Փաստերն ու արդյունքները խոսուն են

0
7

Ճիշտ հաշվարկել օգուտն ու վնասը, ապա միայն քայլ ձեռնարկել…

Սկզբունքայնություն

-<<Ընկեր>>-ի հետ մեր վերջին հանդիպումից հետո,- ասաց Հացիկ համայնքի ղեկավար Արթուր Եղիազարյանը,– գյուղում մարդկանց սոցիալ-տնտեսական վիճակն ահագին լավացել է: Դրանում, թերևս, ավելի շատ ես եմ շահագրգռված, քանզի բնակչի լավ լինելը նաև ընդհանուր համայնքի լավ լինելու և առաջընթացի մասին է վկայում: Կոնկրետ գործերից խոսեմ: Բազմաբնակարան շենքերի տանիքներն ենք վերանորոգել, մնացել է մեկինը: Մինչև 30 ուսանողի, անապահով ընտանիքներից, ուսման վարձի հատուցման նպատակով տարեկան 100 հազարական դրամի օգնություն ենք հատկացնում: Դաշտամիջյան ճանապարհներն ենք ամեն տարի նորոգում: Խմելու ջուրն անխափան մատակարարում ենք, վթարներն օպերատիվ վերացնում: Ինչպես խմելու ջուրը, այնպես էլ աղբահանությունն անվճար են` գյուղապետարանի հաշվին: Գյուղն ամբողջովին լուսավորված է: Ջանում ենք բյուջետային միջոցները հնարավորինս տնտեսել, որպեսզի գլոբալ խնդիրներից մշակույթի տան վերանորոգման աշխատանքներն ավարտի հասցնենք: Դպրոցը վերանորոգվել է, նախակրթարան է գործում: Մեր ամենացավոտ խնդիրը մանկապարտեզն է: Շենք չունենք, ավելի շուտ` մանկապարտեզի շենքում փախստականներ են ապրում, ինչի մասին բոլորն էլ քաջատեղյակ են: Նրանց բնակարանային հարցը լուծելուց հետո միայն տվյալ խնդիրը կլուծվի: 2008 թ., երբ ընդունեցի գյուղապետարանը, 250-300 հեկտար պտղատու այգիներ ունեինք: Այսօր այդ թիվը հասել է 650-ի, ինչը խոսուն ցուցանիշ է: Վերջին տարիներին լավ միտում է նկատվում` մեր գյուղմթերքն սկսել է ավելի շատ արտահանվել ՌԴ, ինչը հնարավոր է դարձրել, որ մարդիկ կարողանան ինչ-ինչ հարցեր լուծել: Եթե լավ ապրանք ենք ունենում, ապա իրացման հետ խնդիր չենք ունենում` արտահանում ենք: Սառնարանային տնտեսություն ունենք, ինչի դեպքում գյուղացին անհարկի դժվարություններից զերծ է մնում` պահում է բերքը այնքան, մինչև լուծվի իրացման հարցը: Առավել ևս, որ նրա հզորությունն այսօր արդեն ավելի քան կրկնապատկում ենք` հասցնելով 250 տոննայի: Դա հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ կառավարություն բիզնես ծրագիր ներկայացրեցինք` առաջարկելով սառնարանային տնտեսության ընդլայնումը: Վարչապետ Կարեն Կարապետյանն անմիջապես ընդառաջեց` լուծելով վարկային միջոցների տրամադրման հարցը:

Համայնքների խոշորացման ծրագրին անդրադառնալիս` պարոն Եղիազարյանը նշեց, որ դեռևս ծանոթ չեն դրա մանրամասներին, պարզ չէ, թե ինչու և հանուն ինչի է արվում. <<Չեմ կարծում, որ դա կաշխատի, որովհետև մենք սիրում ենք տարբերակում մտցնել` ասելով, որ սա մեր տունն է, մեր գյուղն է և այլն: Ի վերջո, մեր մենթալիտետի խնդիրը կա: Հնարավո՞ր է, արդյոք, այդ ծրագիրը հաջողությամբ իրագործել, զարգացնել, առաջ տանել այն` չեմ կարող առայժմ ասել: Մի բան ձեռնարկելուց չպիտի մոռանանք նաև հետևանքների մասին, պետք է ճիշտ հաշվարկենք, գցենք-բռնենք: Եթե դա արվում է տնտեսման համար, ապա ինչի՞ հաշվին… Դրա օգո՞ւտն է շատ լինելու, թե՞ վնասը: Մի խոսքով, հարցականները շատ են, անորոշություն կա: Եթե, ասենք, լեռնային շրջաններում են փոքր, քիչ բնակչությամբ գյուղերը միավորում, ապա այստեղ ինչ-որ տրամաբանություն կարելի է գտնել, բայց 3 հազար բնակիչ ունեցող մեր համայնքի պես բնակավայրի դեպքում դա, ըստ իս, այնքան էլ տեղին ու արդարացված չէ: Ամեն դեպքում, այս պահին մեր գյուղացին դեմ է խոշորացմանը…>>:

Բնակիչ-համայնքապետ փոխհարաբերության մասին խոսելիս Արթուր Եղիազարյանն ասաց, որ հաճախ ափսոսում է իր գյուղացու հետ չափազանց ընկերական լինելու համար: Ըստ նրա, մեր ազգը, կարծես, պատրաստ չէ դրան, ընկերական ղեկավարի չի սիրում. <<Մերոնք սիրում են, որ կոպիտ լինես հետները: Որքան փափուկ ես լինում, այնքան շատ են բամբասանքները, ճիշտ չի ընկալվում: Ամեն դեպքում, շարունակում եմ նույն մոտեցումը: Փորձում եմ մարդկային վերաբերմունքով հարցերը լուծել: Թույլ չեմ տալիս անգամ, որ ինձ ազգանունով դիմեն, բոլորին հավասար եմ վերաբերվում` առանց որևէ խտրականության: Գործն ավելի շատ առաջ կգնա մարդկային շփման, քան ղեկավար-ենթակա հարաբերություններ ցույց տալու միջոցով: Առհասարակ, շատ ընկերասեր եմ և բոլորի հետ էլ աշխատում եմ ընկերական լինել: Ընկերություն անելիս գնահատում եմ ճշտապահությունը, ազնվությունը և <<դուխը>>, ամեն ինչ պիտի ճիշտ լինի: Ազնիվ ու պարզ պիտի լինի ընկերդ, առանց հետին մտքերի, առանց խաբեության: Շիտակ լինի, ինչ որ պիտի ասի` ճակատիդ ասի, ոչ թե հետևիցդ: Սակայն, ցավոք, հիմա մարդիկ շատ, շատ են փոխվել, մեր ազգի մեջ, կարծես, վերանում է ընկերությունը: Գնալով ամեն ինչ տակնուվրա է լինում, իսկական արժեքները կորչում են: Մարդիկ որքան լավ են ապրում, այնքան ավելի շատ են մարդկային հատկությունը կորցնում, դառնում նյութապաշտ ու շահամոլ>>…

 

SHARE