինչը մարդկանց արդարացի դժգոհության պատճառ է դառնում: Ջրամատակարարումը հունվարից հանձնվել է <<Վեոլիա ջրին>>, սպասում են ընկերության կողմից աշխատանքների իրականացմանը: Մշակույթի տունը հիմնանորոգման կարիք ունի: Դիմել են պատկան մարմինների, մտադիր են նաև հովանավորների փնտրել, որպեսզի համատեղ ուժերով գործն արվի: Եկեղեցու կառուցման հիմքը գցվել է 1990-ական թթ., այդպես էլ մնացել է մինչև օրս: Բնակիչների ուժերն ու հնարավորությունները պետք է համախմբել և առաջ շարժվել: Այն, ինչ պահանջում է ժողովրդի բարօրությունը, պետք է անպայման արվի: Այս կարծիքին ու համոզմանն է համայնքի նորընտիր ղեկավարը:

Գյուղացիները, պետք է ասենք, գոհ են իրենց ղեկավարից և նրա թիմի աշխատանքից: Տիգրան Բաղդասարյանը գյուղացու յուրաքանչյուր հոգս համարում է իրենը, քանի որ եկել է ծառայելու իր ժողովրդին, իր գյուղին: Գյուղը դարձել է միատարր: Նախկինում նկատված բացասական դրսևորումներն իրենց տեղը զիջել են բարոյահոգեբանական առողջ մթնոլորտին: Սրանում, անկասկած, մեծ է համայնքի ղեկավարի դերակատարումը, նրա ճիշտ ու արդարացի վերաբերմունքն իր դրական ազդեցությունն ունեցել է: Մտածում են երիտասարդության ժամանցի կազմակերպման, կրթված ու առողջ սերունդ ունենալու մասին: Մարզական խմբակներ են բացվել, մարզադահլիճը նորոգել ու կահավորել: Պարի խումբ ունեն, որտեղ 70 երեխա է հաճախում: Ամեն ինչ անում են, որպեսզի մշակույթն ու սպորտը համայնքում զարգանան:

SHARE