Տոնդ շնորհավոր, Նորք-Մարաշ

0
48

Քո միասնական ու համախմբված ժողովրդի հետ, ջերմ ու հոգեհարազատ մարդկանցով…

ԾննդավայրVarazdat Mkrtchyan

  Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանն այսօր դարձել է էլ ավելի բարեկարգ ու գեղեցիկ: Իսկ սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին ոչ միայն ուխտատեղի է, այլև բնակիչների համար սիրելի, նվիրական վայր: Նորք-Մարաշն, առհասարակ, բոլոր առումներով է աչքի ընկնում, ինչը, բնականաբար, վարչական շրջանի ղեկավարության համառ ու հետևողական աշխատանքի, քրտնաջան ջանքերի արդյունք է…

  Վարչական շրջանի ղեկավար Վարազդատ Մկրտչյանի հետ հանդիպումը հաճելի էր հատկապես այն հանգամանքը հաշվի առնելով, որ այն կայացավ Նորք-Մարաշի տոնին` սեպտեմբերի 27-ին, եկեղեցու բակում: Առաջ ընկնելով ասենք, որ պարոն Մկրտչյանը մեծ ավանդ ունի Նորք-Մարաշը ժամանակակից բարեկարգ տեսքի բերելու, մարդկանց կենսագործունեության պայմանները հնարավորինս բարելավելու և եղած բարի ավանդույթները պահել-պահպանելու, նոր ուժով շարունակելու գնահատելի գործում:

  -Նորքեցիները,- ասաց շրջանի ղեկավարը,- Երևանի հին բնակիչներ են, բոլորն էլ ճանաչում են միմյանց, հարազատներ, բարեկամներ, ընկերներ են: Շնորհակալ եմ իմ ժողովրդից, որ գիտակցում է` Նորքը իր տունն է, և այն պահում է այնպես մաքուր, ինչպես սեփական տունն ու օջախը: Այդպես էլ, հավատացած եմ, շարունակվելու է: Քանի որ մենք համապատասխան տարածք չունենք, ուստի եկեղեցու բակում ոչ միայն ծիսական տոնակատարություններ ենք անցկացնում, այլև այն ծառայեցնում որպես հավաքատեղի և հանգստի գոտի: Եկեղեցու տարածքում ունենք դպրատուն, բեմ, մատաղատուն, երիտասարդների հավաքատեղի: Բակը ծաղկապատել ու կանաչապատել ենք, ինչին ժողովուրդը խնամքով է վերաբերվում: Ընդհանուր առմամբ, բնակչության վերաբերմունքի, մտածողության մեջ այդ և շատ այլ առումներով մեծ փոփոխություն եմ նկատում: Իհարկե, լավ իմաստով: Ճանապարհները բարեկարգ ու ասֆալտապատ են, ինչը թե՛ մեր, թե՛ քաղաքապետարանի աջակցության շնորհիվ է: Նորքի ոչ հեռու անցյալի ու ներկայի միջև դրական մեծ տեղաշարժ կա: Շատ քիչ ենք այսօր տարբերվում ժամանակակից քաղաքային բնակավայրից: Քանի որ մեր տարածքը որոշակի թեքություն ունի, ուստի իմ ղեկավարման տարիներին մեծ ուշադրություն եմ դարձրել հատկապես ձյան մաքրման աշխատանքների կազմակերպմանը, որպեսզի ձյունը չսառչի և միշտ ճանապարհներն անցանելի լինեն: Արդեն 6-րդ տարին ենք նշում Նորք-Մարաշի տոնը: Հին Մարաշի տոնը բերել, միացրել ենք նորին: Հին մարաշեցիները խաչքար են տեղադրել եկեղեցու բակում, ինչը յուրօրինակ խորհրդանիշ է նրանց և նոր մարաշեցիների միասնության: Տոնն ամենամյա է, սեպտեմբերի վերջին շաբաթը: Այստեղ և՛ ընկերություն, և՛ բարեկամություն կա: Ամեն լավ բան, կարելի է ասել, այս տոնի միջոցով շաղկապվում է իրար: Տոնում ենք մեր միասնականությունը, համերաշխությունը, երգ-երաժշտությամբ, բարձր տրամադրությամբ: Վերջում մատաղ ենք անում, որ դրանով օրհնվի ու օծվի տոնը: Շատ ուրախ եմ, որ մարաշեցիները հաշտ ու համերաշխ ապրում են միասին, իրար ձեռք են մեկնում, իրար թև ու թիկունք լինում: Շնորհակալ եմ բոլոր բնակիչներից, որ իրենց դիմագիծը չեն կորցրել, հավատարիմ են իրենց ավանդույթներին…watermarked_Norq-Marash

