Վստահ, վճռական ու արժանապատիվ

0
25

Հավատարմություն

watermarked_Nalbandyan - grigor Mkrtchyan

 

   Արմավիրի մարզի Նալբանդյանի գործող գյուղապետ Գրիգոր Մկրտչյանն առաջադրել է թեկնածությունը մարտի 15-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին, քանի որ համայնքում դեռ կիսատ գործեր, անելիքներ շատ ունի: Չնայած, պիտի ասել, մինչև օրս արածն էլ բավականաչափ շատ է:

   Այո, Գրիգոր Մկրտչյանին հաջողվեց բազմաթիվ աշխատանքներ կատարել, որովհետև համագյուղացիներն ընդունեցին ու սիրեցին իրենց համայնքապետին,  կանգնեցին նրա թիկունքին, օգնեցին և, միաժամանակ, պահանջեցին: Դիմակայելով բնական աղետներին, չհուսահատվեցին, ուս-ուսի տալով` միասին առաջ գնացին և ապավինեցին սեփական ուժերին ու խելամտությանը: Նալբանդյանցիները վստահ են, որ ցանկացած հարցով գյուղապետին դիմելիս` գոհ ու բավարարված կմնան, և  առաջ եկած խնդիրը կստանա իր լուծումը: Գյուղապետարանի աշխատակազմն էլ միշտ պատրաստակամ է կանգնելու իր բնակչի կողքին, սատարելու նրան:

  2007-ին ընտրվելով այս պաշտոնին, Գրիգոր Մկրտչյանը չէր էլ կարող պատկերացնել, որ այսքան հսկայածավալ աշխատանք կկարողանա կատարել: Հաջողությունը չուշացավ, քանզի համախմբեց ժողովրդին և միասին լծվեցին գործի: Համայնքի մասնակցությամբ են կայացվում որոշումները և համայնքի մասնակցությամբ էլ իրագործվում: Համախմբվածության այս ոգին գալիս է նրա լուսահոգի հայրիկից` Ռոլանդ Մկրտչյանից, ով ղեկավարել է համայնքը: Վերջինիս թողած ամենահիմնական ժառանգությունը գյուղի միասնությունն է, ինչը կայացավ նրա շնորհիվ:

   4700 բնակիչ ունեցող համայնքը համախմբված մասնակցում է թե՛ համապետական ընտրություններին, թե՛ ձեռնարկվող բոլոր միջոցառումներին: Համայնքի միջոցներով, <<Հայրենիք>> միության աջակցությամբ, մանկապարտեզն են վերանորոգել, ապա` նախկին հիվանդանոցի շենքը, որը դարձել է երաժշտական դպրոց: Նրա 100 սաները զբաղված են դուդուկի, դաշնամուրի և այլ նվագարանների խմբակներում: Գյուղապետարանի շենքն է վերանորոգվել: Մշակույթի տան վերակառուցման գործում համայնքին շատ մեծ աջակցություն է ցուցաբերել մոսկվաբնակ եզդի բարերար Միրզա Սլոյանը, ով միայն տանիքը փոխելու համար տրամադրել է մոտ 70 հազար դոլար: Մշակույթի տան հարկի տակ անվճար գործում են ըմբշամարտի, ծանրամարտի, կարատեի և պարի խմբակներ: Գյուղապետը նաև անձնական միջոցներից է ներդրել շինությունների վերանորոգման համար:

   Գրիգոր Մկրտչյանի համար անչափ դժվար է եղել հոր ողբերգական մահվանից հետո համաձայնել զբաղեցնելու նրա տեղը: Հատկապես, եթե հաշվի առնենք, որ հայրը լավ է աշխատել, ուստի պիտի կարողանար պատվով շարունակել նրա գործը: Բոլոր դժվարությունները հաղթահարելով, ջանացել է ավելին անել: Անգամ մանրուք թվացող հարցերը չեն վրիպել նրա ուշադրությունից: Լուսավորվել է կենտրոնական փողոցը: Հատուկ սարքավորման /ձեռք է բերվել գյուղապետի ընկերոջ տրամադրած մոտ 30 հազար դոլարով/ միջոցով արևից էլեկտրաէներգիա են ստանում, որով աշխատեցնում են ջրի պոմպերը: Այդպես մոտ 100 տնտեսություն անվճար ոռոգում է սեփական հողատարածքները: Այդ ուղղությամբ /նոր, ավելի հզոր սարքավորում ձեռք բերելու/ ջանքերը շարունակվում են:

   Պարոն Մկրտչյանի խոսքերով, ընկերը շատ թանկ արժեք է իր համար: Ընկերոջը լավ ճանաչելու համար ժամանակ է հարկավոր, ժամանակն ամեն ինչ իր տեղն է դնում, ժամանակի քննություն բռնում են միայն իսկական ընկերները: Ընկերությունը հոգու թելադրանքով է, ստիպողաբար ոչինչ չի լինում: Վստահություն, անկեղծություն, նվիրում է պահանջում ընկերությունը: Առանց ընկերության ոչնչի չես հասնի: ԱՄՆ-ից 85-ամյա բարերար Նալբանդյան ամուսինները կես մլն դոլար են նվիրաբերել դպրոցի վերանորոգման համար: Աշխատանքները շուտով կսկսեն: Այս մարդիկ ընկեր են մի ամբողջ համայնքի:

   Գործող գյուղապետի խոսքերով, ինքն իր գյուղի ծառան է, կանգնած է բոլորի կողքին, բոլորին հավասար ձեռք կմեկնի` համայնքի ցանկացած գործ առաջ գցելու համար: Համախմբված ու միահամուռ ներդնում են իրենց ջանքերը, որպեսզի Նալբանդյանը դառնա հանրապետության լավագույն համայնքը…