Քանաքեռավանում մարդիկ իրենց պաշտպանված են զգում

0
35

Տեղի իշխանության, նրա ղեկավարի սրտացավության ու նվիրումի շնորհիվ…
 Փետրվարի 12-ին ՏԻՄ ընտրություններ են նաև Կոտայքի մարզի Քանաքեռավան համայնքում: Եվ կրկին քանաքեռավանցիների համառ պահանջով իր թեկնածությունն է առաջադրել 1999 թվականից համայնքի ղեկավարումն  ստանձնած Ջիվան Քամալյանը:  <<Այս տարիների ընթացքում համայնքի համար շատ մեծ աշխատանքներ են կատարվել, և բնակիչներն էլ ինձ ընդունում են, ահա թե ինչու նորից առաջ է քաշվել իմ թեկնածությունը>>,-այսպես ասաց գործող համայնքապետը: Միաժամանակ հավելեց, որ անելիքներն էլ դեռ շատ են, և կիսատ գործերն ավարտին հասցնելու անհրաժեշտություն է զգացվում:    
    Մասնավորապես, գյուղը եկեղեցի չունի: Նախագիծն արդեն պատրաստ է, և պետք է սկսեն դրա կառուցումը, որը իրականություն կդառնա ինչպես համայնքի, այնպես էլ որոշակի կարողության տեր առանձին քանաքեռավանցիների միջոցների ներդրման շնորհիվ: Պետք է լուծվի գյուղի գիշերային լուսավորության ապահովման հարցը, ինչը և նախատեսված է համայնքի զարգացման քառամյա ծրագրով: Մանկապարտեզի երկրորդ մասնաշենքի վերանորոգման աշխատանքներն ավարտին հասցնելու հարցն է նաև օրակարգում: Հաջորդը հանդիսությունների սրահի խնդիրն է` անհրաժեշտ գույքով ու սպասքով ապահովելով հանդերձ: Ահա այս թվարկածն անելուց հետո կմնա պահպանել եղածը և ժամանակին համընթաց քայլել ու զարգանալ: 

    Քանաքեռավանի հենց մուտքից զգացվում է համայնքի բարեկարգ լինելու հանգամանքը: Բնակիչների համար ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները: Պարոն Քամալյանը նախ կարևորեց այն, որ 100-105 տոկոսով կատարում են համայնքի բյուջեն, որը հասնում է 52 մլն դրամի:Անգամ դժվարին պայմանների առկայության դեպքում էլ մարդիկ անտրտունջ վճարում են հողի և գույքի հարկերը, քանզի վստահ են, որ այդ միջոցները երբևէ չեն փոշիացվի և կծառայեն իրենց բուն նպատակին: Միայն 5 մլն դրամ է կազմում գյուղացիների օգնության հիմնադրամը, որը կոչված է կարիքավորներին ձեռք մեկնելու և ֆինանսական ծախսերը հոգալու համար: Գյուղապետի խոսքերով, ցանկացած խնդիր առաջանալիս իրենց գյուղացու կողքին կանգնած են: Այսպես, օրինակ, նախորդ տարի վճարել են օգտագործած ջրի դիմաց իրենց գյուղացիների ունեցած 600 հազար դրամ պարտքը: Այո, երբևէ թույլ չեն տվել, որ բանը հասնի դատարանին կամ այլ միջոցների գործադրմանը: Մարդիկ այստեղ իրենց պաշտպանված են զգում` շնորհիվ համայնքային իշխանության: Պետության կողմից հատկացվող օգնությունները գտնում են իրենց բուն հասցեատերերին: Խոսքը, մասնավորապես, ցորենի սերմացուի, պարարտանյութի և դիզվառելիքի մասին է:

