Վստահությունը ձեռք ես բերում աշխատանքով

0
20

Մարդկային ու ընկերական լինելը ևս օգնում է ընդհանուր գործի հաջողությանը…
Ծննդավայր
   Հայկ Հովհաննիսյանը Արագածոտնի մարզի 4400 բնակչությամբ Ոսկեվազ համայնքը ղեկավարում է 1992 թվականից: Թերևս, ճակատագրի բերումով, ինչ-որ առումով նաև` իր կամքին հակառակ, 25 տարեկանում ընտրվեց գյուղխորհրդի նախագահ: Չլիներ դա, միգուցե, մարզաշխարհում արդեն բարձր ցուցանիշներ արձանագրած լիներ, քանզի տարերքը սպորտն էր և լրջորեն զբաղվում էր դրանով…
     1990-ական թվականները, եթե չենք մոռացել, ծանր տարիներ էին, դժվարությունները` շատ, խնդիրները` բազում: Ժամանակի ընթացքում` աստիճանաբար, ամեն ինչ հունի մեջ ընկավ, գործերն առաջ գնացին, և համագյուղացիների գնահատականը չուշացավ: Հերթական ընտրություններում ձայների գերակշիռ առավելությամբ նրա համոզիչ հաղթանակներն այդ են վկայում: Սիրում էր կրկնել.<<Եթե գործող գյուղապետը 70-80 տոկոս ձայն չի հավաքում, ուրեմն լավ չի աշխատել: Եթե քիչ ձայնի առավելությամբ է անցել, ապա կամ չպետք է աշխատի, կամ փոխի աշխատաոճը, որպեսզի ժողովրդի համոզիչ  վստահությանն արժանանա…>> : Իրավունք ունի, անշուշտ, Հայկ Հովհաննիսյանն այսպես ասելու, քանզի լավ աշխատելով` բնակիչների անվերապահ աջակցությանն է արժանացել: Հնարավորությունների սահմաններում ամեն ինչ արել է` լուծում տալու համագյուղացիների բարձրացրած հարցերին և աջակցելու կարիքավորներին: Ոսկեվազցին երբևէ մերժում չի ստացել կամ անբավարարված հեռացել գյուղապետարանից: Նախանշած ծրագրերի ու աշխատանքների ճիշտ, նպատակային իրագործման արդյունքում առաջընթաց է գրանցվել ինչպես ընդհանուր գյուղի, այնպես էլ առանձին վերցրած ոսկեվազցիների կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներում:
     Այսօր մարդիկ, գյուղատնտեսությամբ զբաղվելուց զատ, նաև այլ աշխատանքով զբաղվելու հնարավորություն ունեն: Ոսկեվազում գործում են տրիկոտաժի ֆաբրիկա, գինու գործարան: Այստեղ է  <<Հայասի գրուպ>> ընկերությունը, որի հիմնադրման գործում մեծ է համայնքի ղեկավարի դերը: Դա, ինչ խոսք, նշանակալի ձեռքբերում է գյուղի համար, ներկայիս պայմաններում` փրկության պես բան, որ այսօր ցանկացած գյուղաբնակի համար անգնահատելի արժեք ունի:
  – Գործարանը,-նշեց պարոն Հովհաննիսյանը,-կարող էր կառուցվել Հայաստանի ցանկացած վայրում, բայց ընկերս` Արթուր Բաղդասարյանն այնպես արեց, որ այն հենց մեր գյուղում կառուցվի: Ընկերության 500 աշխատողների կեսը տեղից են: Այս տարի նախատեսվում է աշխատողների թվի ավելացում: Ձեռնարկությունը նպաստեց նաև, որ մերոնք բանջարաբոստանային կուլտուրաներ ևս աճեցնեն, քանի որ գյուղմթերքի բոլոր տեսակներից էլ ընդունում է: Առհասարակ, գործարանի գոյությունը մեծ հաջողություն է ոչ միայն մեր գյուղի, այլև ողջ տարածաշրջանի համար: Բավական է, թեկուզ, հիշատակել այն փաստը, որ ոսկեվազցին այսօր արդեն արտագնա աշխատանքի չի մեկնում: Վճարունակ լինելով արդեն հարկերն էլ ժամանակին ու բարեխիղճ վճարում են: Մեզանում թեև լայն տարածում ունի ելակի մշակությունը, բայց մոտ ապագայում, հավատացած եմ, կզարգանա նաև խաղողագործությունը: Այսօր, շնորհիվ իմ ընկերության, տեղում ստեղծված են ապրելու և աշխատելու լավ պայմաններ:  <<Օրինաց երկիր>> կուսակցության անդամ եմ: Պատրաստ եմ աշխատանքս թողնելուն, բայց երբեք չեմ դավաճանի ոչ հարազատ կուսակցությանը և ոչ էլ ընկերությանը: Ազատ ժամանակս ավելի շատ ընկերներիս հետ եմ անցկացնում: Երբ խոսք է գնում հարստության մասին, ապա իմ խոսքը հետևյալն է` ամենահարուստ մարդը ես եմ: Ավելի շատ հոգեպես եմ հարուստ, քանզի ընկերական մեծ շրջապատ ունեմ: Ընկերությունը պետք է պահպանել, փայփայել, որպեսզի կորստի ցավ չապրել: Երջանիկ եմ իմ ընկերներով: Տարբեր ոլորտներում են ընկերներս: Համայնքների ղեկավարներից առավել մտերիմ եմ Օշականի, Կարբիի, Օհանավանի և Սասունիկի գյուղապետերի հետ: Բոլորին հարգում, սիրում եմ և կանգնած եմ նրանց կողքին: Ընկերությունը չորս սրբություններից /հայրենիք, ծնող, երեխա/ մեկն է: Բարեկամներին մեզ Աստված է տալիս, և նրանց համար այնքան էլ պատասխանատու չես, որքան ընկերներիդ համար, քանի որ նրանց դու ես ընտրում: Լավ ու վատ ընկեր չի լինում` եթե ընկեր է, ապա լավն է: Կյանքը հետաքրքիր է լավ ու վատ օրերով, և այդ օրերը պետք է ընկերներիդ հետ կիսես: Համայնքապետ լինելու հանգամանքը ևս նպաստել է նոր ընկերներ ձեռք բերելուն: Իմ կենսակերպն է այդպիսին` նոր ընկերներ ունենալ և դրանով հարստանալ: Հայրս էլ է շատ ընկերներ ունեցել: Երբ փոքր էի, երազում էի նրա պես ընկերական մեծ շրջապատ ունենալու մասին: Կարողացա հասնել դրան և այսօր հայրիկիս ընկերների հետ էլ եմ կապ պահպանում: Ավագ ընկերներն ինձ համար նաև խորհրդատուներ են: Մեր ընկերությանը բարի նախանձով են նայում: Ոչինչ երբեք չի փոխել մեր ընկերությունը: Ընտանիքներով ենք ընկերություն անում: Մեր երեխաները մեր ընկերության շարունակողներն են…
      Որպես վերն ասվածի ապացույց, տեղեկացանք, որ մանկական ընկերոջը` Սիմոն Սիմոնյանին է վստահված գյուղապետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: Զրուցեցինք նրա հետ: Միասին մասնակցել են Ոսկեպարի պաշտպանական մարտերին, ինչն էլ ավելի է սերտացրել ընկերությունը: Պարոն Սիմոնյանի խոսքերով, ընկերությունից գործը միմիայն շահում է.