Վստահությունն այն ամենակարևոր գործոնն է,

0
62

որը պետք է գերիշխի բուժաշխատողի և հիվանդի փոխհարաբերություններում…
Բուժհաստատություն

      <<Աշխատելը հեշտ է բոլոր այն մարդկանց հետ, ովքեր ճիշտ սկզբունքներով են աշխատում, ովքեր կարող են քեզ ճիշտ հասկանալ, ճիշտ ուղղություն ցույց տալ: Մեր ղեկավարը` <<Աբովյանի ծննդատուն>> ՊՓԲԸ տնօրեն Լարիսա Մադոյանը, հենց այդպիսին է: Բժշկի աշխատանքը թե ֆիզիկապես, թե հոգեբանորեն շատ դժվար ու ծանր է, այնպես որ եթե ունես այնպիսի տնօրեն, ով քեզ հասկանում, ճիշտ ուղղություն է ցույց տալիս, և բարդ իրավիճակներում կոլեգալության ընդհանուր սկզբունքը պահպանելով ճիշտ եզրահանգման եք գալիս, ապա, բնականաբար, աշխատանքն առավել քան հեշտ է դառնում: Ունենալով երկար տարիների պրակտիկ աշխատանքի փորձ, ներսից գիտենալով ծննդատան աշխատանքի նրբությունները, ընկալելով մասնագիտական մեծ ու փոքր մեխանիզմները, տիկին Մադոյանը մշտապես ճիշտ որոշումներ է կայացնում: Այս առումով էլ է հեշտ նրա հետ աշխատելը: Օբյեկտիվ է ցանկացած հարցում: Շատ ճիշտ է գնահատում բոլորին և բոլոր հարաբերություններում օբյեկտիվություն է պահանջում: Բարդ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվում է և անսխալ որոշում կայացնում` ի շահ հիվանդի: 150 հոգանոց կոլեկտիվն այսօրվա պայմաններում ղեկավարելն, ինչ խոսք, այնքան էլ հեշտ չէ: Խստապահանջություն է պետք, որ շատ է օգնում գործին: Միաժամանակ, բարեսիրտ ու մեծահոգի է, որ պատրաստ է օգնել դիմացինին, կանգնել նրա կողքին դժվարին պահերին: Մեր տնօրենի գլխավորությամբ պատրաստ ենք ընդառաջելու մեզ դիմած յուրաքանչյուր հաճախորդի, նրան անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու, միայն թե մեզ չհիշեն այն դեպքում, երբ, ինչպես ասում են, բանը բանից անցել է… Ժամանակին դիմելու դեպքում բուժման արդյունավետությունը մի քանի անգամ ավելի մեծ կլինի: Ամենակարևորը, սոցիալ-տնտեսական պամաններն այնքան լավանան, որ ընտանիքները շատ երեխաներ ունենան>>,-այսպիսի մտորումներով ու ցանկությամբ մեզ հետ կիսվեց ծննդատան մանկաբարձ-գինեկոլոգ Սուսաննա Առուշանյանը
     

Ծննդատան տնօրենի բուժգծով տեղակալ Էդուարդ Մնացականյանն իր խոսքում նշեց, որ Լ. Մադոյանը մարդկային իր հատկանիշների շնորհիվ, մասնագիտական բազմաշնորհությամբ կարողացել է երկար տարիների գործունեության լավագույն արդյունքներ ապահովել: Ընդ որում, ինչպես փոխտնօրենի պաշտոնում /15 տարի/, այնպես էլ վերջին 3 տարիներին, երբ ղեկավարում է բուժհաստատության կոլեկտիվը: Էությամբ շատ ուժեղ է և հարգանք է վայելում բոլորի կողմից: Որոշումներ կայացնելիս զգացմունքայնության գործոնը որևէ դեր չի խաղում, օբյեկտիվ է: Ծնունդօգնության ծառայությունում այլ կերպ անհնարին է, քանզի գործ ունես մարդկային ճակատագրերի հետ: Ամենանշանակալի առաջընթացը գրանցվել է ֆինանսատնտեսական  առումով` բարելավումը մի քանի անգամ ավելի է: Հաջորդը` ծննդատան երրորդ հարկն ամբողջությամբ վերանորոգվել է, ներկայումս երկրորդ հարկն է նորոգվում: Սրա առավելություններն, անշուշտ, բավականին մեծ են և կարևոր դեր ունեն հաստատության վարկի ու հեղինակության առավել բարձրացման գործում: Մանավանդ, ծնունդօգնության պարագայում սանիտարահիգիենիկ պատշաճ պայմանների ապահովումը շատ կարևոր է: Բարեկարգ պայմանները, բուժանձնակազմի հոգատար ու պարտաճանաչ վերաբերմունքը նպաստում են ծնունդների քանակի ավելացմանը: Անկախ ամեն ինչից, հիվանդը պետք է գոհ ու բավարարված լինի: Սպասարկումը բարձր մակարդակով է իրականացվում: Ինչպես տեղեկացանք նաև պարոն Մնացականյանից, սպասարկում են Աբովյան քաղաքը և հարակից բնակավայրերը:

       <<Կարծում եմ, կազմակերպիչ լինելուն կին լինելն օգնում է, այլ ոչ թե խանգարում: Պարզապես, պետք է զգոն լինել, քանզի քեզ են նայում հարյուրավոր աշխատակիցներ: Բայց ոչ պակաս կարևոր է զգոն լինելը տղամարդ  պաշտոնյայի համար` իր հագուկապի, վարքագծի, խոսելաձևի առումով: Տղամարդու համար ավելի դժվար է, քան կնոջ, որովհետև տղամարդը շփվում է հասարակության լայն զանգվածների հետ: Եթե կինն այդ ամենը կարող է ինքն իր համար ստեղծել, ապա տղամարդու իմիջն ստեղծում է իր ընտանիքը, ավելի շուտ` կինը: Որպես կին ղեկավար` քո հագուկապով պետք է օրինակելի լինես կոլեկտիվում, լինես կոնսերվատոր: Աշխատավայրում ամեն ինչ պետք է չափի մեջ լինի: Աշխատում եմ օբյեկտիվ լինել և պահպանել օրենքի տառն ու ոգին: Կյանքիս ամենամեծ ձեռքբերումը ընտանիքս է, երեխաներս: Ձեռքբերում եմ համարում նաև այն, որ կարողացել եմ մարզում մանկաբարձական և գինեկոլոգիական ծառայություն կազմակերպել` այդ կերպ օգտակար լինելով մարդկանց: Օգնում ես մարդուն, նրանից ստանում ժպիտ ու շնորհակալություն, ինչից շատ ես ոգևորվում և ձգտում անել ավելին: Մարդուն օգնելուց, լավ վերաբերվելուց բավարարվածություն եմ զգում: Առհասարակ, երկրի կայացման ամենակարևոր գործոնը իրար նկատմամբ լավ տրամադրվելն է, բարին կամենալը: Այդ սկզբունքով եմ ապրում: Հնարավոր ու անհնարին ճանապարհներով փորձում եմ օգնել: Որքան են այսօր շատացել ինքնասպանության դեպքերը, ինչը շատ մտահոգիչ է: Եթե հնար ունենայի հանդիպելու նման մարդկանց, ապա հոգեբանորեն կկարողանայի ազդել` հեռու պահելու այդպիսի քայլից: Մարդը, վստահ լինելով կողքին գտնվողի կողմից իրեն օգնություն ցուցաբերելու հարցում, կդիմի նրան և, միգուցե, հրաժարվի ինքնասպանության դիմելու մտքից: Մարդը, որ ունի հոգեբանական աջակցության, բարի խոսքի կարիք, ընդամենը` <<տաք տեղ>>, ասենք, կես ժամ նստելու կամ իրեն լսելու համար, պիտի անպայման արժանանա դրան: Մարդը վերաբերմունքի կարիք ունի: Ես հիվանդներիս նաև տրամադրությամբ եմ հետաքրքրվում, փորձում լինել նրանց ընկերը, վստահություն ներշնչել: Հիվանդը զգում է, որ ես ոչ թե բուժաշխատողի, այլ իրեն ու իր շահը պաշտպանողն եմ… Շատ ընկերասեր եմ, սիրում եմ ընկերներ ունենալ, անմնացորդ նվիրված եմ նրանց: Ընկերության մեջ կարևոր է անդավաճան լինելը: Եթե էությամբ սկզբունքային ու անդավաճան ես, ապա լավ ընկեր ես, լավ ղեկավար, լավ մայր: Ես մարդու մեջ մարդն եմ տեսնում: Բոլոր մարդիկ էլ, կարծում եմ, լավն են, բայց ընկերության համար քո տեսակին պիտի գտնես: Ում հետ ընկերություն չեմ անում, նրա նկատմամբ մեծ հարգանք ու վերաբերմունք եմ տածում: Ջանք, եռանդ ու ժամանակ չեմ խնայում օգտակար լինելու ընտանիքիս, ընկերներիս, աշխատակիցներիս և, առհասարակ, հիվանդներին: Առիթից օգտվելով, ուզում եմ դիմել կանանց` երբեք մի