Տիտանական աշխատանք,

0
15

որը մեր ժողովրդին է վերադարձնում իր անգնահատելի արժեքները…
Միջնադարի հայ մշակույթի երևելի դեմքերից մեկի` Նաղաշ Հովնաթանի ծննդյան 350-ամյակին նվիրված երեկոյին համերգային ծրագիր ներկայացրեց ՀՀ հանրային ռադիոընկերության <<Սայաթ-Նովա>> աշուղական երգի վաստակավոր անսամբլը` ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Թովմաս Պողոսյանի ղեկավարությամբ: Ինչպես գիտենք, Նաղաշ Հովնաթանը պատանի հասակից համատեղել է մշակույթի երկու ոլորտ` նկարչություն և երգ-երաժշտություն /աշուղական արվեստ/: Եղել է պալատական երգիչ և նկարիչ, հրաշալի որմնանկարներ է թողել: 
        Աշուղագիտական կենտրոնը, որը կոչված է մեկտեղելու, ի մի բերելու մեզ հասած հայ աշուղական արվեստի ողջ ժառանգությունը, այն մասնագիտորեն ուսումնասիրում, հրապարակման է ներկայացնում, քարոզում իր հնարավորությունների սահմաններում և այդ հոգևոր հարստությունը, ժողովրդին վերադարձնելով, մեկընդմիշտ հանձնում նրան` որպես սեփականություն: Մասնավորապես, հիշյալ երեկոյին հանդիսատեսին առաջին անգամ ներկայացվեցին Նաղաշ Հովնաթանի 8 երգեր:
Դրանում, պիտի ընդունել, մեծ է Թովմաս Պողոսյանի ներդրումը, նրա շնորհիվ այդ ուղղությամբ հսկայական աշխատանք է տարվել: Աշխատանք, որ անխոնջ ու նվիրական ջանքերով շարունակվում է: Մենք ականատեսն ու վկան ենք այնպիսի սխրանքի, որի կայացումը մեր աչքերի առաջ է: Երգարվեստի ասպարեզում երաժշտության վերականգնողական աշխատանքն ամենածանր, դժվարությամբ գլուխ եկող երևույթներից մեկն է: Ներկա լինելով այդ երեկոյին, զգացինք ու ապրեցինք Նաղաշ Հովնաթանի երգերի նորօրյա վերածնունդը, ինչում պարտական ենք պրոֆեսոր Թովմաս Պողոսյանին: Վերջինս, գիտական մեծ աշխատանք կատարելով, վերականգնել է միջնադարի մեր նվիրյալ գործչի երգերի մեղեդիները: Վերականգնողական աշխատանքում չի կարելի գերագնահատել խոսքի դերը, որտեղ իրավամբ ամբարված է մեղեդին: Եվ այդ մեղեդիները, խոսքից դուրս բերելով, ուսումնասիրելով ոճական բազում առանձնահատկություններ և պատառիկներ այն երգերից, որոնք մեր ձեռքի տակ են, արդյունքում ստացել ենք լիարժեք գործեր, տեսնում ենք Նաղաշ Հովնաթանին` որպես աշուղների հովանավոր, նրանց կապող օղակ: Այս աշխատանքն իրոք բացառիկ ոգեշնչում է պահանջում, ինչը բնորոշ է Թովմաս Պողոսյան գիտնականին ու արվեստագետին: 
    Կարելի է պատկերացնել, թե ինչպիսի ստեղծագործող է եղել Նաղաշ Հովնաթանը, որ հավասարազոր աշխատել է և երաժշտության, և բանաստեղծության, և հատկապես նկարչության ասպարեզներում: Նա ճանաչվել է իբրև նկարիչ և իր ստեղծագործություններով այսօր էլ առանձնակի հետաքրքրություն է առաջացնում: Էջմիածնի մայր տաճարի որմնանկարչությունը նրա ստեղծագործություններից է: Եկեղեցում օրհնության երգերի հետ դրանք մի ամբողջություն են կազմում և աստվածային երանության պահեր պարգևում: Նաղաշ Հովնաթանի շնորհիվ մեր նկարչությունը միջազգային ասպարեզ է բարձրացվել…
SHARE