      Համայնքի բյուջեի հաշվին ամեն շաբաթ աղբահանություն է կատարվում: Երեխաների կրթության ու դաստիարակության, գեղագիտական ճաշակի զարգացման և ազատ ժամանցի կազմակերպման համար ստեղծված են բավարար պայմաններ: Կարելի է ասել, որ այս տեսանկյունից չեն զիջում քաղաքային բնակավայրերին, անգամ, երեխաների բարեկրթության աստիճանը նկատի առնելով, առավելություն էլ ունեն: Քանաքեռավանի հպարտություններից է 120 աշակերտով` վերանորոգված ու կահավորված արվեստի դպրոցը, որը վերջերս ռոյալ էլ ունեցավ: Մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը հասնում է 60-ի: Գործում է նաև վերանորոգված մշակույթի տունը, որտեղ տեղավորված է 8000 կտոր գրքով գրադարանը: Գյուղապետարանի շենքում ևս վերանորոգման աշխատանքներ են կատարվել` փոխվել են դռներն ու պատուհանները, ջեռուցում է անցկացվել, մի խոսքով, աշխատողների համար բարեկեցիկ պայմաններ են ստեղծված: Բնակիչներն ապահովված են շուրջօրյա խմելու ջրով, ոռոգման ջրի խնդիր ևս չկա` 3,5 կմ երկարությամբ ջրագիծ է կառուցվել: Մշակույթի տունն իր հետաքրքրություններով ձգում է գրեթե բոլորին: Այստեղ կա համակարգչային կենտրոն,գործում են թենիսի, բիլիարդի և շախմատի սրահներ, տարեցներն ունեն իրենցզբաղմունքի սենյակը: Գյուղապետի խոսքերով, իրենց բնակավայրը քաղաքի տպավորություն է թողնում` թե բարեկարգ վիճակով, թե բնակիչների նիստուկացով, կուլտուրայով ու ապրելակերպով: Բնակչության կենսամակարդակը բարձր է: 
     Բարեկարգ են գյուղի փողոցները: 2010թ. գյուղի հիմնադրման 50-ամյակին նվիրված մեծ խաչքար է տեղադրվել, ինչում թե գյուղապետն է ներդրում ունեցել, թե գյուղացիները: Քանաքեռավանում, իրոք, սիրում ու հարգում են իրենց համայնքի ղեկավարին` արած գործի, աշխատանքի,հարգալից վերաբերմունքի, սրտացավ ու մարդկային լինելու համար: Գյուղացիների հավաստմամբ, Ջիվան Քամալյանն ունի օրինակելի ընտանիք, բարեկիրթ ու բարձրագույն կրթություն ստացած երեխաներ: Ողջ գյուղի հանդեպ է նրա հոգատարությունն ու նվիրվածությունը: Խառնվածքով խաղաղ ու հավասարակշռված անձնավորություն լինելով, նույնը փոխանցել է շրջապատի մարդկանց, գյուղին: Դիմացինին հարգել գիտի, մարդկանց վերաբերվելու ճիշտ ձև, գնահատում է աշխատողին: Սիրում է կրկնել. <<Եթե չհարգես` չես հարգվի>>:
     Ջիվան Քամալյանն ունի ընկերական մեծ շրջապատ, որի ուժերն էլ նպատակաուղղում է գյուղի հիմնախնդիրների լուծմանը: Կոտայքի մարզպետը շատ ու շատհարցերում է ընդառաջում համայնքին և նրա բնակչությանը, ինչում էական դեր են խաղում նաև համայնքապետի հետ ունեցած ընկերական ու մարդկային ջերմ հարաբերությունները: Ջ. Քամալյանի համար ընկերությունը հարազատությունից էլ բարձր հիմքի վրա է: Դրան քաջատեղյակ են իր ընտանիքի անդամները: Նրա մանկության երկու ընկերներն աշխատում են գյուղապետարանում` աշխատակազմի ղեկավար և շինարարության գծով տեղակալ, երկուսին էլ շատ է վստահում: Ինչպես ինքն է խոստովանում, ցավիդ, դարդիդ կամ նեղությանդ մասին միայն ընկերոջդ կարող ես ասել: 
    <<Ինչ որ կուզես ընկերդ քեզ համար անի, դու այդ արա ընկերոջդ համար>>,-ահա այս սկզբունքով է առաջնորդվում Ջիվան Քամալյ անը: <<Ուզում ես լավ բան անի ընկերդ քեզ համար, առաջինը դու արա: Այդպես էլ ես ապրում եմ: Երբևէ չեմ սպասում, որ ընկերս ինչ-որ հարցով դիմի: Գտնում եմ, որ պետք է անել, առանց ասելու էլ անում եմ: Ընկերս պիտի ազնիվ ու շիտակ լինի: Ճիշտը դիմացինի երեսին ասող եմ և սիրում եմ, երբ ընկերս էլ այդ կերպ է վարվում: Ունեմ 64 տարեկան աշխատանքային ընկեր, ով նաև հորս ընկերն է: Երբեք չեմ ուզենա կորցնել նրան, որովհետև ուղիղ, շիտակ ու ռեալ մարդ է: Ընկերոջ երեսին սխալը պիտի ասել, և եթե ընդունեց, ուրեմն պետք է ներես: Ունեմ շատ լավ ընկերներ, ովքեր իմ գործում նաև ինձ թև ու թիկունք են>>,-ասաց Ջ. Քամալյանը:
SHARE