Փոքրիշատե տանելի պայմանների դեպքում

0
42

մարդը չի լքի հայրենի եզերքը և բախտ որոնի օտար ափերում…

Համայնք
   
<<Ես համայնքիս բնակիչներին ընդունում եմ ինձ ընկեր,- այսպես սկսեց մեր զրույցը Արմավիրի մարզի Ջրառատի գյուղապետ Սամվել Գալստյանը:– Բնականաբար, նրանց համար պատրաստակամ եմ անելու այն, ինչ հնարավորություններիս սահմաններում է: Պատրաստ եմ անգամ ավելիին, քանզի նրանք արժանի են դրան: Իմ առաջնահերթ խնդիրը գյուղը շենացնելն է, ինչն անհրաժեշտ է բոլորին` թե՛ երեխաներիս, թե՛ ընկերներիս, թե՛ հարազատներիս և թե՛ համագյուղացիներիս: Բոլորն ինձ համար հարազատ են, տարբերություն չեմ դնում: Համագյուղացուս երեխային ընդունում եմ այնպես, ինչպես հարազատ երեխայիս: Այնպես որ, այն ամենը, ինչ անում եմ, հավասարապես բոլորինն է: Այս սկզբունքով եմ առաջնորդվում: Խոսքիս տեր անձնավորություն եմ և անպայման կատարում եմ խոստացածս: Երբեք չեմ խոստանա այնպիսի բան, ինչն անհնարին է իրագործել: Մարդկանց դեմքերին պիտի միշտ պարզերես նայել: Ընկերաբար եմ վերաբերվում գյուղացուն: Համայնքում ընկերական մթնոլորտ եմ ստեղծել: Անելու եմ ամեն ինչ` այդ մթնոլորտը պահել-պահպանելու համար: Անելու եմ ամեն հնարավորն ու  անհնարինը` գյուղը միասնական ու համախմբված դարձնելու համար: Այդ կերպ, անկասկած, ավելի ուժեղ կլինենք: Ողջ գյուղին ընդունում եմ ինձ ընկեր, որովհետև բոլորի հետ էլ ընկերություն եմ արել, անում եմ և պատրաստ եմ անելու: Ընկերը մի անբացատրելի հասկացություն է: Ամեն մարդ իր ընկերոջն իր մեջ պիտի ունենա…>>:

   Ջրառատցիների խոսքերով, Սամվել Գալստյանը շատ լավ մարդ է, նվիրական ու լավ ընկեր: Բոլորը նրան շատ սիրում ու հարգում են: Համայնքը ղեկավարում է նախորդ տարվա սեպտեմբերից: Կարճ ժամանակաընթացքում որոշակի աշխատանք կատարվել է, հիմնականում` անձնական միջոցների ներդրմամբ: Համայնքի ղեկավարին այդ հարցում օգնել են ընկերները, հատկապես` ավագ: Շատ է օգնել գեներալ Լևոն Երանոսյանը: Նրա աջակցությամբ, անձնական միջոցներով լուսավորվել են ճանապարհները, մնացած մի քանի փողոցներ ևս շուտով կլուսավորվեն: Նաև դպրոցի սանհանգույցն է կառուցվում, որը շուտով կավարտվի: Կառուցվել է կանգառ: Ճանապարհները հարթեցվել, խճապատվել են: Գյուղապետի աշխատավարձի հաշվին գնացքի կայարանի գետնանցումի մաքրությունն է իրականացվում: 
   Պարոն Գալստյանի տեղեկացմամբ, գյուղը ոռոգման խնդիր ունի: Այդ խնդրի լուծման նպատակով ներկայումս աշխատանքներ են տարվում: 1,3 կմ երկարությամբ նոր ջրագիծ է անցկացվում, պոմպերով ջուրը կհասցնեն մայր առու, այդտեղից էլ կբաժանեն գյուղացիներին: Աշխատանքներն ավարտական փուլում են: Այդ առումով նաև այլ խնդիր կա: Առուները հողային են, ջրի մեծ կորուստ կա: Հնարավորության դեպքում դրանց` բետոնե կիսախողովակներով փոխարինելու հարցն էլ առաջիկայում կլուծվի: Գյուղապետի խոսքերով, գյուղացին առանց շատ բաների էլ կարող է յոլա գնալ, բայց առանց ոռոգման ջրի գրեթե անհնարին է: Ահա թե ինչու առաջնահերթ տվյալ խնդիրն է մեծապես  կարևորվում: Ճանապարհների ասֆալտապատման հարցով դիմել են մարզպետարան. առաջին իսկ հնարավորության դեպքում համապատասխան քայլեր կարվեն: Խճապատում արվում է, բայց դա հարցի լուծում չէ… 
   Թեև մշակույթի տունն անմխիթար վիճակում է, բայց գյուղապետի ջանքերով ներսում որոշ պայմաններ ստեղծվել են գործող խմբակների համար: Ընդ որում, քիգբոքսինգի, բռնցքամարտի ու ծանրամարտի խմբակներն անվճար են գործում: Նախատեսվում է պարի խմբակը ևս անվճար դարձնել: Տարեցների համար ժամանցի սենյակ է ստեղծվել: Գործում է նաև գրադարանը: Մշակույթի շենքը հիմնանորոգում է պահանջում, ինչը համայնքի հնարավորություններով անհնարին է: 
   <<Մանկապարտեզը գործում է, երկու խումբ ունի: Շենքի մի հատվածն է օգտագործվում, մնացած մասը վատ վիճակում է: Ժամանակին նորոգել են տանիքը, բայց` անհաջող: Մի փոքր քամուց թիթեղները տեղաշարժվում են: Լուրջ վերանորոգման կարիք ունի շենքն ամբողջությամբ: Պետք է նաև գազաֆիկացում անցկացվի: Էլեկտրաէներգիայի հոսանքալարերի հենասյուների խնդիր ունենք. ամբողջությամբ քայքայված են, թեթև քամուց հոսանքն անջատվում է: Նման անմխիթար ու վտանգավոր վիճակը հղի է նաև ողբերգական հետևանքներով: Ահազանգել ենք, դիմել պատկան մարմինների, բայց դեռևս որևէ արձագանք չկա: Գիտակցում ենք, որ Էջմիածնի էլցանցի ղեկավարների իրավասությունից դուրս է խնդրի լուծումը, պետք է վերադասի կողմից համապատասխան միջոցառումներ ձեռնարկվեն: Գյուղը ողջ երկարությամբ /12 կմ/ երկաթգիծը կիսել է, մարդկանց համար գետնանցում կա, բայց ավտոտրանսպորտի համար` ոչ: Մարզպետը տվյալ խնդրով եղել է տեղում, ծանոթացել վիճակին, և քայլեր են ձեռնարկվում, որպեսզի գետնանցում կառուցվի: Ճանապարհների ասֆալտապատման հարցով էլ դիմել ենք մարզպետին և սպասում ենք, թե երբ այդ կարևոր խնդիրը ևս իր բավարար լուծումը կգտնի: Եթե այս և մյուս խնդիրները կարողանանք ժամանակին լուծել և գյուղացու համար փոքրիշատե տանելի պայմաններ ստեղծենք, ապա մարդը չի լքի հայրենի տունը, սիրով կմշակի իր հողը և ապագայի նկատմամբ լավատեսությամբ կլցվի>>,- մեր զրույցի ավարտին ասաց Սամվել Գալստյանը:  
SHARE