Քաղաքացու պատասխանատվություն

0
16

Խոսքն իրապես երկրի քաղաքացի լինելու, այս խնդրում որակական կողմն ապահովելու անհրաժեշտության մասին է

  Չպետք է, անշուշտ, առօրեական մեր փնտրտուքներում չնկատելու տանք այսօր սեփական երկրի առջև ծառացած խնդիրները: Կարևոր է, առաջին հերթին, երկրի պաշտպանության ու կայացման հարցը: Մենք մեզ չէինք տալիս այդ հարցը, և թվում էր, թե բավական է ունենալ երկրի զինանշան, օրհներգ, դրոշ, լինել ՄԱԿ-ի անդամ` սրանով արդեն ապահովված է քո անկախ պետությունը: Իրականում ամենևին էլ այդպես չէ. սա ամենօրյա աշխատանք է, որը նաև զուգակցված է շատ ու շատ կորուստների հետ:

  Ահավասիկ` ի՜նչ է կատարվում այն երկրներում, որոնք փորձում են իրենց անկախ պետականությունը հաստատել և ինչպիսի՜ դժվարությամբ են դա անում: Մենք էլ ենք այդպես դժվարությամբ անցել այդ ճանապարհը և այսպես կանգնելու իրավունք չունենք: Այլապես բացարձակապես անիմաստ կդառնան այն բոլոր զոհերն ու զոհողությունները, որ ունեցել ենք: Սա շատ հստակ պիտի գիտակցել:

  Հաճախ կարծիքներ են հնչում, թե հարցը պիտի լուծում գտնի ոչ այնքան իշխանության ու ընդդիմության, որքան մտավորականության ու եկեղեցու ջանքերի գործադրմամբ: Ինչ վերաբերում է վերջինիս, ապա եկեղեցու դերն այս հարցում նվազ է, և ավելի լավ կլինի, որ նա պետականության գործերին չխառնվի: Որքան հեռու կանգնի եկեղեցին այդ գործերից, այնքան ավելի լավ կլինի: Եկեղեցին, մեր համոզմամբ, պետք է զբաղվի զուտ բարոյական հարցերով, հիմա կանգնելով պետականաշինության կողքին` իր պարագայում իշխանության պահպանման գործում, պարզապես կորցնում է իր իմաստը: Նրա գործը յուրաքանչյուր մարդու հոգևոր կյանքով զբաղվելն է:

  Լուծում, թերևս, կարելի է առաջարկել: Հարցը յուրաքանչյուր քաղաքացու է վերաբերում, նկատի առնելով այն, որ նա պետք է ստանձնի պարտավորություն` իր չափով: Ավելի շատ քաղաքացին պիտի գիտակցի, որ պարտավորություն ունի, իսկ քաղաքացի դաստիարակելու գործում յուրաքանչյուրս ունի իր դերը: Երբ յուրաքանչյուր քաղաքացի իրեն այս երկրի տեր զգա, այդ ժամանակ նա կպաշտպանի իր երկիրը և գնալու մասին չի մտածի, որովհետև, որքան էլ տգեղ հնչի, պաշտպանում են միայն սեփականությունը: Չեն պաշտպանում ինչ-որ բան, որը քեզ չի պատկանում, իսկ այս երկիրը մերն է և պատկանում է յուրաքանչյուրիս: Այ, սա պետք է ապացուցել, և ոչ միայն քարացած խոսքերով, այլև գործերով: Մենք կրո՞ղն ենք էս կրոնի, էս հողի, էս օդի, էս ջրի, էս ժողովրդի ու պետության, թե՞ կրողը չենք…

  Եթե մենք կրողը չենք և եթե մեր փոխարեն ինչ-որ մեկը պիտի անի, ուրեմն կթողնենք-կգնանք, որովհետև մերը չի: Չպետք է, պարզապես, կանգնել ու անվերջ իրար վրա ցույց տալ, թե եկեղեցի, մտավորականություն կամ իշխանություն, բարի եղիր, քո գործով զբաղվիր… Յուրաքանչյուրը պիտի փորձի կատարել այդ դերակատարումը, որովհետև կոլեկտիվ պատասխանատվությունն անպատասխանատվություն է: Պատասխանատվությունը կարող է լինել միայն անհատական. հենց անգամ 2-3 մարդ միացան պատասխանատվության մեջ, այն լղոզվում է, հնարավորություն է ստեղծվում այդ պատասխանատվությունը գցել ուրիշի վրա: Եթե դու մենակ ես կրում այդ պատասխանատվությունը /և ոչ ոք` քեզանից բացի/, որ երկրի ապահովությունը, անվտանգությունը կոնկրետ մեկ անձից են կախված, այդ ժամանակ իմաստ ու արժեք կստանա <<Եթե ես տեր եմ, ուրեմն ես էլ եմ պատասխանատու>> հասկացությունը:

  Բացի այդ, քաղաքացին այս գիտակցությանը հասնելու համար նախ պետք է ճանաչի իր երկիրը, իմանա պատմությունն այնպես, ինչպես կա, ոչ թե այն լեգենդները, որոնք մատուցվում են: Մենք, խոստովանենք, չգիտենք մեր պատմությունը, գիտենք ինչ-որ լեգենդներ պատմության մասին: Ավելի լավ ուսուցիչ չկա, քան սեփական սխալները գիտակցելն ու ընդունելը: Եթե թաքցնում ես այդ սխալները, ուրեմն դրանք կրկնելու հավանականության վտանգը կա: Ուղղակի, Հայաստանի քաղաքացի ասվածի մեջ որակ պետք է մտցնել: Մեր հերոսներին մոռացել ենք, պիտի հիշենք, թե հանուն ինչի են զոհաբերել այդ մարդիկ իրենց կյանքը, հանուն ցուրտ ու մութ տարիների՞, ինչպես հաճախ դա ասում ենք: Դա էլ է վերաբերմունք սեփական պատմության հանդեպ, մենք ոչ թե ասում ենք` պատերազմական տարիներ, երբ բոլորս գիտակցաբար գնում էինք զրկանքների` հասկանալով, որ կրած զրկանքները ոչինչ են, երբ համեմատում ենք զինվորների կյանքի հետ, իսկ դրանից հետո սկսում ենք այս ամենն անվանել ցուրտ ու մութ տարիներ…

  Այսուհանդերձ, լավատես պիտի լինենք և հույսով ու հավատով արձանագրենք, որ քաղաքացի լինելու գիտակցումը թեև քիչ-քիչ, բայց, այնուամենայնիվ, գալիս է:

SHARE