Քիչ խոստում, շատ գործ

0
6

Որքան էլ դժվար լինի, չկորցնել լավատեսությունը…

Հավատ

-Աշխատում եմ 2002 թվականից,- <<Ընկեր>>-ի հետ զրույցում ասաց Արարատի մարզի Նորաբաց համայնքի ղեկավար Գալուստ Գալստյանը:- 2016-ին կրկին վերընտրվեցի, ինչն իմ աշխատանքի արժանի գնահատականն էր: Նախ ասեմ, որ ժողովուրդն, ընդհանրապես, փոխվել է: Կյանքն առաջ է ընթանում, աշխարհն անընդհատ զարգացման ճանապարհի վրա է, և, հետևաբար, մարդկանց պահանջներն ու հետաքրքրություններն էլ ժամանակի հետ ավելանում ու ավելանում են: Ասենք, պարտադիր աղբահանության իրականացմամբ կամ արտաքին լուսավորության ապահովմամբ այսօր մարդկանց չես զարմացնի` արդեն սովորական ու առօրեական են դարձել: Անկախ այս ամենից, աշխատածս տարիներին ջանացել եմ ժողովրդի հետ ազնիվ ու անկեղծ լինել: Արել ենք այն, ինչը հնարավոր է եղել, խոստումներն էլ իրատեսական ու իրագործելի են եղել: Մարդկանց գիտակցական մակարդակն էլ ժամանակի հետ, բնականաբար, բարձրանում է, այնպես որ շատ լուրջ ու պատասխանատու պիտի լինել ամեն խոսք արտաբերելիս և ամեն քայլ կատարելիս: Շատ ժամանակ խոսք տալուց փորձում ենք ավելի քիչ ասել, որպեսզի անելուց հետո գնահատականն առավել բարձր լինի, քանզի մեր ժողովուրդն արդեն ավելի իրավագիտակից է: Կոնկրետ գործերը բազմաթիվ ու բազմակողմանի են` սկսած կոմունիկացիոն աշխատանքներից և վերջացրած խմելու, ոռոգման ջրի ապահովմամբ: Կառուցել ենք ժամանակակից բուժամբուլատորիա: 2014 թ. եկեղեցու բացումն էր: Մանկապարտեզը ոչ միայն սկսել է ողջ տարին անխափան գործել, այլև կարողացել ենք այնպես անել, որ այստեղ յուրաքանչյուր ընտանիքից հաճախող ամեն երկրորդ երեխայի դեպքում վարձավճար չի գանձվում: Ընթացիկ տարում, ավագանու համաձայնությամբ, ամառային կինոթատրոն / իր ամֆիթատրոնով, նստարաններով/ կառուցելու ծրագիր ունենք: Համոզված ենք` մի նոր մշակութային գեղեցիկ օջախ ենք ունենալու: Նախագծա-նախահաշվային բոլոր աշխատանքներն ավարտված են, մնում է սկսել շինաշխատանքները: Այն կառուցվելու է եկեղեցու հարակից տարածքում: Մեր նպատակներից մեկն այն է, որ համայնքն ունենա բնակիչների հանգստի, ժամանցի գեղեցիկ ու լուսավոր կենտրոն, հաճելի զբոսավայր…

Պարոն Գալստյանը չի թաքցնում հպարտության զգացումը հատկապես եկեղեցու կառուցմանն անդրադառնալիս` ընդգծելով, որ այդ գործում ընդհանուր համախմբվածություն դրսևորվեց, յուրաքանչյուրն իր բաժին մասնակցությունն ունեցավ, ամեն մեկն իր հնարավորությունների չափով: Առանձնահատուկ կարևորում է այն մարդկանց, որ ունեցած վերջին հնարավորությունը ներդրեցին տվյալ գործում: Մի քանի տարում կարողացան ավարտի հասցնել այդ կարևոր կառույցի շինարարությունը: Մեծ էր նաև համագյուղացի ընկերների մասնակցության բաժինը: Մասնավորապես` Համլետ Միրզոյանի և Արմեն Եղյանի: Գնահատելի է նաև այն, որ ոչ ոք չի ցանկացել իր արածի մասին բարձրաձայնվի: Մարդկանց համախմբել է բարի ու աստվածահաճո գործը, բոլորը մեկ մարդու պես կանգնել են համայնքի ղեկավարի կողքին: Վերջինիս համար էլ առաքելություն է իր ժողովրդին ծառայելը:

Պատահական չեն այն հարգանքն ու վստահությունը, որ Գալուստ Գալստյանը վայելում է համայնքում: Իսկ դա նվիրված ու տքնաջան աշխատանքի գնահատականն է, մարդկանց օգտակար լինելուն և ամեն հարցում սատարելուն ուղղված ջանքերի արդյունք: Նրա խոսքով, հարգանքը չի կարող լինել ի պաշտոնե, այն պիտի վաստակես և վաստակածդ էլ կարողանաս պահել…

Գյուղն, իհարկե, զարգացող յուրահատուկ օրգանիզմ է, և որքան էլ աշխատանք տարվի, միևնույն է, ժամանակի հետ նոր խնդիրներ ու պահանջներ են առաջ գալիս, նորոգման ու վերակառուցման աշխատանքներն էլ իրենց հերթին են անպակաս: Նորաբացի թիվ մեկ խնդիրը ճանապարհների ասֆալտապատումն է, ինչը համայնքի ուժերից վեր է: Դիմել են կառավարություն` խոստացել են հաջորդ տարի լուծում տալ խնդրին: Հաջորդ կարևոր հարցը մարդկանց զբաղվածությանն է վերաբերում, աշխատատեղերի ստեղծմանը:

Գլխավորն, ի վերջո, մնում է այն, որ մարդը չթողնի տունուտեղը և բռնի արտագաղթի ճանապարհը: Մնա իր ծննդավայրում և շենացնի հայրենի հողը: Ուստի և շատ կարևոր է, որ հույսն ու հավատը երբևէ մարդկանց չլքեն, որ վաղվա օրվա նկատմամբ լավատեսությունն անմար մնա: Գալուստ Գալստյանը հավատացած է, որ մեր երկրի համար դեռ շատ լավ ժամանակներ են գալու, միայն թե խաղաղություն լինի…

 

SHARE