վհատվեք, մի ընկճվեք: Կինը միշտ ուժեղ է և բարձր տեղ ու դեր ունի հասարակության մեջ: Մենք` կանայքս, պետք է ուժեղ լինենք մեր տղամարդկանց, մեր երկրի ղեկավարության կողքին: Պետք է անենք հնարավոր ու անհնար ամեն ինչ` միմյանց օգտակար լինելու, առաջ ընթանալու և մեր դերը պահպանելու համար: Մեր ճիշտ ապրելակերպով, առօրյա գործունեությամբ դաստիարակենք մեր երեխաներին` նրանց  դարձնելով պիտանի մարդիկ հայրենի երկրի համար>>,– մեր զրույցի ընթացքում ասաց բուժհաստատության ղեկավարը` Լարիսա Մադոյանը:
      Տիկին Մադոյանի համար ցավոտ հարցն այսօր այն է, որ նկատվում է ծնունդների նվազման միտում: Համենայնդեպս, լավատես է, որ սոցիալական պայմանների բարելավումը կբերի ծննդաբերությունների թվի աճի. <<Կառավարությունը վերջին տարիներին ծնունդօգնության բյուջեն 4 անգամ ավելացրել է, ինչի շնորհիվ բարձրացել է ոլորտի աշխատողների աշխատավարձը, հղիների, գինեկոլոգիական հիվանդների սպասարկումը միանշանակ անվճար է դարձել: Բայց դեռևս անելիքներ կան` կանանց հետազոտության իմաստով: Կարծում եմ, առաջիկայում այդ հարցն էլ կլուծվի: Պահանջվող չափորոշիչները տարեցտարի լրացվում են, մոտեցվում իրականությանը: Արվում է ամեն ինչ` պրոֆիլակտիկ և, ընդհանրապես, հղիության ընթացքի հսկողության առումով, ինչպես նաև գինեկոլոգիական հիվանդներին պատշաճ սպասարկում մատուցելու համար: Առաջնային ամբուլատոր օղակում հղիների հետազոտությունը գրեթե անթերի է արվում, ինչի արդյունքում այսօր նորածինների հիվանդացածության տոկոսը ցածր է: Եթե նախկինում առաջնային պլան էին մղվում ներարգանդային ինֆեկցիան, ասֆիքսիան կամ հիպոքսիան, ապա այսօր նման պաթոլոգիաները արդեն իսկ նախածննդյան հսկողության ընթացքում ուղղակիորեն կանխարգելվում են: Այսինքն, բոլոր հնարավոր բարդությունները վերացված են: Ներկայումս, կարծես, առաջին պլան են մղվում արատները: Այսօր առաջնահերթ է դարձել արատավոր նորածինների խնդիրը: Նման դեպքերը հետազոտվում են, կյանքի հետ անհամատեղելի արատները հայտնաբերվում են մինչև 21-22 շաբաթները, ինչից հետո կատարվում է հղիության արհեստական ընդհատում: Ահա, այդ տեսանկյունից ցուցանիշը խիստ նվազել է: Աչքի են զարնում այն պաթոլոգիաները, արատները, որոնք կյանքի հետ համատեղելի են /սրտի արատներ, որոշակի դեֆորմացիաներ, ոսկրերի հետ կապված խնդիրներ/ և որոնք վիրահատական միջամտությամբ կարելի է շտկել…>>:
      Տիկին Մադոյանը հավելեց նաև, որ կյանքի զարգացման, էվոլյուցիայի ամենակարևոր ազդակն այն է, որ պետք է թիմ ունենաս, աշխատես թիմում, միայնակ անհնար է հաջողության հասնել: Թիմ ունենալու հարցում ամենագլխավորը ընկերներն են, պետք է վստահել միմյանց և առաջ գնալ: Վստահության գործոնի դերը մեծ է հատկապես առողջապահական համակարգում, ինչը հաջողության կարևոր նախադրյալներից մեկն է…
SHARE