Քաղաքացի լինել… պարտավո՛ր ենք

0
11

Մարդը բոլոր պարագաներում պետք է մնա այն, ինչ իրականում կա…
   Ո՞վ է մեր օրերի մտավորականը և որտե՞ղ է նա… Մտավորականությունը բարդ երևույթ է, մտավորականն էլ` շատ բարդ արարած: Ի՞նչ ենք հասկանում մտավորական ասելով: Թերևս` ինտելիգենցիա, որը շատ ավելի լայն հասկացություն է, քան մտավորականություն ասածը: Մտավորական կարող է լինել նաև գյուղացին, բայց ինտելիգենցիան ազգի էլիտան է, սերուցքը, որը շատ դժվար է կազմավորվում, շատ դժվար: Մեր ազգը մի քանի անգամ զրկվել է իր էլիտայից: Միայն նախորդ հարյուրամյակի ընթացքում քանիցս կորցրել ենք նրան, և այսօր ուղղակի չունենք մտավորականություն: Ընդամենը` մի քանի հոգի, կարելի է անգամ մատների վրա հաշվել: Ջիվանու տողերն, ասես, հենց այսօրվա, մեր այս ժամանակների համար են ասված.  <<Մեծամեծ մարդիկը հեռու են կանգնած, ասպարեզը համբակներուն են թողած…>>:
   Տարիներ, տասնամյակներ են պետք, միգուցե` հարյուրամյակ, որպեսզի ստեղծվի այն էլիտան, որն ունեցել ենք: Զարմանալ կարելի է, որ այս վիճակով դեռ կանք: Մանավանդ այս վերջին 20 տարին ազգը չգիտի` հայացքն ուր ուղղի, ում ուղղի, ով է նրա հերոսը, իդեալը, ով է առջևից գնում և մարդկանց տանում իր հետևից, ով է, ի վերջո, մթնոլորտ ստեղծում մեզանում: Չեն ստեղծում, չկա, քիչ է, այդ քչով անհնար է մթնոլորտ ձևավորել: Իսկ այսօրվա մթնոլորտն այն է, ինչ հեռուստատեսությունն է ստեղծում: Քանի որ դատարկ է էլիտայի տեղը, միջակությունը և միջակից ցածրը բարձրացան վերև: Բարձրացան պատահական, կիսակիրթ, կիսագրագետ մարդիկ և գրավեցին, ցավոք, այդ դատարկ տեղը…

 Հարկ է խոստովանել, որ մեզ բոլորիս նախևառաջ երկրի քաղաքացի լինելու, քաղաքացիական ու բարոյական պատասխանատվությունն է պակասում: Մարդն առաջին հերթին, իհարկե, պետք է քաղաքացի լինի, մանավանդ` մտավորականը: Չենք կարողանում ստեղծել այդ քաղաքացին, ինչը մեծ պակասություն է: Չնայած մեր գավառական մտավորականությունը բարձր գնահատականի է արժանի և իր մեջ պահել-պահպանել է բարոյականությունը, մաքրությունը, հայրենասիրությունը, բայցևայնպես քաղաքացին պիտի տարբերվի: Ուստի մեր մայրաքաղաքը պետք է աչքի լույսի պես պահել, գուրգուրել, մաքուր պահել, սիրե՛լ, մինչդեռ մեր վերաբերմունքը շատ հեռու է սրտացավ, իսկական տանտիրոջ հոգատար մոտեցումից…
  Միևնույն վերաբերմունքը, ցավոք, հարազատ մայրաքաղաքից տարածվում է ամբողջ երկրի ու բնության նկատմամբ: Կտրվել ենք նաև բնությունից և ոտնատակ ենք տալիս կանաչը, ծիլն ու ծաղիկը: Քաղաքացի չունենալու հետ նաև գյուղացի չունենք` նրա հետ մենք էլ կտրվեցինք հողից: Չէ՞ որ աշխարհում կռիվը միշտ էլ հողի համար է եղել: Մենք հիմա այնքան չենք հասկացել այդ պարզ ճշմարտությունը, որ ազգովի եկել, մտել ենք այս քարքարոտ սարերի մեջ և չգիտենք` ինչպես զարգացնենք կամ որտեղ զարգացնենք մեր գյուղատնտեսությունը: 
   Քաղաքակրթության օրենքների, չափանիշների դեմ մեղանչումներն այսօր սովորական են դարձել մեզանում: <<Չի կարելի>> բառ չկա, ամեն ինչ կարելի է: Ահա թե ինչու մեր երկրում օրենքը չի գործում, ինչի դեպքում ոչ մի լավ բանի չենք հասնի. օրենքը բոլորի համար է: Արհամարհանքը մայրենի լեզվի նկատմամբ սրբապղծության պես բան է: Վաղվա մեր քաղաքացին, այսպես շարունակվելու դեպքում, այսպես գրկաբաց օտարամոլությանը տրվելու պարագայում, ի՞նչ պետք է իմանա հայոց պատմության, հայոց մշակույթի մասին: Մենք կկորցնենք մեր արմատը, մինչդեռ պիտի մեր ճյուղերով դալարենք, երկարենք, պիտի խառնվենք աշխարհին, բայց արմատից չպոկվենք: Ոչ մի դեպքում արմատից պոկվել չի կարելի… 
SHARE