Տեսնել ու գնահատել լավը

0
17

Մարդկանց օգտակար լինելու ազնիվ մղումով առաջնորդվել…

Հետևողականություն
       Ֆրունզ Առաքելյանը, Արարատի մարզի Բուրաստան համայնքը /2300 բնակիչ/ ղեկավարելով 1996 թվականից, այս անգամ ևս առաջադրել է թեկնածությունը առաջիկա կիրակի կայանալիք ՏԻՄ ղեկավարի ընտրություններին: Այս առթիվ էլ զրուցեցինք նրա հետ: 
   -Կրկին առաջադրվել եմ,-նշեց պարոն Առաքելյանը,-որովհետև կիսատ շատ գործեր ունեմ: Այսօր արդեն բոլոր նախադրյալները կան ընթացիկ և մյուս գործերը, նախկինի հետ համեմատած, ավելի հեշտ իրականացնելու,. մի խոսքով, ավելի արդյունավետ աշխատելու համար: Առաջին հերթին, պետական աջակցությունն է մեծացել, հսկայական ներդրումներ են կատարվում, բացի այդ, համայնքի ֆինանսական հնարավորություններն են բավականին լավ վիճակում: Ներկայումս մշակույթի տունն ենք վերանորոգում: Մանկապարտեզ ենք կառուցում, ինչն իմ գերագույն նպատակներից մեկն է եղել, և, բնական է, շատ եմ ցանկանում այն ավարտին հասցնել: Այն դեռևս նախակրթարանի կարգավիճակով է գործում, բայց մեր նպատակը 2 խումբ ունենալն է, սննդի ապահովումը: Նշեմ, որ բուժամբուլատորիայի շենքի մի հատվածն ենք առանձնացրել, վերակառուցել մանկապարտեզի համար: Գույքով ամբողջությամբ համալրել ենք, ապահովել ջեռուցմամբ: Մի քանի խնդիր է մնացել, որոնց լուծումով կկարողանանք այն, հավանաբար` տարեվերջին, լիարժեք շահագործման հանձնել: Ամեն ինչ համայնքի միջոցների հաշվին է արվում: Բուժամբուլատորիան շատ լավ պայմաններ ունի, սպասարկում է նաև հարևան գյուղի բնակիչներին: Գյուղը մինչև 1973 թվականը միջնակարգ դպրոց է ունեցել, դպրոց, որ հայտնի է եղել կրթական բարձր մակարդակով: Ներկայումս դպրոց չունենք, և մեր երեխաները Մասիս գյուղի դպրոց են հաճախում: Իմ գլխավոր խնդիրներից մեկն էլ տվյալ խնդրի լուծումն է, այսինքն` դպրոցի կառուցումը: Խմելու ջրի ջրագծերի հետ կապված համապատասխան ծրագիր ունենք: Ջրագծերի մոտ 70 տոկոսը փոխվել է, նորն է անցկացվել, և բնակչությունն այսօր որակյալ ջուր ունի: Որոշ աշխատանք դեռ մնացել է, դա էլ ժամանակի ընթացքում կիրականացնենք:

Ոռոգման ջրի հետ կապված նույնպես համապատասխան ծրագիր ունենք: Պոմպակայանի արտադրողականությունը շատ ցածր է և այսօր չի բավականացնում: Մարզպետի միջնորդությամբ մեկ նոր մեծ պոմպ կվերագործարկվի` վայրկյանում մղելով 250 լ ջուր, ինչը հնարավորություն կտա ոռոգել 280 հեկտար հողատարածք: Հուսանք, որ շուտով ջրի խնդիր չենք ունենա: Մշակույթի տան հիմնանորոգումից հետո կվերականգնենք գյուղի ավանդական մարզակյանքը: Նորից կգործեն ձյուդոյի, սամբոյի խմբակները: Մի քանի տարի շարունակ մենք Բուրաստանի բաց առաջնություն ենք անցկացրել սամբո մարզաձևից, որին մասնակցել են հանրապետության ամենատիտղոսավոր թիմերը, և այստեղ հյուրընկալել ենք միջազգային կարգի մրցավարների: Լավ շախմատիստներ ունենք, շախմատի խումբ ենք բացելու: Անձնական միջոցներիս հաշվին մշակույթի տանն առանձին դահլիճ եմ վերանորոգում` այն թանգարան դարձնելու նպատակ ունեմ: Թանգարանն ընդգրկելու է գյուղի պատմությունը, հիշարժան իրադարձությունները, նրա զավակների արժանահիշատակ գործունեությունը և այլն: Նշանավոր բուրաստանցիներից են գրականագետ Վաչե Պարտիզունին, նախկին նախարար Զորաբեթ Գալստյանը, ում անուններով փողոցներ ենք անվանակոչել: Եթե ընդհանրացնելու լինեմ, ապա պիտի նշեմ, որ այս տարիների ընթացքում մեծաթիվ ծրագրեր ենք կյանքի կոչել, աշխատանքներ իրականացրել, որոնք օգտակար են եղել թե՛ գյուղին, թե՛ հասարակությանը: Միաժամանակ, չենք կարողացել որոշ խնդիրներ ժամանակին լուծել, լիարժեք  բավարարել մեր բնակիչների արդարացի պահանջները: Այդ առումով եղել են և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներ, զգացնել է տվել ֆինանսական միջոցների սղությունը և այլն: Այդ ամենի շտկումը, ինչ խոսք, զուտ ժամանակի խնդիր է, առաջիկա տարիներին կկարողանանք կիսատ մնացած գործերն ավարտել, նոր ծրագրեր իրագործել` ի նպաստ գյուղի առավել զարգացման ու շենացման: Իսկ դա արվելու է նաև ընկերական շրջապատի միջոցով ու օգնությամբ: Մենք, մեր ծնողների արդյունքը լինելուց զատ, նաև ընկերության արդյունք ենք, ընկերության ծնունդ: Շատ ընկերներ ունեմ, որ դպրոցական տարիներից ինձ հետ են: Շատ բան եմ սովորել ընկերներիցս` վարվելակերպի, մարդկանց հետ շփվելու, հարաբերվելու և այլ առումներով: Ընկերներս յուրահատուկ ազդեցություն ունեն ինձ վրա, իհարկե` դրական առումով, ինչը, հավատացած եմ, փոխադարձ է: Ընկերությունը սրբություն է, որը պիտի ջերմությամբ փայփայենք ու կարողանանք պահպանել: Որոշակի  տարաձայնություններով հանդերձ, մեր ընկերությունը ընդհանուր շատ գծեր ունի` համախմբող ուժ, զորություն, միավորելու վճռականություն: Մեծապես գնահատում եմ իմ ընկերությանը, ընկերներս միշտ կողքիս են, ինձնից անբաժան: Ցանկությունս է, որ մեր ընկերական շրջապատը որքան հնարավոր է ընդլայնվի, մեծանա, ինչից մենք միմիայն կհզորանանք: Հանուն ընկերության պիտի պատրաստ լինել նաև զիջումների, զոհողությունների: Ամենակարևոր ձեռքբերումս այն եմ համարում, որ խղճիս ու ժողովրդիս առաջ մաքուր եմ, պատիվ ու հարգանք ունեմ: Բոլորի առաջ դուռս բաց է, միշտ լավ վերաբերմունքի եմ արժանացել, միշտ ջանացել եմ մարդկանց օգտակար լինել: Բոլորին հավասար աչքով եմ նայել: Կուզեմ, որ մարդիկ կարողանան միմյանց ներել, միմյանց մեջ լավը տեսնեն ու գնահատեն…    

SHARE