<<Եթե ղեկավարն ընկերդ է, ապա առավել պարտավորված ու պատասխանատու ես զգում քեզ, ինչի արդյունքում, ընդհանուր հաշվով, շահում է համայնքը…>> : Նրա հավաստիացմամբ, Հայկ Հովհաննիսյանը խոսքի տեր մարդ է, մեծ խոստումներ չի տա, բայց եթե ինչ-որ բան խոստանա, ապա անպայման կկատարի: Նրա խոսքը միշտ գործ է դառնում: Ապացույցը տարիների ընթացքում գյուղում կատարված հսկայածավալ աշխատանքներն են: 1993-ից գործող արվեստի դպրոցը երկու տարի առաջ կառավարության հատկացրած 15 մլն դրամով հիմնանորոգվեց: Այստեղ հաճախող երեխաների թիվը հասնում է 130-ի: Մանկապարտեզը 1994-ի վերանորոգումից հետո մինչև օրս բարեհաջող գործում է: Ընթացիկ տարում նախատեսված է նրա գազաֆիկացումը: 2005-06 թթ. ԾԻԳ-ի և համայնքի համատեղ ներդրմամբ վերանորոգվեց բուժամբուլատորիան, որն ապահովված է սպասարկող ավտոմեքենայով: 2007-09-ին պետբյուջեի 300 մլն դրամ հատկացմամբ ամբողջովին վերանորոգվեց դպրոցը: Ոռոգման ցանցում վերանորոգման և նոր ջրագծերի անցկացման մեծածավալ աշխատանքներ են կատարվել: Մասնավորապես, 2010-ին ԾԻԳ-ի և համայնքի համատեղ ներդրումն այս ոլորտում կազմել է 60 մլն դրամ: Խմելու ջրի մատակարարման բարելավման առումով ներդրվել է 200 մլն դրամ: Այս ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն նաև առաջիկա տարիներին, ինչի արդյունքում կունենան բոլորովին նորացված համակարգ: Ոսկեվազը 95 տոկոսով գազաֆիկացված է: 2007-ին պետբյուջեի միջոցներով գյուղի կենտրոնական փողոցն է ամբողջությամբ ասֆալտապատվել, իսկ յուրաքանչյուր տարի ճանապարհի վերանորոգման նպատակով գյուղապետարանի կողմից հատկացվում է 1,5 մլն դրամ: Գիշերային լուսավորության ապահովվածությունը հասնում է 70 տոկոսի, ընթացիկ տարում այս աշխատանքները կշարունակվեն: Վերանորոգման ընթացքի մեջ է Սուրբ Հովհաննես եկեղեցին: Կատարվածի կողքին, ինչ խոսք, դեռևս նոր անելիքներ ու չլուծված խնդիրներ կան: Այսպես, 40-50 հեկտար հողատարածք ոռոգման ջրով ապահովվելու խնդիր ունի: Մշակույթի տունը թեև գործում է, սակայն վերանորոգման կարիք է զգացվում: Դիմել են մարզպետարան, կառավարություն` հուսալով, որ գոնե առաջիկայում խնդրի լուծման ուղի կգտնվի…
    Ըստ ոսկեվազցիների, Հայկ Հովհաննիսյանի մեջ ամենագնահատելին մարդկանց նկատմամբ սրտացավությունն է: Կանգնած է կարիքավորի կողքին, կօգնի հնարավոր ամեն ինչով: Օրվա մեծ մասը շփվելով բնակիչների հետ, լավ գիտի յուրաքանչյուրի հոգսը, քաջատեղյակ է խնդիրներին: Հարգանքն ու վստահությունը փոխադարձ են: Ջերմ, ընկերական ու հարազատ մթնոլորտ է տիրում գյուղում: Առիթ ունեցանք նաև հանդիպելու արվեստի դպրոցի տնօրեն Հովիկ Գևորգյանի հետ: Նրա և գյուղապետի ընկերական հարաբերությունների հիմքում ազնվությունն ու մաքրությունն են: Այս մտերմությունը մեծապես օգնում է ընդհանուր գործին, շահում են թե համայնքը, թե, մասնավորապես, արվեստի կրթօջախը: 
   Հ.Գ. Հրապարակումը պատրաստ էր տպագրության, երբ տեղեկացանք, որ Հայկ Հովհաննիսյանի թեկնածությունն առաջադրվել է մայիսի 6-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին:
SHARE