Օգնենք գյուղի աշխատավորին,

0
13

այլապես ոչ հեռու ապագայում հողի մշակ չենք ունենա…
     Բաղդասար Գաբրիելյանը Արմավիրի մարզի Գրիբոյեդով համայնքը ղեկավարել է 1999 թվականից: 2012 թ. մարտի 27-ին հրաժարական է ներկայացրել` այն պատճառաբանությամբ, որ այլևս չի կարող հանդուրժել ժողովրդի նման ծանր սոցիալական վիճակը: 
   Ըստ նրա, ժողովուրդն այսօր ողբալի վիճակում է, ոտքը, ինչպես ճահճում, խրվել է բանկային համակարգի մեջ և չի կարողանում դուրս գալ` գնալով ավելի խրվելով դրանում: Կարիքը խեղդում է նրան, և չկա մեկը, որ օգնության կամ փրկության ձեռք մեկնի. <<Գյուղնախարարությունը չի սատարում գյուղացուն: Մեր գյուղացին տնամերձ հողամասերի մշակությամբ է զբաղված, ջերմոցային տնտեսությամբ: Սակայն չի կարողանում աճեցրած բերքն իրացնել: Վարունգը 20-30 դրամով չեն կարողանում տեղում վաճառել, երբ այն շուկայում 150-200 դրամից պակաս չէ: Գյուղացին լրիվ անպաշտպան վիճակում է: Ահա թե ինչու ելքը մնում է արտագնա աշխատանքի մեկնելը: Այսօր մեր գյուղից 280 մարդ բացակայում է: Եթե Արարատյան դաշտի գյուղացին էլ է թողնում ծննդավայրը և հեռանում, ապա դա արդեն իսկական աղետ է երկրի համար: Մարդիկ ստիպված պարտք են խնդրում այստեղ-այնտեղից, որպեսզի կարողանան փակել բանկերի բարձր տոկոսադրույքները: Ահա, այս վիճակը տեսնելով, հրաժարվեցի գյուղապետի  պաշտոնից, թեև անցած 12 տարիներին կատարվածը զգալի է: Նախանշված ծրագրերը, կարելի է ասել, ամբողջովին կատարվել են: Կա գլոբալ մի խնդիր` կենտրոնական ճանապարհի ասֆալտապատումը, որի իրականացումը մեծ գումարների հետ է կապված և, հետևաբար, վեր է համայնքի բյուջեի հնարավորություններից: Չեն էլ ընդգրկում համապատասխան ծրագրերում, քանի որ սահմանամերձ համայնք չենք: Մեր գյուղացիներն անգամ հողի և գույքի հարկերը չեն կարողանում վճարել, չես էլ կարող պահանջել, որպեսզի գոնե ցուցանիշ երևա, գյուղապետին չմեղադրեն… Գյուղի ջրաղբյուրը Ակնա լիճն է: Ոռոգման ջուրը պոմպերով մղվում է 7-8 կմ` անցնելով 4 գյուղով: Մերը վերջին կետն է և, բնականաբար, դժվարությամբ է տեղ հասնում: Գիշեր-ցերեկ աշխատանք է պահանջվում, որպեսզի գյուղացու աճեցրածը չփչանա: Ջրթողի կետերում պետք է հերթապահես, որ գյուղ ջուր հասնի: Անցած երկու ամիսներին, իմ բացակայության շրջանում, գյուղացու վիճակն էլ ավելի է վատացել, ինչում կա նաև մեղքի իմ բաժինը: Ջուր չլինելու պարագայում վտանգի տակ է գյուղացու ողջ տարվա ապրուստը: Ես հրաժարվեցի, որպեսզի գա ավելի երիտասարդը, գյուղը կարողանա ոտքի կանգնեցնել, բայց տեսնում եմ, որ կարող է ավելի վատթարը պատահել, ուստի կրկին առաջադրել եմ թեկնածությունս հունիսի 24-ին կայանալիք գյուղապետի ընտրություններին: Ընդ որում` գյուղացու համառ պահանջով…>>:

    Խոսելով իր պաշտոնավարման շրջանում կատարված աշխատանքների մասին, պարոն Գաբրիելյանն ասաց. <<1999-ին գյուղում գրեթե ոչինչ չկար: Զրոյից ենք սկսել: ԱՄՆ-ում բնակվող ընկերս` Վիգեն Սամքյանն օգնեց գազաֆիկացման հարցում: Աղբանոցի վերածված կենտրոնական այգին բարեկարգեցինք, ամենամյա ծառատունկ կատարեցինք: Ոռոգման ամբողջովին քանդված ներքին ցանցը Համաշխարհային բանկի միջոցների և համայնքի 10 տոկոս համատեղ ներդրմամբ նորացվեց, տեղադրվեցին 3,5 կմ երկարությամբ ձգվող նոր կիսախողովակներ: Նոր ցանցի կառուցումն արժեցավ 60 մլն դրամ: Լուծվեց խմելու ջրի շատ կարևոր խնդիրը: Գյուղապետարանի միջոցներով ինքնաշատրվանող 3 հոր հորատվեց, յուրաքանչյուրի արժեքը` 4-4,5 մլն դրամ: Այս հորերի ջուրը երկու տարի անց սպառվեց, որից հետո խմելու ջրի մատակարարման ներքին ցանցը վերականգնեցինք: Պոմպեր տեղադրվեցին 17 հորերի վրա` կրկին գյուղապետարանի միջոցներով: Խմելու ջրով գյուղն ապահովված է: Մեր միջոցներով վերանորոգվեց մանկապարտեզի անբարեկարգ շենքը, այսօր ապահովված է նոր գույքով: Ժամանակին իրականացվում է աղբահանությունը: Կարիքավոր ընտանիքներին, վետերաններին առանձնահատուկ վերաբերմունք է դրսևորվել, դրամական օգնություն ցուցաբերվել, օգնել ենք նաև չնախատեսված ու անցանկալի իրավիճակներում և այլն: Վերընտրվելու դեպքում հիմնական ուշադրությունը դարձնելու եմ երիտասարդներին: Մշակույթի տան տանիքը փոխվել է, նրա մի մասը գյուղապետարանի միջոցներով վերակառուցվում է հանդիսությունների սրահի: Այս աշխատանքն ավարտի կհասցնենք: Հնարավորություն կա բացելու վերամշակման փոքր գործարան, ինչով թե աշխատատեղ կբացվի, թե բերքի որոշակի մասի իրացման խնդիրը կլուծվի: Ամեն ինչ պետք է անել, որ գյուղացին տեղում աշխատանք, զբաղմունք ունենա, եկամուտ ստանա, որպեսզի չթողնի ծննդավայրն ու արտագնա աշխատանքի մեկնի: Եթե այսօրվա տենդենցը շարունակվի, ապա մի քանի տարի անց գյուղում աշխատող ձեռք չի մնա: 2500 բնակչից մոտ 500 բացակայող ունենք: Ժամանակն է գլոբալ խնդիրների լուծմանը ձեռնամուխ լինել: Ամենագլխավորը` գյուղացու գործունեությունը խթանող բավարար պայմաններ, միջավայր ստեղծել…>>:
     Նշենք, որ գյուղապետի պաշտոնի համար առաջադրված թեկնածուները երեքն են: Բաղդասար Գաբրիելյանը բոլորին էլ որպես մրցակից տեսնում է, չնայած համոզված է, որ ինքն է հաղթելու: Գյուղում լարվածություն չի նկատվում, մթնոլորտը խաղաղ է ու հանգիստ…
SHARE