Տիրոջ, ընկերոջ սրտացավությամբ…

0
20
Ժառանգականություն

   <<Արարատի մարզի Վանաշեն համայնքը ղեկավարում եմ 2012 թ. աշնանից,- ասաց համայնքապետ Արտաշես Գրիգորյանը:- Մինչ այդ հայրս` Խաչիկ Գրիգորյանն էր ղեկավարում համայնքը: Ես եկել եմ շարունակելու հորս գործը, ինչը կրկնակի պարտավորեցնող է, պետք է ամեն ինչ անեմ, որպեսզի հորս անունն ու պատիվը միշտ բարձր պահեմ: Նպատակը մեկն է, որ համագյուղացիների համար արվի առավելագույնը, որ ոչ մի դժգոհ մարդ չլինի: Պատմություն է կերտվում մեր աչքի առաջ, և այդ պատմության մեջ Վանաշենն իր ղեկավարներով միանշանակ մնալու է: Կուզենամ, որ կերտվող այդ պատմության մեջ հորս անունը ոսկե տառերով գրվի` շնորհիվ նաև իմ գործերի: Հայրս 1996-ից է ղեկավարել, երբ երկրի առջև շատ ծանր խնդիրներ էին ծառացել: Բայց… Մեկ տարի անց ողջ համայնքը բնական գազով է ապահովվել: Հովհարային անջատումներն արդեն դադարեցվեցին, անգամ ցերեկային լույսերն էին վառվում և այլն: Կառավարությունը շատ է օգնել մեր համայնքին: 86 մլն դրամ ներդրումով մանկապարտեզն է վերանորոգվել, մի մասը մեր բյուջեի սուղ միջոցներից է հատկացվել: 70 երեխա ունեինք հաճախող, արդեն 98-ն ունենք. մեկ խումբ ես եմ ավելացրել: Միայն գույքի խնդիրն էր մնացել, այն էլ այսօր արդեն լուծում ենք: Մարզպետարանի օգնությամբ, նաև մեր միջոցներով սկսել ենք գույքն ամբողջությամբ նորացնել: Երեխաների պաշտպանության միջազգային օրը` հունիսի 1-ը, մանկապարտեզի սաները դիմավորեցին ամբողջովին նորացված գույքով, շատ մեծ միջոցառում ենք այդ օրն անցկացրել: Մեր դպրոցը շատ լավ վիճակում է:

