Փոխադարձ հարգանք ու վստահություն

0
43
Բնակավայր

  <<Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքը ղեկավարում եմ 1999 թվականից,- ասաց համայնքապետ Գևորգ Միսակյանը:- Բավականին աշխատանք է արվել այդ ընթացքում, բայց ավելի շատ պիտի խոսեմ առկա խնդիրների ու հոգսերի մասին: Կատարված աշխատանքները հիմնականում շինարարական բնույթի են եղել` ներտնտեսային ցանցերի, խորքային հորերի վերականգնում, կուլտուրայի տան մի հատվածի բարեկարգում, հանդիսությունների սրահի /անվճար տրամադրվում է բնակիչներին/ կառուցում, գազաֆիկացում գրեթե 80 տոկոսով: Ոռոգման ջրի խնդիր ունեինք, նախորդ տարի նոր ջրագիծ կառուցեցինք` ինքնահոս եղանակը փոխարինելով մեխանիկականի: Այս հարցում կառավարությունն ընդառաջեց մեզ, և շատ մեծ ծրագիր իրականացվեց: 25 մլն դրամ մարզպետարանն է հատկացրել` որպես կարկտահարված տարածքների փոխհատուցման գումար: Խմելու ջրի ներքին ցանցն ամբողջությամբ փոխված է, խնդիրը միայն այն է, որ ակունքը, որտեղից վերցվում է ջուրը, օր օրի պակասում է: Այս հարցով դիմել ենք, և խոստացել են ևս մի խորքային հոր հորատել, քանի որ այլ ջրաղբյուր չկա: Մանկապարտեզը գործում է սեզոնային: Նախորդ տարի փոխել ենք տանիքը, որոշ աշխատանք կատարել, բայց վերանորոգումն ավարտելու համար դեռ շատ գործ կա անելու: Այդ ամենը մեր ուժերով է իրականացվում…>>:
   Երբ խոսք գնաց ընկերությունից, պարոն Միսակյանն անմիջապես հիշեց ընկերոջ զոհված եղբորը` Արա Հարությունյանին, ում մահվան 20-ամյակն է այս տարի լրանում: Նրա խոսքերով, Արան հրաշալի երիտասարդ էր, բարձրագույն կրթությամբ, հայրենասեր անձնավորություն: Գյուղի դպրոցը հերոսի անունով է: Նրա մահվան տարելիցի առթիվ մեծ միջոցառում կազմակերպվեց գյուղում, որին աջակցել էր ՀՀ պաշտպանության նախարարությունը: Արային ու Ակնալճից զոհված 14 ազատամարտիկներին նվիրված թանգարան է բացվել Ավետիք Հարությունյանի /Արայի եղբոր/ ֆինանսական աջակցությամբ: Ղարաբաղյան պատերազմի զոհերի հիշատակին նաև հուշարձան է կանգնեցված: 

