Փոխադարձ հարգանք ու փոխըմբռնում,

0
31
որ վերջնական արդյունքում ի շահ համայնքի ու գյուղացու է…

Վստահություն

  Լևիկ Աբրահամյանը 2003-ից ղեկավարելով Արարատի մարզի Մրգավետ համայնքը, վերջերս կրկին վերընտրվեց այդ պաշտոնում: Նշենք, որ 1800 ընտրողից ընտրությանը մասնակցել է 1100-ը: Գործող գյուղապետը մրցակից չուներ, ինչը սակայն չի խանգարել, որ ժողովուրդն ակտիվորեն մասնակցի ընտրությանը և իր վստահությունը մեկ անգամ ևս արտահայտի նրա նկատմամբ…
 – Անգամ հանձնաժողովի անդամներն են զարմացած մնացել,-մեզ հետ զրույցում նշեց պարոն Աբրահամյանը,-որ ժողովուրդն այդպես միահամուռ ընտրատեղամաս է եկել: Ուրախ տրամադրությամբ մարդիկ եկել են և ոգևորված կատարել իրենց պարտքը: 65 տոկոսը, պիտի ասեմ, այսօր բարձ ցուցանիշ է: Ժողովուրդը գնահատեց իմ աշխատանքը: Ես ինձ մեծարված եմ զգում և, բնականաբար, առավել պարտավորված` էլ ավելի լավ աշխատելու և կրկին արդարացնելու մարդկանց ակնկալիքները: Այո, ոչինչ այս կյանքում չի կորչում, եթե լավ բան ես անում, ապա համարժեք պատասխան միշտ էլ ստանում ես: Ի վերջո, ամեն ինչ գալիս է ճիշտ աշխատանքից ու նվիրումից: Երբ հասկանում ես գյուղացու հոգսն ու դարդը, ուշադիր եւ սրտացավ ես նրա նկատմամբ, ապա փոխադարձաբար ինքդ արժանին կստանաս: Մարդկանց ընդհանուր վիճակն այսօր այնքան էլ լավ չէ, ահա թե ինչու կարևոր է անգամ փոքրիկ հոգատարության ցուցաբերումն ու մարդկային մոտեցումը, դիմացինիդ քաղցր խոսք ասելն ու հասկանալը: Ցանկացած հարցի դեպքում ընդառաջում եմ, ինքս գնում այս ու այնտեղ, հետևում, որ արդյունք լինի:  Հնարավորինս պիտի թեթևացնենք գյուղացու հոգսը, մեր ձեռքից եկածն անենք, որ մարդն իրեն միայնակ ո անօգնական չզգա:

Այս տարիների իմ ամենամեծ ձեռքբերումն այն է, որ մարդիկ ինձ շատ են հարգում: Բոլորին լավ գիտեմ և երբևէ տարբերություն չեմ դրել այս կամ այն գյուղացու միջև: Մարդկանց ճանաչելով էլ կարողանում եմ ճիշտ որոշումներ կայացնել, մեր օգնությունն ու աջակցությունն առավել հասցեական ու նպատակային դարձնել: Փոխադարձ հարգանքի ու վստահության մթնոլորտ է տիրում համայնքում, ինչի արդյունքն ակնհայտ է`Մրգավետն առաջընթաց քայլեր է անում ու զարգանում: Մարդկանց արդեն պետք չէ բացատրել, ասել, որ ժամանակին պետք է մուծեն վարձավճարները և կատարեն հարկային պարտավորությունները: Պարտաճանաչություն կա, անգամ սոցիալական վատ վիճակում գտնվելով, մարդը կամովին վճարում է հարկերը…

