Վստահությունն ու հավատը

0
17

Համայնք

Աշխատանքի նոր լիցք ու ոգևորության աղբյուր են

Փետրվարի 12-ին կայանալիք ՏԻՄ ընտրությանը Արարատի մարզի Նոյակերտ համայնքի ղեկավար Հովհաննես Հարությունյանն առաջադրել է թեկնածությունը: Պաշտոնավարում է 2012 թ. նոյեմբերից: Այս ընթացքում կատարվել են աշխատանքներ, բայց և կան անելիքներ ու կիսատ ծրագրեր, որոնք ցանկանում է ավարտի հասցնել: Նոյակերտը 2800 բնակիչ ունի, նրանցից ընտրող է 1538-ը:

-Գիշերային լուսավորություն ենք անցկացրել,- <<Ընկեր>>-ին ասաց գործող համայնքապետը,- առայժմ` ոչ բոլոր փողոցներում: Մնացածներում էլ առաջիկայում կանցկացնենք: Խմելու ջրի ներքին ցանցն ենք վերակառուցել ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանի, ինչպես նաև գյուղապետարանի ներդրած միջոցներով: Որոշ գումար էլ բնակիչներից է հանգանակվել: Գլխավոր փողոցի ասֆալտապատումն է արվել պետբյուջեի միջոցներով, ինչում ևս մեր պատգամավորի աջակցությունը եղել է: Իսկ դպրոցի փողոցի 300 մ ճանապարհահատվածը համայնքի բյուջեով է ասֆալտապատվել: Փոխել ենք գյուղապետարանի շենքի պատուհանները, տանիքը…

Այդուհանդերձ, ինչպես շարունակեց պարոն Հարությունյանը, դեռևս շատ մեծ խնդիրներ ունեն լուծելու: Մշակույթի տան ներքին ու արտաքին հարդարում, փողոցների բարեկարգում ու լուսավորում, ասֆալտապատում, խճապատում և այլն: Ջանում են այդ և մնացած աշխատանքներն աստիճանաբար կատարել, նախանշած ծրագրերն իրագործել: Մանկապարտեզի շենքն ընթացիկ վերանորոգման մեջ է:

Հովհաննես Հարությունյանը, մինչև համայնքապետ ընտրվելը, 8 տարի եղել է համայնքի ղեկավարի տեղակալ, այնպես որ շատ լավ տիրապետում է իրեն վստահված գործին: Գիտի` ինչպես վերաբերվել բնակչին, հարգանք ունի բնակչության լայն շրջանում, ինչի արդյունքում էլ համոզված է, որ վերընտրվելու է: Կանգնած է իր գյուղացու կողքին, կիսում է նրանց հոգսերն ու դժվարությունները: Տարեկան մինչև 2 մլն դրամ միայն օգնություն է տրվում կարիքավորներին:

Ընկերները պատրաստակամ օգնում են նաև համայնքին վերաբերող շատ խնդիրներ լուծելիս: Ինչով կարողանում` օգնում են: Աջակից ընկերներից են ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանը, Հակոբ Զեյնալյանը, Վերին Արտաշատի համայնքապետ Աշոտ Ղազարյանը, Քաղցրաշենի Արթուրը, Սիսավանի գյուղապետ Սպարտակ Թաթիկյանը, ՋՕԸ-ի տնօրեն Վանյա Թարթիկյանը և այլք: Հատկապես խաղողի մթերման շրջանում են օգնության ձեռք մեկնում ընկերները: Ըստ Հ. Հարությունյանի, ընկերությունը լավ  ու վատ չի լինում: Ամենակարևորը` մաքուր պիտի լինի: Ընկերությունը մարդուն ուժ, ոգի է տալիս: Առանց ընկերության ապրելն անիմաստ է: Ընկերներով հաճախակի հանդիպում են, ինչը լիցքավորվելու, ոգեշնչվելու շատ լավ առիթ է դառնում: Համայնքապետը ընկեր է նաև իր բնակիչներից յուրաքանչյուրի համար:

Նոյակերտցին հիմնականում զբաղվում է հողագործությամբ ու անասնապահությամբ: Մշակում են ձմերուկ, լոլիկ, հացահատիկ: Մշակութի տանը գործում են թատերական, պարի խմբակներ, խաղասենյակ կա: Եթե նախկինում համայնքը մասնատված էր, ապա այսօր, համայնքի ղեկավարի շնորհիվ, համախմբվել է, կրքերը խաղաղվել են:

Կան գլոբալ խնդիրներ, որոնք լուծելու հնարավորություն համայնքը, պարզապես, չունի: Այստեղ արդեն պետական միջամտություն է հարկավոր, զանազան ծրագրերում ընդգրկվելու հնարավորություն պետք է լինի: Հովհաննես Հարությունյանը հայտնեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին իրենք սատարելու են Արայիկ Գրիգորյանին, ով ոչ միայն մեծ աջակցություն է ցուցաբերում գյուղին, այլև շատ բարեխիղճ, ընկերոջ նկատմամբ հոգատար ու խոսքի տեր, սկզբունքային անձնավորություն է: Մեկ անգամ ևս ընդգծեց, որ համագյուղացիներն իրեն վստահել են, շարունակելու են վստահել, իսկ ինքն ամեն կերպ կջանա այդ վստահությունն արդարացնել և կյանքի կոչել իր բոլոր նախագծումներն ու ծրագրերը…

SHARE