ՏՂԱՄԱՐԴՈՒ ԷՐԵԿՏԻԼ ԴԻՍՖՈՒՆԿՑԻԱ

0
127

     Սեռական առողջությունը մարդու ընդհանուր առողջության մի մասն է, որից մեծապես կախված է կյանքի որակը: Սեռապես  առողջ անհատն ունակ է վարելու բովանդակալից և հարուստ կյանք, քանի որ բարձր է նրա հուղզական  դրսևորման աստիճանը: Այս անգամ <<Նյու – Մեդ>> կլինիկայի սեքսոպաթոլոգ Արամ Բարսեղյանի հետ զրույցը վերաբերում է տղամարդու էրեկտիլ դիսֆունկցիային:
Էրեկցիայի  հետ կապված դժվարությունները տղամարդկանց բոլոր տարիքային խմբերում հաճախ հանդիպող գանգատներից են: Սեռականության դրսևորման ոչ մի խանգարում տղամարդուն այնքան մեծ անհանգստություն չի պատճառում, որքան էրեկցիայի հետ կապված խնդիրները: Եթե տղամարդը չի կարողանում հասնել էրեկցիայի   կամ պահպանել այն նրան պաշարում է ամոթի և վախի զգացումը, և նա կարող է դադարել իրեն տղամարդ զգալուց: էրեկտիլ դիսֆունկցիան (իմպոտենցիա) սեռականգրգռման պարբերաբար կրկնվող կամ մշտական արգելակումն է սեռական գործողության ընթացքում, որը դրսևորվում է էրեկցիայի առաջացման կամ մինչև սեռական հարաբերության ավարտը պահպանման մաս¬նակի կամ լրիվ անկարողությամբ: Դա այնպիսի խանգարում է, որը հնարավոր չէ քողարկել: Այն մտահոգություն է պատճառում նույնիսկ այն դեպքերում, որոնք  անխուսափելի են ցանկացած տղամարդու կյանքում:   
– Ո՞ր տարիքում է առավել հաճախ հանդիպում Էրեկտիլ դիսֆունկցիան: 
– էրեկտիլ դիսֆունկցիան հանդիպում է տարբեր տարիքի տղամարդկանց մոտ սկսած 16-17 տարեկանից մինչև 60-70 տարեկան: Սակայն այն առավել հաճախ է հանդիպում միջինից բարձր տարիքի տղամարդկանց մոտ: Երիտասարդ տարիներից հետո տղամարդու սեռական հակման ուժգնությունը աստիճանաբար նվազում է: Այս տարիքում առաջացած էրեկցիայի խանգարումները հիմնականում օրգանական բնույթ ունեն և նրանց մոտ ի հայտ եկած էրեկտիլ դիսֆունկցիան հիմնականում դժվար է բուժվում:
– Ինչո՞վ է պայմանավորված երիտասարդների մոտ հանդիպող էրեկտիլ դիսֆունկցիան:
– էրեկցիայի հետ կապված, ընդհանրապես սեքսուալ խնդիրները երիտասարդների մոտ կրում է ավելի շատ հոգեբանական բնույթ: Այսինքն դա հանդիպում է այն երիտասարդների մոտ, որոնք ունեն որոշակի հոգեբանական բարդույթներ: Թեթև դեպքերում բժշկի հետ խորհրդակցությունը կարող է խնդրի մեկընդմիշտ լուծում հանդիսանալ:
– Կա՞ն արդյոք հիվանդություններ կամ դեղօրայք, որոնք կարող են նպաստել նշված բարդույթի առաջացմանը:
– Իհարկե կան: Օրինակ` երիտասարդները նման խնդրի են հանդիպում նաև, երբ հիվանդանում են տարբեր սեռավարակներով` սեռական ճանապարհով փոխանցված հիվանդություններով կամ բորբոքային հիվանդություններով: Ինչպես նաև շաքարախտով հիվանդների մոտ էրեկտիլ դիսֆունկցիայի առաջացման հավանականությունը մեծ է: Հնարավոր է նաև, որ հիվանդությունը դեռևս արտահայտված չլինի, սակայն արդեն առկա է էրեկտիլ դիսֆունկցիան: Աթերոսկլերոզը նույնպես կարող է հանդիսանալ էրեկցիայի խանգարման պատճառ: Նշեմ նաեւ, որ տղամարդու մեծ փորը նրա ամենամեծ թշնամին է: Մեծ փորի առկայության դեպքում իջնում է տղամարդու սեռական հորմոնի քանակը, դրա փոխարեն նրա մոտ նկատվում է կանացի սեռական հորմոնների աճ: էլ չեմ ասում վահանագեղձի խանգարումների, սրտային, հիպերտոնիկ հիվանդությունների մասին, որոնք նույնպես կարող են էրեկտիլ դիսֆունկցիայի պատճատ դառնալ:
– Կարո՞ղ է արդյոք ալկոհոլը, ծխախոտը համարվել էրեկտիլ դիսֆունկցիայի առաջացման նախապայման:
–  Այո’, ալկոհոլն ու ծխախոտը նույնպես կարող են հանգեցնել էրեկցիայի խանգարման: Քիչ քանակությամբ ալկոհոլը գրգռում է սեռական ցանկությունները, սակայն դրա չարաշահումը կարող է հանգեցնել հիվանդագին իմպոտենցիայի` արական սեռական հորմոնների անկման: Ուստի այն պետք է օգտագործել չափավոր քանակությամբ: Ընդհանրապես խորհուրդ է տրվում քիչ ծխել, քիչ խմել, զբաղվել սպորտով, մի խոսքով ունենալ առողջ ապրելակերպ:
– Ի՞նչ մեթոդներով է հնարավոր բուժել էրեկտիլ դիսֆունկցիան և արդյո՞ք բուժումը կտա ցանկալի արդյունք:
– Բուժման մեթոդները տարբեր են: Նախ պետք է հետազոտել և ճշտել, թե տվյալ հիվանդի մոտ էրեկցիայի խանգարումը ինչ խնդիրներից է առաջացել, այնուհետև իրականացնել բուժումը: Դրանք հիմնականում համալիր բուժումներ են, այսինքն, բացի ղեղորայքային մեթոդից, օգտագործվում է նաև հոգե¬բանական խորհրդատվություն: Այս խնդրի լուծման գործում մեծ է հոգեբանական ագդեցության արդյունավետությունը: Եթե վերը նշված բուժումը չի տալիս ցանկալի արդյունք, ապա կիրառվում է վիրահատական մեթոդը: Սակայն այդ մեթոդն օգտագործվում է միայն ծայրահեղ դեպքերում: Վիրահատության ժամանակ օրգանում պրոթեզներ են դրվում: Դրանք կոչվում են ֆալլո պրոթեզներ: Պրոթեզները լինում են տարբեր տեսակի` արհեստական և հնարավորինս բնականին մոտեցված: Էրեկտիլ դիսֆունկցիա ունենալու դեպքում տղամարդկանց խորհուրդ եմ տալիս անպայման դիմել բժշկի: Պետք չէ տարիներով   տառապել հիվանդությամբ: Այժմ գործածվող բուժման  մեթոդները խնդրի լիարժեք  լուծման հնարավորություն են տալիս: Ուստի դիմելու դեպքում տղամարդիկ նորից կվերագտնեն իրենց, ձեռք կբերեն ինքնավստահություն և ամենակարևորը`   կրկին առողջ կլինեն:
SHARE