Քաղսիում ոգևորված են ճանապարհի վերակառուցմամբ

0
16

Տեղաշարժ

Եվ ամեն ջանք գործադրում են` արագացնելու դրա շահագործումը

-Նախորդներիս արածը չթերագնահատելով,- <<Ընկեր>>-ի հետ զրույցում նշեց Կոտայքի մարզի Քաղսի համայնքի ղեկավար Սահակ Ալեքսանյանը,- և համեմատելով մյուս համայնքներում կատարվածի հետ, պիտի ասեմ, որ մեր գյուղում ավելի շատ խնդիրներ ու անելիքներ կան: Գյուղը շատ է փռված: Վերևի և ներքևի հատվածները իրարից 1600 մ հեռավորության վրա են: Դրանց կապող միակ ճանապարհն անանցանելի ու շատ վատ վիճակում է, ինչը, պարզ է, բարդ խնդրի առաջ է կանգնեցնում մարդկանց: Այդ պատճառով հատկապես ձմռանը, կարելի է ասել, համայնքի բնականոն կենսագործունեությունը գրեթե կաթվածահար է լինում: Տվյալ խնդիրն ավելի քան 30 տարվա պատմություն ունի: Դիմեցինք իշխանություններին, և մեր խնդրանքով ճանապարհի վերանորոգումն ընդգրկվեց կառավարության ծրագրում: Արժեքը` 400 մլն դրամ: 2015 թ. սեպտեմբերից արդեն մեկնարկել են հողային աշխատանքները, ժայռ է պայթեցվել: Հետևում ենք աշխատանքների որակին: Մեր բնակիչներն էլ են մասնակցում դրանց, իրենց հողատարածքներից են տրամադրել համայնքին, որպեսզի ճանապարհի վերակառուցումը ըստ նախատեսվածի և բարձր մակարդակով իրականացվի: Մի խոսքով, ողջ գյուղն է ոգևորված այս կարևոր ծրագրի հնարավորինս արագ կյանքի կոչմամբ…

Պարոն Ալեքսանյանից տեղեկացանք նաև, որ համայնքի 10 տոկոս, ինչպես և Համաշխարհային բանկի, Տարածքային զարգացման հիմնադրամի աջակցությամբ ու համատեղ ֆինանսավորմամբ 2015 թ. կառուցվել է արդի պահանջներին համապատասխան բուժամբուլատորիայի շենք: Կառուցվել է տարեցների զբաղվածության սենյակ` ջեռուցումով ու անհրաժեշտ կահավորանքով: Բարելավվել է խմելու ջրի մատակարարումը, շուրջօրյա ջուր ունեն: Գյուղը ոռոգման համակարգ չունի, ամեն մեկը յուրովի լուծել է այդ խնդիրը, ինչը բավարար չի կարող լինել: Աշխարհագրական դիրքն էլ իր հերթին է դժվարություններ ստեղծում այդ հարցում: Այդուհանդերձ, համայնքապետը նաև այս ուղղությամբ է շարունակում համապատասխան քայլեր ձեռնարկել: Անկախ դրանից, աշխատանք այդ ուղղությամբ տարվել և տարվում է, որպեսզի մարդիկ կարողանան ոռոգել սեփական հողատարածքները:

Վերջին կարկտահարությունից Քաղսիում շատ այգիներ վնասվեցին, ինչը և մարդկանց համար խնդիրներ առաջացրեց` վճարելու հարկերը: Պարզ է, որ այս պայմաններում հնարավոր չէ փոքրիշատե կարևոր ծրագրեր իրականացնելու մասին մտածել: Մտահոգող է նաև այն, որ գյուղը չունի ջրահեռացման համակարգ: Ժամանակին ունեցել են, բայց թալանվել, վերացվել է: Նաև այս խնդրի լուծման ուղիներ են փնտրում: Աշխատանքներ են տարվում երկրորդային փողոցների բարեկարգման և լուսավորության ապահովման ուղղությամբ: Ի դեպ, կանգառներն են վերականգնվել:

Վերականգնման կարիք ունի նաև մշակույթի տունը, որը չի գործում: Պահանջվող գումարը բավականին մեծ է, ուստի առանձին բարերարների աջակցության կարիք է զգացվում: Նախնական, դեռևս ոչ որոշակի պայմանավորվածություններ կան դրամական միջոցների հատկացման առումով: Շնորհալի երեխաներ ունեն, որ ընդգրկված են պարի, կարուձևի, բազկամարտի և այլ խմբակներում:

Այստեղ համայնքապետը բնակիչների հետ ավելի շատ ընկերական ու բարեկամական, քան պաշտոնեական հարաբերություններ ունի: Շատ գործեր հենց ընկերների միջամտությամբ ու օգնությամբ են արվում: Ընկերական ներուժը ներդրվում է համայնքի զարգացման գործում: Ընկերները հուսալի թիկունք ու ապավեն են: Սահակ Ալեքսանյանի խոսքերով, առանց ընկերական կապերի այսօր անհնար է հաջողության հասնել: Գոյություն ունեն արժեքներ, որոնք որոշվում են ընկերության ու բարեկամության միջոցով:

Ընկերությունը պահելը դժվար է, իսկ լավ ընկերության դեպքում այդ խնդիրն առավել քան հեշտանում է: Ունի 50 տարվա ընկերներ, ում հետ միասին են թե՛ ուրախության և թե՛ տխրության պահերին. <<Ընտանիքներով ենք ընկերություն անում: Երբ ընկերությունը հասնում է այն մակարդակին, որ արդեն մտերմանում ենք նաև ընտանիքներով, նշանակում է` բարեկամություն է ստեղծվել: Այն կարգի, որ արդեն ամոթ ենք համարում մեր երեխաներին իրար հետ ամուսնացնել…>>:

Գյուղապետն իր հնարավորություններով կանգնած է իր գյուղացու կողքին, նաև` անձնական խնդիրները լուծելիս: Լավ է զգում իրեն, բավարարված, երբ կարողանում է պիտանի լինել, օգուտ տալ, աջակցել մարդկանց:

 

SHARE