  Այսպիսի կոլորիտ, մթնոլորտ ձևավորելուց, լավ ղեկավար լինելուց զատ, իհարկե, պետք է լավ ընկեր լինել, ինչը շատ բնութագրական է Վարազդատ Մկրտչյանին: Ընկերասեր ու մարդասեր է, կանգնած է ընկերոջ կողքին: Եվ ոչ միայն: Ավագ ընկերոջ իրավունքով երիտասարդների աջակիցն է: Նեղության մեջ հայտնվածին ոտքի կհանի, կլինի նրան հենարան ու աջակից: Առաջին հերթին թույլի, կարիքավորի կողքին է, ինչը վկայեցին տոնակատարության մասնակից շատ մարդիկ:

  <<Վարազդատ Մկրտչյանի հետ իմ ընկերությունն սկսվել է համատեղ աշխատանքի ընթացքում: Նրա կողմից միայն հոգատարություն եմ նկատել ոչ միայն ընկերների, այլև իր ողջ շրջապատի, համայնքի բնակիչների նկատմամբ: Անգամ շատ դժվարին, անհնարին թվացող իրավիճակներում նա ջանացել է օգտակար լինել իր բնակիչներին: Առհասարակ, անփոխարինելի ընկեր է, ամեն հարցում` օգնական, լավ խորհրդատու: Մեր` համատեղ աշխատանքում ստեղծված մտերմությունը հետագայում վերածվեց ամուր ընկերության: Համոզված եմ, բոլորի համար էլ շատ թանկ ու հարազատ է նրա հետ ընկերություն անելը: Յուրահատուկ թասիբի տեր անձնավորություն է Մկրտչյանը: Հպարտ ու ուրախ եմ նրա հետ իմ ընկերությամբ>>,- ասաց Կենտրոն, Նորք-Մարաշ դատարանի նախկին նախագահ Ժորա Վարդանյանը:

  Նորք-Մարաշի վետերանների խորհրդի նախագահ Աիդա Զաքարյանը նշեց, որ այսօր իրենց շարքում նորքեցիներ կան, որ 7 հազար տարվա ծագում, պատմություն ունեն: Նորքեցիները Երևան քաղաքի հիմնադիրներն են եղել: Ժայռաբեկորների վրա այգիներ են հիմնել, բնակելի տարածքներ ստեղծել, և այդպես Նորքը հայտնի է դարձել Աբովյանի, Չարենցի և մեր շատ գրողների երկերում. <<Երևան քաղաքում այսպիսի հարմար ու գեղատեսիլ վայր չկա: Պարոն Մկրտչյանը, ժամանակին աշխատելով երջանկահիշատակ Արմենակ Արմենակյանի հետ, նրանից շատ բան է ընդօրինակել և լավագույնս է կատարում ժառանգորդի դերն ու պարտականությունները: Բոլորս նրան շատ սիրում ենք, քանի որ բոլոր լավ ավանդույթները հավատարմորեն պահում-պահպանում է, սրբորեն շարունակում: Շատ մեծ թասիբ ունի…>>:

   Ընկերներից գործարար Ռուբեն Սահակյանի խոսքով, Վարազդատ Մկրտչյանն այն մարդն է, ում մասին դժվար թե գտնվի մեկը, որ վատ կամ անբարյացակամ արտահայտվի: Շատ բարի, վերին աստիճանի կամեցող անձնավորություն է. <<Ընկերական շրջապատում, սեղանի շուրջ, կատակով ասում ենք, որ նրան որպես մականուն շատ կսազեր Ցանկացող կամ Կամեցող մակդիրը: Մեծ հոգու տեր է, սիրում է կյանքը, արտակարգ բնավորություն ունի: Բոլորս նրանով հպարտանում ենք: 15 տարվա ընկերներ ենք: Գնալով ավելի ենք մտերմանում: Ընկերությունը վերածվել է բարեկամության` որդուս քավորն է: Շատ ուշադիր ընկեր է: Աստված չանի` մեկի մատը փուշ մտնի, գիշերվա որ ժամն էլ լինի` կհասնի: Երջանիկ է այն մարդը, ով Վարազդատի պես ընկեր ունի…>>:

   Իհարկե, ինչ տոնակատարություն` առանց տարածքից ԱԺ պատգամավոր ընտրված Գարեգին Նուշիկյանի, ով, բնակիչների խոսքերով, իրենց պաշտպանն ու հովանավորն է, իրենց շահերի արտահայտողը: Պարոն Նուշիկյանը ևս ոգևորված էր այս տոնով և մեզ հետ զրույցում անկեղծացավ. <<Նորք-Մարաշը շատ ավանդույթներով համայնք է, և այսօրվա միջոցառումը շրջանի ղեկավար Վարազդատ Մկրտչյանի շնորհիվ է: Այստեղ մարդիկ շատ համախմբված են, իրար նկատմամբ` շատ ջերմ ու սրտացավ: Երևանում այսպիսի համայնք դժվար թե գտնվի: Ես դա անմիջականորեն կապում եմ շրջանի ղեկավարության և անձամբ պարոն Մկրտչյանի աշխատանքի հետ: Շատ ուշադիր ընկեր է, լավ մարդ, բարի ու սրտացավ, բոլորին հասնող, կամեցող: Իր շրջանի հոգսերով, խնդիրներով մշտապես մտահոգ: Շատ կուզեի, որ մեր մյուս շրջանների ղեկավարները ևս նրա նման լինեին, ունենային նման հարգանք, կատարեին նման աշխատանք: Ասածս չի նշանակում, թե այլ շրջաններում ոչինչ չի արվում, ուղղակի, այդ ամեն ինչը մի փոքր այլ կերպ է: Թեկուզ, այս եկեղեցու օրինակով վերցնենք. նրա տարածքը դարձրել է հոգևոր կենտրոն, որտեղ զանազան միջոցառումներ են անցկացվում: Այստեղ մթնոլորտը մի տեսակ ընտանեկան, ավելի հարազատական է: Մարդիկ շատ ավելի ջերմ, հարգալից են միմյանց նկատմամբ: Քաղաքի ջերմությունը, մարդկային հարաբերությունները, մտերմությունը, որ նախկինում տեսել եմ, այստեղ, բարեբախտաբար, պահպանվել են: Վարազդատ Մկրտչյանի հետ ընկերական շատ ջերմ հարաբերությունների մեջ ենք, ինչը միմիայն ուրախացնում է ինձ: Թե՛ իր բնակիչների, թե՛ ընկերների հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք ունի, ջերմ մոտեցում ու հոգատարություն: Շատ ուրախ եմ, որ հնարավորություն ընձեռվեց ավելի մոտիկից ճանաչելու Վարազդատ Մկրտչյանին և ընկերություն անելու նրա հետ…>>:

  Բնակիչներից միաբերան գոհունակության ու հիացմունքի խոսքեր լսեցինք շրջանի ղեկավարի հասցեին` արտակարգ մարդ ու ղեկավար, լավ ընկեր, հավատարիմ բարեկամ… Նաև շնորհակալության, երախտագիտության անկեղծ հավաստիացումներ` այն բանի համար, որ բնակչի հանդեպ շատ մարդկային է, համեստ է, նվիրյալ:

  Վարազդատ Մկրտչյանի հետ, անշուշտ, չէինք կարող չզրուցել նաև ընկերության թեմայի շուրջ: Նրան հոգեհարազատ զգացում է. <<Ինքս նվիրված եմ ընկերությանը: Եթե մարդ ուզում է, որ իրեն սիրեն ու հարգեն, պիտի դիմացինին անպայման բարություն, լավություն անի: Հնարավորություններիս սահմաններում կարողանում եմ մարդկանց ձեռք մեկնել, օգնել, ինչը շատ-շատերի համար լավ օրինակ է ծառայում: Մենք լավ ժողովուրդ ունենք, լավ մարդիկ, որ իրար մեջքի կանգնած են: Մարդիկ իրար բարին են կամենում: Ես իմ հերթին պատրաստ կանգնած եմ բոլոր այդպիսի լավ գործերում ու ձեռնարկումներում: Նորքեցի եմ, բոլորին լավ գիտեմ: Մեր բնակիչները թեև նյութապես այդքան էլ ապահովված չեն, բայց հոգևոր և բարոյական առումներով շատ բարձր մակարդակի վրա են… Առիթից օգտվելով, ուզում եմ այս տոնական, հրաշալի օրը <<Ընկեր>>թերթի հնգամյա տարեդարձը շնորհավորել: Ցանկանում եմ, որ թերթի հնարավորություններն էլ ավելի ընդլայնվեն, ձեզ կանաչ ճանապարհ եմ մաղթում: Արդյունավետ, ազգանպաստ գործունեություն, հրաշալի ու պայծառ հոբելյաններ… Առանց ընկերության ոչինչ հնարավոր չէ: Ընկերությունն ու կեղծիքը, շահամոլությունը, նյութապաշտությունն անհամատեղելի են: Այսօր բոլորը դատում են: Պիտի չդատես, որ հետո չդատվես: Դիմացինի նկատմամբ պիտի լավ տրամադրվել, լավը կամենալ, ուրախանալ նրա հաջողություններով: Որքան էլ վիճակը մտահոգող լինի, այնուամենայնիվ, պիտի լավատեսությունը չկորցնել, հուսահատության գիրկը չընկնել: Հավատանք, որ սա էլ կանցնի, որ լավ օրեր, լավ ժամանակներ են մեզ սպասում: Եղած լավը պիտի տեսնել, արվածը գնահատել: Իմ ժողովրդից, իմ բնակչից գոհ ու շնորհակալ եմ…>>:

Ռուզաննա ՄԱՆՈՒԿՅԱՆ