Վերանորոգված է տանիքը, ունի լոկալ ջեռուցման համակարգ, միայն պատուհանների խնդիր կա, դա էլ աստիճանաբար լուծում ենք: Կրթօջախը շատ խելացի, դաստիարակված սերունդ է տալիս: <<Կենգուրու>> միջազգային մրցույթում առաջին տեղը մեր դպրոցի սանն է գրավել: Մշակույթի տան մի մասն է վերանորոգվել, ինչը հայրիկիցս եմ ժառանգել, մյուս հատվածը ես եմ ուզում վերանորոգել: Ոռոգման ջրի հետ կապված խնդիրներ շատ ունենք: Մարզպետի աջակցությամբ ընդգրկվել ենք համապատասխան ծրագրում, տվյակ խնդիրը բարելավելու նպատակով մոտ 5 կմ նոր ջրագիծ ենք կառուցելու: Ունենք խաղահրապարակը վերանորոգելու այլ ծրագիր, սակայն եկանք այն համոզման, որ այսօր ջրագծի կառուցումն ավելի կարևոր է, ուստի այդ գումարն ուղղելու ենք ջրագծի կառուցմանը: Գումարից մի քիչ էլ մանկապարտեզին ենք հատկացնելու, որովհետև երեխաները շատացել են, նոր դիմումներ ունենք, պիտի կարողանանք բոլոր ցանկացողներին տեղավորել: Շենքը տիպային է, երկու մասնաշենքը վերանորոգել ենք, մյուս մեկի վերանորոգման հարցում խոստացել է օգնել մեր մարզպետը: Մեզ շատ է օգնում ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանը. ինչ հարցով դիմելիս լինենք, արձագանքը չի ուշանա: Ես դպրոցի խորհրդի նախագահն եմ: Դպրոցը խորհրդային տարիներից չուներ քիմիայի և ֆիզիկայի լաբորատորիաներ: Խնդրել եմ պարոն Գրիգորյանին` օգնելու մեզ այդ հարցում: Եվ ահա, մի քանի օր առաջ ստացել ենք քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն և  աշխարհագրություն առարկաների լաբորատորիաների նյութեր: Մեր գյուղից է ԱԺ նախկին պատգամավոր Մանվել  Ղազարյանը, ում ևս ինչ հարցով դիմել ենք` ընդառաջել է: Մյուս պատգամավորը նույնպես` Գրիգոր Գրիգորյանը, պատրաստակամ է շարունակելու մեզ ցուցաբերած աջակցությունը: Նրանց հետ հարաբերությունները գնալով էլ ավելի սերտանում են, դառնում ընկերական: Ցանկացած դժվարության դեպքում ապավինում ենք նրանց հովանավորությանը: Առաջնահերթ աշխատում ենք գյուղի, գյուղացու համար` չխնայելով ոչինչ… Վանաշենի խմելու ջուրը Գառնիինն է, ունենք ջրահեռացման համակարգ: Գյուղը երկու մասի է բաժանված. մի օր մի հատվածն է ջուր ստանում, մի այլ օր` մյուս հատվածը: Մենք շատ դժգոհ ենք <<Հայջրմուղկոյուղու>> սպասարկումից, քանի որ սպասարկման որակը ցածր է: Վերջերս ավագանու նիստի որոշմամբ ջրահեռացումը վերցրել ենք մեզ վրա, որպեսզի ինքներս սպասարկենք: <<Հայջրմուղկոյուղին>> ոչ մի լումայի ներդրում չի արել, պարտավոր են, ուղղակի, գոնե բարեկարգում անել, ինչը չեն անում: Այս հարցը փոխվարչապետ Արմեն Գևորգյանի մոտ էլ եմ բարձրացրել, խոստացել են, որ օգնեն խմելու ջրի համակարգի բարելավման հարցում: Ջրագծերը շատ հին են և անցանկալի հետևանքների առաջ են մեզ հաճախ կանգնեցնում: Որքան էլ համայնքի միջոցներով աշխատանք տարվի, միևնույն է, այդ կերպ չենք կարողանա ցանկալի արդյունքի հասնել, քանի որ մեծ ծախսեր են պահանջվում: Ամենագլոբալ խնդիրը խմելու ջրի քայքայված ջրագծերին է առնչվում: Մտահոգող է նաև այն, որ բերքի իրացումն ու մթերումը մնում են  դեռևս չկանոնակարգված: Մեր մարզպետի շնորհիվ խաղողի գինը բարձրացավ և մթերումը կարգավորվեց: Պտուղ-բանջարեղենինը շարունակում է մտահոգել: Ամբողջ գյուղը վարկերի տակ է, պիտի կարողանա գյուղացին ադ բեռից բարեհաջող ազատվել: Որքան գյուղացին լավ ապրի, այնքան գյուղի բարեկեցության աստիճանը  կբարձրանա: Այս տարի ծիրանի այգիները ցրտահարվեցին, դիմել ենք մարզպետարան` հուսալով, որ ինչ-որ կերպ կօգնեն մեզ: 2654 բնակիչ ունենք, հիմնականում խաղողագործությունն է մեզանում զարգացած: 416 հեկտարից 136-ը խաղողի այգի է, և գնալով ավելանում է: Մարզպետը ընկերոջ սրտացավությամբ է վերաբերվում գյուղացուն>>:      
     Խոսելով ընկերության մասին, Արտաշես Գրիգորյանն ասաց, որ ընկերությունը մեկ բառով չի լինի բացատրել. <<Ընկերություն հասկացողությունը մեծ գաղափար է: Ամեն ինչի նորն է լավ, ընկերոջ` հինը: Ունեմ ընկերական մեծ շրջապատ: Ընկերությունը կապում է մաքրությունը: Մաքրության շնորհիվ է նաև, որ պահպանվում է ընկերությունը: Ես շատ ընկերասեր եմ, ընկերությունով ապրող մարդ: Եթե մարդն ընկեր չունի, ապա նա ոչինչ է: Երեք եղբայր ունեմ, բայց բաներ կան, որ իրենց հետ չեմ կիսվում, ընկերների հետ եմ կիսվում, շատ բաներ միայն ընկերներով ենք անում: Ուրախության պահին բոլորն էլ կողքիդ կլինեն, կարևորը` թույլ չտաս ընկերդ նեղության մեջ հայտնվի, որ հետո էլ կողքին կանգնես: Պահեր են լինում, որ մեզանից կախված չէ, և պետք է նեղ պահին ընկերոջդ կողքին լինես: Ընկերոջս համար կյանքս էլ չեմ խնայի: Ընկերասիրությունը հոգու խորքից է գալիս: Ընկերներով շատ լավ ավանդույթ ենք ձևավորել արդեն 20 տարի: Մարտի 8-ին գնում ենք ձնծաղիկ հավաքելու` մեր մայրերի, քույրերի, կանանց ու աղջիկների համար: Ես ծաղիկներ շատ եմ սիրում: Ընկերություն եմ անում մարզի գյուղապետերի հետ: Միշտ միմյանց հետ խորհրդակցում ենք, և արդյունքը, կարելի է ասել, տեսանելի է բոլորին: Շատ ջերմ հարաբերությունների մեջ ենք: Որպես համայնքի ղեկավար, պետք է հոգատար լինես գյուղացու նկատմամբ, իսկ եթե նրան մտահոգող խնդրի լուծումն ուժերիցդ վեր է, ապա պիտի ջանաս նրան ճիշտ ճանապարհը ցույց տալ: Երբեմն անհնարինի դեպքում էլ դիմում եմ ամենուր, որպեսզի գյուղացու խնդիրը լուծելի դառնա: Եվ բոլոր հարցերով էլ օգնում ենք, ձեռք մեկնում, որպեսզի մեր գյուղացին, մեր բնակիչն իրեն մենակ չզգա, դժվարին, ծանր պահերին հոգսակից ու կարեկից ունենա…>>:
SHARE