Տոն, որ միշտ մեզ հետ է…

0
25

  Արամայիս Մարտիրոսյանին պատվել էր նաև Սահակ Սիմոնյանը, ով Սանկտ-Պետերբուրգից ընտանիքով եկել էր Հայաստան:
   -Ընկերոջս ծնունդն է,- հուզմունքով ասաց նա:- Ընտանիքով եմ եկել` մասնակցելու այդ ուրախությանը, միասին կիսելու ընկերական այս մեծ տոնը: Հատկապես ուրախ եմ, որ այն նշում ենք հայրենիքում: 1993-ից Սանկտ-Պետերբուրգում եմ ապրում, այնտեղ իմ բիզնեսն ունեմ: Շատ ընկերներ ունեի, հիմա արդեն քիչ են մնացել: Այն տարիքում ենք, որ ընկերության հարցում սխալվելու իրավունք չունենք: Նոր ընկեր ճարելն արդեն մի քիչ դժվար է, իսկ հինն էլ պահել-պահպանել է պետք, ինչի արդյունքը Արամայիսն է: 
  Ընկերոջ վառ օրինակ: Ուրիշ մարդ է: Իր կյանքում առաջինը ընկերությունն է: Սովորաբար, առաջինը ընդունված է համարել ընտանիքը, բայց նա ընկերությամբ է ապրում: Ֆանատիկ ընկեր է: Ուրախ եմ, որ մենք միասին ենք, իրար կողքի: Արդեն 14 տարի ընկերություն ենք անում ընտանիքներով: Այս  ընկերության հիմքը մեր հայացքների ընդհանրությունն է, կյանքի նկատմամբ մոտեցումը, ճիշտ ապրելակերպը, ընկերական պահվածքը: Արամայիսն ընկերոջ այն տեսակն է, որ երբեք ոչ մի պարագայում ընկերոջը չի լքի: Միշտ ընկերոջ կողքին է` թե՛ ուրախության, թե՛ տխրության պահերին: Այդպես` ամբողջ կյանքում, մշտապես: 

  Համեստությունը միշտ գեղեցկացնում է մարդուն, ընկերության մեջ ես նախընտրել եմ համեստ մնալ, ինչ-որ բաներ անտեսել, քանի որ դիմացինը ընկերդ է: Շատ կարևոր է ընկերական շրջապատում մարդու պահվածքը, ինչով և հարգվում է, սիրվում: Ընկերության մեջ և, առհասարակ, կյանքում կարևոր նշանակություն եմ տալիս այն բանին, որ մարդը լսելու և ընկալելու հատկություն ունենա: Այսինքն, մարդուն պետք է մինչև վերջ լսել, հասկանալ, ընկալել, ապա պատասխանել ինչ-որ կերպ: Շատ հարցերում վիճել ենք, հետաքրքրող թեմայի շուրջ բանավիճել, բայց միշտ եկել ենք ընդհանուր հայտարարի: Մեր ընկերությունը շարունակվում է մեր հայացքների ընդհանրության հիմքի վրա: Այո, ես պարտավոր էի գալ և ընկերոջս կողքին լինել… 
  Արամայիսի հետ ընդհանուր բիզնես չունենք: Նա մեծ լումա ունի, որ Մարալիկի բամբակամանվածքային ֆաբրիկան այսօր աշխատում է, աշխատատեղեր է ապահովում: Նաև նրա շնորհիվ է: Ես այդ ֆաբրիկայի 50 տոկոս բաժնետերն եմ: Առաջին օգնությունն այդ հարցում նրանից եմ ստացել: Նա է օգնել, որ վճարեմ անհրաժեշտ գումարը: Այդ արարքը մեծապես գնահատում եմ: Ասել եմ այդ մասին և միշտ կասեմ: Ներդրում ունի` որպես ընկեր, ոգևորել է ինձ, սատար կանգնել: Օգնել է նաև վարկ ստանալիս: Այսօր ֆաբրիկան, փառք Աստծո, աշխատում է, ՊՆ-ի, ոստիկանության, գաղութների վարչության պատվերներն է կատարում: Արամայիսը թե՛ բարոյապես, թե՛ ֆինանսապես աջակցել է ինձ, որ հայրենիքում այսօր բիզնես ունենամ: Ֆաբրիկայից ոչ այնքան ֆինանսական, որքան բարոյահոգեբանական ակնկալիքներ ունեմ. հաճելի է, որ մարդիկ աշխատելու տեղ ունեն, արտադրություն է գործում և այլն: Ընկերությունս շատ մեծ է, բոլորն էլ ինձ օգնել են` յուրաքանչյուրն իր հնարավորությունների սահմաններում: Արամայիսն առավելապես է կանգնած եղել կողքիս: Շնորհակալ եմ ընկերներիցս: Նպատակս ունեցածս ընկերությունը պահելն ու ամրապնդելն է:
  Ասում են, ընկերոջ հինն է լավ, հագուստի` նորը: Իհարկե, տարիների հենց այդ անցած ճանապարհն է, որ մերձեցնում է, այդ ընթացքում ես թրծվում, որպեսզի և՛ ընկեր դառնաս, և՛ ընկերություն անես: Դրսում ընկերական հարաբերությունները, ընկերությունն ավելի ամուր հիմքերի վրա են դրված: Պետք է իմանաս, թե ում հետ ընկերություն անես, դա շատ կարևոր է: Ափսոս, տարիների ընթացքում պակասում են ընկերները, բայց ուրախալին այն է, որ քանակին փոխարինում է որակը: Ընկերները պետք է իրար սիրեն, իրար վայելեն, ամուր պահեն տարիներով ստեղծածը: Այդպես էլ ապրում ենք, և այսօրվա մեր հանդիպումը, ընկերական տոնը դրա վառ վկայությունն է…
SHARE