Օգնական ու աջակից…

0
21
Փոխըմբռնում

    Արթուր Մանուկյանը, ով Արարատի մարզի Այգեզարդ համայնքը ղեկավարում է 2000 թվականից, այս կիրակի կայանալիք ընտրությանը դարձյալ առաջադրել է թեկնածությունը: 
   Ինչպես մեր զրույցում տեղեկացանք պարոն Մանուկյանից, ներկայումս փոխվում են համայնքի խմելու ջրի ջրագծերը, ինչը կենսական նշանակություն ունի Այգեզարդի համար: Համայնքի բյուջեի միջոցներով մի շարք փողոցների ջրագծեր են փոխվել, սակայն քանի որ գյուղը մեծ է, ուստի այդ գործընթացն սկսել են պետական ծրագրերով կյանքի կոչել: Այս աշխատանքները կավարտվեն սեպտեմբերին, ինչի արդյունքում գյուղը ոչ միայն շուրջօրյա ջրամատակարարում, այլև որակյալ ջուր կունենա: Տվյալ աշխատանքին հետևել է փողոցների խճապատումը: 3 փողոց արդեն խճապատվել է, այդ աշխատանքները շարունակվելու են: Զբոսայգին են վերանորոգում` տեղադրելով կարուսելներ: Կենտրոնական ճանապարհի ասֆալտապատման ծրագիր ունեն, որի մի մասն արդեն կատարվել է: 

    Ամենահիմնականը մշակույթի տան վերանորոգումն է, ինչը շատ մեծ գումար է պահանջում: Ծրագրել են, կառավարության ծրագրով, փուլ առ փուլ իրականացնել դա: Բավականին փողոցներ լուսավորվել են, մնացածները ևս ժամանակի ընթացքում  կլուսավորվեն: Ասիական զարգացման ծրագրով ոռոգման ջրի ցանց են անցկացրել, Այգեզարդի ջրանցքով ինքնահոս ոռոգվում են համայնքի հողատարածություններ: Մնում է ոռոգման ներքին ցանցում համապատասխան աշխատանքներ կատարվեն: Մանկապարտեզը կառավարության ծրագրով ամբողջությամբ վերանորոգվել է, ապահովվել գույքով: Գործում է շուրջտարի, ունի երկու խումբ` 60 երեխայով: Գազաֆիկացվել է, ջեռուցում ունի: Եվս մեկ խումբ բացելու անհրաժեշտություն կա, հնարավորության դեպքում կունենան այն: 
    Ընթացիկ տարում դպրոցն ամբողջությամբ կվերանորոգվի, դռներն ու պատուհանները  կփոխվեն: Դպրոցն առանձին ջեռուցում ունի: Համաֆինանսավորմամբ կրկին վերանորոգել են բուժամբուլատորիան, որը նաև հարևան գյուղն է սպասարկում:
     Արթուր Մանուկյանն այն կարծիքին է, որ համայնքի ղեկավարը պետք է ժողովրդի ձայնին ականջալուր լինի, հաշվի առնի նրա կարծիքը, նրա կողքին լինի, ջանա ամեն կերպ բարելավել բնակչի սոցիալ-տնտեսական վիճակը: Ցրտահարության հետևանքով ամբողջությամբ զրկվել են ծիրանի բերքից, ինչն էլ ստիպել է մարդկանց արտագնա աշխատանքի մեկնել: Գյուղատնտեսության ոլորտն առանձնահատուկ մոտեցում է պահանջում, որպեսզի մարդիկ կարողանան այս վիճակից դուրս գալ: Այգեզարդցին, առհասարակ, կապված է հայրենի հողին, շատ աշխատասեր է, բայց ստեղծված աննպաստ պայմանները նրան ծանր դրության առջև են կանգնեցրել: Գյուղում հիմնականում պտղատու և խաղողի այգիներ են, մարդկանց ապրուստը դա է: 
    Այգեզարդը մոտ 4000 բնակիչ ունի: Գործող համայնքապետը շատ լավ է վերաբերվում համագյուղացիներին, ջանում է ամեն կերպ թեթևացնել նրանց հոգսերը: Գյուղապետարանի դռները մշտապես բաց են բոլորի առջև, բարձրացված խնդիրները լուծվում են անմիջապես: Օգնության գումարներ են տրամադրվում կարիքավոր գյուղացիներին: Շատ հարցեր լուծվում են ընկերական շրջապատի շնորհիվ. <<Մեր աշխատանքի առավելությունը ընկերական շրջապատ ստեղծելն է: Որքան շատ ընկերներ ունենաս, այնքան քեզ լավ կզգաս: Ընկերը կողքիդ է մշտապես, փոխադարձ հասկացողությունը շատ մեծ է: Գրեթե բոլոր գյուղապետերի հետ ընկերություն եմ անում: Ընկերությունն ամեն ինչ տալիս է: Ընկերությունից առավել ի՜նչ կարող է լինել: Ընկերությունը պահպանվում է մաքրությամբ, անշահախնդրությամբ…>>: 
     Պարոն Մանուկյանը վերջում հավելեց, որ ընտրություններով պայմանավորված` գյուղում որևէ լարում չկա, ամեն ինչ բնականոն հունով ընթանում է: Գործընթացն արդար ու թափանցիկ է ընթանալու: Ով էլ ընտրվի, նրա ամենամեծ ցանկությունն է, որ կանգնի ժողովրդի կողքին…
SHARE