Քայլ առ քայլ ձգտել առաջընթացի

0
29
Քանի որ պետության ներկայիս հնարավորությունները սահմանափակ են…

Աջակցում

    Վաչագան Վարդանյանը, ով 2010-ից ղեկավարում է Լոռու մարզի Լեռնավան համայնքը, կրկին առաջադրել է թեկնածությունը մարտի 9-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին: Խոսելով կատարված աշխատանքների մասին, պարոն Վարդանյանը տեղեկացրեց, որ ասֆալտապատվել է գյուղ մտնող ճանապարհը, հարթեցվել են գյուղամիջյան և հանդամիջյան ճանապարհները, կատարվել է ինչպես խմելու ջրի, այնպես էլ ոռոգման ջրատարների վերանորոգում և այլն: Ունեցած հնարավորությունների սահմաններում տարբեր աշխատանքներ են իրականացրել, ինչը նշանակում է, որ կապիտալ աշխատանքներ ի վիճակի չեն եղել անել` ելնելով համայնքի բյուջեի սուղ միջոցներից: Ներկայումս ուժի մեջ է գյուղապետարանի շենքի կառուցման նախագիծը: Գյուղ են հրավիրել ՀՀ քաղաքաշինության նախարարին, ով տեղում ծանոթանալով իրավիճակին, խոստացել է, որ գարնանը կսկսվեն գյուղապետարանի շենքի կառուցման աշխատանքները: 
      Համայնքի ղեկավարի խոսքով, իրենց բյուջեում ունեն տնտեսված միջոցներ, որոնք պետք է ներդրվեն գյուղի համար ակումբ կառուցելու նպատակի համար: Նախատեսվել է 4 մլն դրամ: Ունեն խորքային հոր, և պետք է պոմպ տեղադրեն, որպեսզի խմելու ջրի քանակն ավելացնեն: Բացի այդ, վերանորոգել են չաշխատող մյուս պոմպը և օրական 2-3 ժամ միացնում են` խմելու ջուր ապահովելու համար: Դա բյուջեի միջոցներով է արվել: Նոր ծրագիր են ներկայացրել <<Շեն>> կազմակերպությանը` ոռոգման ցանցը ընդլայնելու, վերանորոգելու նպատակով: Այստեղ համայնքն իր բաժին ներդրումը կունենա` 10 տոկոս: Խոստացել են այս տարի այդ աշխատանքներն իրականացնել: Ոռոգման ջրի խնդիր կա, քանի որ եղածը քիչ է, չի բավարարում:  Խմելու ջրի ընդհանուր ջրատար ցանցի 10 կմ հատվածը քայքայված է, վերանորոգման կարիք ունի: Ջրամատակարարման բարելավման նպատակով պետք է խորքային հորերից մեկը ևս միացնել ցանցին:
    Գյուղի գլխավոր ճանապարհի 1,5 կմ հատվածում գիշերային լուսավորություն է անցկացվել, տեղադրվել է ավտոկանգառ: Մանկապարտեզի շենքը երկրաշարժից փլվել է, չունեն: Գլոբալ շատ խնդիրներ կան, որոնք պետք է իրենց լուծումը գտնեն ընտրվելուց հետո: Այդ խնդիրները ներառվել են նաև համայնքի զարգացման քառամյա ծրագրում: Առաջնահերթը, ըստ պարոն Վարդանյանի, գյուղապետարանի շենքի կառուցումն է: Ոչ պակաս կարևոր է նաև մանկապարտեզի շենքի կառուցումը, քանի որ մինչև 5 տարեկան 116 երեխա կա համայնքում: Տվյալ հարցով ևս դիմել են կառավարություն, իրավասու մարմինների և սպասում են նրանց պատասխանին: Ծրագրված է նաև դպրոցի համար մարզադահլիճ կառուցել, ինչը ևս համայնքի բյուջեի միջոցներով լուծվելիք խնդիր չէ, պետք է ինչ-որ ծրագրում ընդգրկվել: Այլ ծրագրեր ևս, ինչ խոսք, կան, սակայն առաջնահերթն ու կարևորը վերոնշյալներն են, որոնց լուծումը հրատապ է: 
       Համայնքապետի առաջիկա ընտրությանն առաջադրվել է ևս 3 թեկնածու: Ընդունելով նրանց` լուրջ մրցակից լինելու հանգամանքը, Վաչագան Վարդանյանը համոզված է, որ  ժողովուրդն իր նկատմամբ լավ է տրամադրված, քանզի ինքը հնարավորինն անում է համայնքի յուրաքանչյուր բնակչի համար: Օգնության խնդրանքով դիմածներին անպայման ձեռք են մեկնել: Դպրոցահասակ մինչև 10 տարեկան երեխաներին Նոր տարվա միջոցառումներին նվերներ են հատկացրել: Հնարավորությունների սահմաններում աջակցել են կարիքավոր ընտանիքներին: Բնական է, որ ոչ բոլոր հարցերում են կարողացել օգնել, ինչն առաջացրել է բնակիչների արդարացի դժգոհությունը, սակայն, համենայնդեպս, վերջին 4 տարիներին համայնքում մթնոլորտը խաղաղ ու հանգիստ է եղել: Առաջիկա ընտրությունները ևս, կասկած չկա, անցնելու են օրինականության սահմաններում:

SHARE