  Գյուղապետի տեղակալ Ֆերդինանտ Ֆիդանյանի խոսքերով, Գևորգ Միսակյանի պաշտոնավարման օրոք որևէ գյուղացի չի տուժվել, միշտ զգացվել է տեղական իշխանության աջակցությունը: Նրա գործունեությունն առաջին հերթին հանուն գյուղացու է, ի շահ համայնքի ու նրա զարգացման: Պատահական չէ, որ քանիցս վերընտրվում է` վայելելով համագյուղացիների հարգանքն ու վստահությունը: Գյուղացու հարգանքն ու վստահությունը նույնպես փոխադարձ են: Այնքան էլ բարվոք վիճակում չգտնվելով, նա ապավինում է իր ղեկավարին` հուսալով օգնություն բոլոր հարցերում: Եվ, կարելի է ասել, հուսախաբ չի լինում, քանի որ համայնքապետը կանգնած է բոլորի կողքին,  բոլորի նկատմամբ սրտացավ ու հոգատար է: Հատկապես մեծ է ուշադրությունը դպրոցին, մանկավարժներին ու երեխաներին: Մարդասեր է, իսկ ինչ վերաբերում է ընկերասիրությանը, ապա, Ֆ. Ֆիդանյանի խոսքերով, Գ. Միսակյանը բացառիկ ընկեր է: Դրանից, բնականաբար, աշխատանքը, գործը երբևէ չեն տուժում, ավելին` ընկերությունն իր հերթին լուրջ խթան է ընդհանուր հաջողություններն ամրապնդելու գործում: Ճիշտ ընկերության դեպքում պատասխանատվությունն էլ ավելի բարձր է լինում. <<Միսակյանը ընկերության համար առաջին ձեռնոց նետողն է և պատրաստ է ամեն ինչի ընկերոջ համար: Աշխատում է ընկերությունը պահպանել այնքանով, որքանով դա իրենից է կախված, նախանձախնդիր ու հավատավոր ընկեր է: Մանկության ընկերներ  ենք, ինչը գնալով խորանում ու ամրապնդվում է: Գործն առավել է մեզ մտերմացրել: Պատերազմի տարիներին մենք ռազմի դաշտում էինք, իսկ նա թիկունքից միշտ ձեռք է մեկնել մեզ: Իր աշխատանքի վաստակից բաժին է հանել մարդկանց, օգնել բոլորին: Նրա մեջ գնահատելի են նաև համբերատարությունն ու զսպվածությունը: Մեր ընկերությանը օրինակելի վարք է տվել, ջանացել է լրացնել ընկերոջ մոտ նկատվող պակասը, վերացնել անցանկալին կամ բացասականը: Մեր ընկերությունը շատ թանկ է բոլորիս համար: Ընկերության մեջ պետք է ջանալ առաջինը լինել` հասնելու, լավ օրինակ ծառայելու իմաստով: Ընկերներ լինում են մեկը, երկուսը, որ անփոխարինելի են. այդպիսի ընկեր է Գևորգ Միսակյանը: Նման ընկերությունը ոչ մի դեպքում կորցնել պետք չէ: Լինելով լավ ընկեր, նաև լավ ղեկավար է: Մարդկային, ընկերասեր ղեկավար…>>:    
   Բնական է, որ չէինք կարող անտեսել նաև Գևորգ Միսակյանի կարծիքը ընկերության շուրջ. <<Ամեն մարդ չի կարող ընկեր լինել: Բնավորության գծերի համընկնման դեպքում է ընկերություն ձևավորվում: Լինում են մանկության, բանակային, ուսանողական տարիների, աշխատանքային ընկերներ: Բոլոր աստիճաններն անցնելով կարող է մանկության ընկերությունը պահպանվել, ընդ որում` մինչև կյանքի վերջ: Շատ ընկերներից, ի վերջո, մնում են մեկ-երկուսը: Բնավորությունս այնպիսին է, որ սիրում եմ ընկերություն ունենալ և պահպանել այն: Որքան ընկեր ես, այնքան էլ` մարդ: Իմ հարստությունը տեսել եմ ընկերությանս մեջ: Կյանքում խնդիրներ եմ ունեցել ընկերոջ պատճառով, ինչի համար չեմ էլ զղջում, քանի որ նպատակս ճիշտ, մաքուր ընկերություն ունենալն է…>>: Ֆ. Ֆիդանյանը, ընդմիջելով զրույցը, հավելեց, որ  Միսակյանը ընկերության մերանն է, գլխավոր կազմակերպիչը: 
    Ինչպես նշեց Գ. Միսակյանը, ունի մանկության, դպրոցական շատ ընկերներ: Մինչև հիմա էլ հավաքվում են, արդեն` ընտանիքներով: Ընկերներին միավորելու, իրար գլխի հավաքելու առիթներ շատ են լինում: Պատահում է, որ արտասահմանում բնակվող ընկերներից են գալիս, ինչի դեպքում հանդիպումներն ավելի սրտառուչ են լինում: Ընկերությունը պահելու համար առաջինը մաքրություն ու անկեղծություն է հարկավոր: Փողով շատ բան կարող ես ունենալ, բայց լավ ընկեր չես կարող ունենալ: Լավ ընկեր ճարելը շատ դժվար է: Տարիներ են պետք, փորձության միջով պետք է անցնել, որ ընկերություն ձևավորվի. <<Նեղ պահերին ի հայտ է գալիս, թե ինչքանով է կողքիդ, ինչքանով է ինքը մաքուր ու հավատարիմ: Լավ ընկերը խորհրդատու է, դիպլոմատ: Գաղտնիքդ ընկերոջդ հետ ես կիսում: Մի հաջողություն ես ունենում, ուզում ես ընկերոջդ հետ անպայման կիսել, կամ անհաջողությունդ ես կիսում, որպեսզի սիրտդ թեթևանա: Երբ ընկերություն ես անում, և մի քանի տարի հետո ի հայտ է գալիս դիմացինի ոչ ճիշտ ճանապարհով ընթանալը, ընկերությունը դուրս է մնում: Ցավ ես զգում ընկեր կորցնելուց, ափսոսում ես շատ բաների համար: Որքան մոր մասին ես խոսում, այնքան էլ ընկերոջ մասին պետք է խոսես: Իրական ընկեր պետք է լինել, նեղ օրվա, նեղին հասնող ընկեր: Ընկերությունը կամաց-կամաց շփումից, փորձությունից, նիստ ու կացից, վերաբերմունքից է առաջանում: Միշտ սիրել եմ այն շրջապատը, որտեղ իմ հարազատ ընկերներն են, ում ներկայությամբ կարող ես ընդարձակվել, անկեղծ զրույց տանել: Մարդն իր էությամբ ինչպես կա, այդպես էլ պետք է ներկայանա, դա ինձ համար մեծ արժեք է, ամեն ինչ է: Լավ ընկերով կարելի է հպարտանալ: Ինչքան լավ ընկեր ունես, այդքան էլ մարդ ես…>>:
  Համայնքի ղեկավարի հետ մեր զրույցի ավարտից տեղեկացանք, որ իր համար ընկերություն անելը ապրելակերպ է, ապրում է իր ընկերությունով: Այդպես են նրա բոլոր ընկերները, ում պարտավորեցնում է ընկերությունը` որպես սրբություն, որպես հարստություն…    
SHARE