  Խոսելով նախորդ տարիներին կատարված աշխատանքների մասին, գյուղապետն առանձնացրեց համայնքի կենտրոնական ճանապարհի ասֆալտապատումը: Ապա` Արտաշատ-Երևան խճուղու գիշերային լուսավորության ապահովումը, ինչն առաջիկայում ևս կշարունակվի: Ամեն տարի գյուղամիջյան ճանապարհների խճապատում է կատարվում: Ընդ որում, այս ամենի առյուծի բաժինը համայնքի ներդրած միջոցներով է արվում: Մանկապարտեզը գործում է: Ասիական բանկի ծրագրով և համայնքի ներդրումով խմելու ջրի ցանցն է ամբողջությամբ փոխվել, նոր խողովակներ են տեղադրվել: Բոլորն էլ ջուր ունեն, օգտվում են Գառնիի ջրից, ջրամատակարարման գրաֆիկն առայժմ 6-7 ժամի սահմաններում է: Բնականոն է ոռոգման ջրի մատակարարումը: Գյուղացին այս հարցում ևս առանձնակի դժվարություններ չունի: Երկու փողոցում էլեկտրական նոր հենասյուներ են տեղադրվել, կարգավորվել է  նախկինում ստեղծված անմխիթար վիճակը: Մրգավետն ամբողջությամբ գազաֆիկացված է: Մտահոգող խնդիրը մշակույթի տան անմխիթար վիճակն է: Վերանորոգման համար նախագիծ, նախահաշիվ էր արված, սակայն ճգնաժամը խոչընդոտեց դրա իրագործմանը: Ժամանակ է պետք, որպեսզի այս խնդիրը ևս իր բավարարումն ստանա: 
    Համայնքի ղեկավարի ներկայացմամբ, իրենց բնակիչները շատ խաղաղ ու աշխատասեր, համախմբված ու միասնական են: Հիմնականում ջերմոցային տնտեսությամբ են զբաղվում: Տարվա բոլոր եղանակներին գործի մեջ են: Ընկերության հարցին անդրադառնալիս,  Լևիկ Աբրահամյանն ասաց, որ երկար տարիներ զբաղվել է սպորտով, ինչն էլ հնարավորություն է տվել շատ մեծ շրջապատ ունենալ:  <<Արարատ>> թիմում խաղացել է 1965 թ., եղել է   Աբովյանի  <<Կոտայք>> թիմի ավագը, խաղացել է նաև արտասահմանյան թիմերում.
   – Սպորտային կյանքն ինձ շատ բան է տվել: Ամենակարևորը` շատ ու շատ ընկերներ: Ես ընկեր սիրող ու գնահատող եմ: Ընկերներով շատ ենք իրար կապված: Նվիրված եմ ընկերներիս և ամեն առիթ օգտագործում եմ հանդիպելու նրանց: Սպորտային կյանքը բոլորովին ուրիշ է, նվիրական շատ բաներ ունի: Այդ ընկերությունն ավելի խորն ու ամուր է: Ապրել եմ Աբովյան քաղաքում և այնտեղ ավելի շատ ընկերներ ունեմ: Ֆուտբոլի գրեթե բոլոր թիմերի խաղացողների հետ ընկերություն եմ արել: Հատկապես Գյումրիի  <<Շիրակի>> մարզչի` Անդրանիկ Ադամյանի հետ եմ ընկերություն արել: Նույն ջերմությունը պահպանվել է նաև այսօր: Մտերիմ ընկերներ են Նիկոլայ Ղազարյանը, Լյովա Հայրապետյանը և շատ ուրիշներ: Իմ ընկերը պետք է շիտակ, ճիշտ ու մեծատառով մարդ լինի: Ընկերները կես խոսքից պիտի հասկանան իրար: Անգամ իրար աչքերի մեջ նայելով` անխոս հասկանան միմյանց: Ընկերներիս կողքին կանգնած եմ, ապրում եմ նրանցով` փոխադարձը նրանցից զգալով: Նպաստում եմ, որ ավելի շատ հանդիպենք, իրար գլխի հավաքվենք և մեր ուժերը լավ ու բարի նպատակների ծառայեցնենք: Որպեսզի ընկերոջդ ավելի լավ ճանաչես, նրա հետ պիտի ճանապարհ գնաս: Ընկերոջ ընտանիք ոտք դնելը նման պետք է լինի սրբավայր մտնելուն: Ընկերներիս համար պատրաստ եմ անգամ անհնարինն անել, միայն թե նրան դժվարին վիճակից կարողանամ հանել: Հատկապես համայնքների ղեկավարների հետ է ջերմ մտերմություն ստեղծվել: Նշեմ Մրգավանի գյուղապետ Արմեն Հարությունյանին, ով թեև երիտասարդ է, բայց գնահատելի խելացիություն ունի, հրաշալի խորհրդատու է: Ընկերություն եմ անում նաև Մխչյանի և Արևշատի գյուղապետերի` Աշոտ Իսաջանյանի և Գոգոլ Նիկոլյանի հետ: Հացի սեղանների շուրջ ավելի ենք զգում ընկերների կարիքը, ահա թե ինչու հրավիրում ենք բոլորին: Ընկերոջս համար կյանքս կտամ… 
  Խոսք գնաց նաև Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի հետ ձևավորված հարաբերությունների մասին, ինչի առթիվ Լ. Աբրահամյանն ասաց.
  –  Հարաբերությունները պարոն Բարսեղյանի հետ և գործնական են, և ընկերական: Բարձր մակարդակի են այդ հարաբերությունները: Շատ լավ մարզպետ ունենք, լավ մարդ է` մեծահոգի, բոլորին նվիրված, բոլորին հասնող, իր խոսքի տերը: Ժողովրդին նվիրված է, ուստի մեծ հարգանք ու հեղինակություն է վայելում: Տեղերում շատ է լինում, հանդիպում հասարակ մարդկանց հետ, նրանց ոգևորում ու քաջալերում: Արդարամիտ է, սկզբունքային ու հետևողական…
  Նշենք, որ Լևիկ Աբրահամյանի մտերիմ ընկերոջ` Մրգավանի գյուղապետ Արմեն Հարությունյանի նախաձեռնությամբ ընկերների հերթական հանդիպման հրաշալի առիթ էր ստեղծվել` նշելու գարնան բացումը: Առիթից օգտվելով, Արմենը ընկերոջ` Լևիկի մասին ասաց.
  – Մեր ընկերությունը շատ անմիջական ու ջերմ է: Առանց մեկմեկու չենք պատկերացնում մեր առօրյան: Ի դեմս Լևիկի, խորհրդատու ու լավ ընկեր ունեմ: Անշահախնդիր ու պարզ ընկեր է, ամեն ինչ ընկերոջ համար պատրաստ անելու: Նրան բոլորն էլ ընդունում, սիրում ու գնահատում են…
   Իսկ մանկության ընկեր Սերյոժա Բարսեղյանի խոսքերով, Լ. Աբրահամյանը պարզ, շիտակ, լավատես մարդ է, հրաշալի ընտանիք ունի: Հեռախոսազրույց ունեցանք ֆուտբոլիստ Անդրանիկ Ադամյանի հետ:
 – Լևիկն ազնվության իդեալ է,-ասաց պարոն Ադամյանը,-հոգատար, ուրիշների մասին մտահոգվող, ազնիվ, մարդասեր, ընկերասեր: Մարդամոտ ու աշխատասեր անձնավորություն է: Ընտանիքի հրաշալի հայր է: Նրա մեջ անչափ գնահատելի են ազնվությունը, հոգատարությունը, համեստությունը: Միասին դժվարություններ ենք նաև կրել, բայց չենք կորցրել ընկերական սերն ու հավատարմությունը: Գյումրեցու լեզվով ասած, թասիբով ընկերներ ենք…
SHARE