Օգնենք, թևութիկունք լինենք միմյանց

0
32
Մարդն ստեղծված է լավ ու բարեկեցիկ կյանքով ապրելու համար…

 Համոզմունք


    Արարատի մարզի Նոր Խարբերդ համայնքը Կամո Կակոյանը ղեկավարում է 2008 թվականից: Առաջադրելով թեկնածությունը սեպտեմբերի 9-ին կայանալիք համայնքի ղեկավարի ընտրություններին, մի շարք առաջնահերթ ծրագրեր ու խնդիրներ կյանքի կոչելու նպատակ ու ցանկություն ունի: 
     Առհասարակ, նրա համոզմամբ, ցանկացած մարդ իր կյանքի ընթացքում մի շարք նպատակներ է ունենում, որոնց իրագործման համար շատ ջանք ու եռանդ է ներդնում: Առանց նպատակների կյանքն անիմաստ ու իզուր է դառնում և չի կարող շարունակվել: Ղեկավարման տարիներին բազմաթիվ ծրագրեր են իրականացվել, ինչի համար թե՛ համայնքային, թե՛ պետական, թե՛ անձնական և թե՛ այլ միջոցներ են ներդրվել: Իսկ որ աշխատանք դեռ մնում է անելու, այն էլ` բավականին շատ, դա ակնհայտ ու պարզ է բոլորի համար…
      Ինչպես մեր զրույցում ասաց պարոն Կակոյանը, Նոր Խարբերդը մայրաքաղաքին գրեթե կպած է և ժամանակին կոչվել է քաղաքատիպ ավան: Խնդիրներ այստեղ եղել են և այսօր էլ կան, քանի որ կյանքը շարունակվում է,  առաջ գնում, հետևաբար, ժամանակի հետ նոր խնդիրների հետ նոր պահանջներ են առաջ գալիս: Արվում է ամեն ինչ, որպեսզի բոլորի համար էլ լավ լինի. <<Կան փողոցներ, որոնք ասֆալտապատվել են, ապահովվել ջրամատակարարմամբ ու գիշերային լուսավորմամբ: Համայնքում ջրամատակարարման ոլորտը <<Երևան ջուր>> ընկերության իրավասության տակ է: Բայց քանի որ այստեղ ոչ այնքան բարվոք վիճակ է, ուստի մենք էլ մեր հերթին օգնում ենք բնակչությանը ջրագծեր անցկացնելու, խողովակներ փոխելու հարցում: Համայնքը սնվում է Գառնիի ջրատարից, ժամային գրաֆիկ է սահմանված, ինչն ավելի ձեռնտու է մեզ, քան արտեզյան խմելու ջուր ունենալը: 
Համակերպվել ենք թեկուզ քիչ, բայց որակյալ ջուր ունենալու այս իրավիճակին: Մեր` սեփական միջոցներով խողովակաշար ենք անցկացրել: Հին թաղամասերում, որտեղ ջրագծերը նախորդ դարի 60-ական թթ. կառույց են և, հետևաբար, արդեն ոչ պիտանի, առայժմ ավելի քան 1 կմ ջրագիծ ենք փոխել: Մյուս փողոցներում ևս, որտեղ նման խնդիր կա, նույնպես ջրագծերի նորացման աշխատանքներ կիրականացնենք: Միջանկյալ փողոցների գիշերային լուսավորության անցկացման աշխատանքներն ավարտին կհասցնենք շուտով: Լուծված է համայնքի գազաֆիկացման խնդիրը: Այս պահին 6 փողոց նորից գազաֆիկացնում ենք, ընդ որում` համայնքի բյուջեի միջոցներով: Նոր թաղամասերում մոտ 500 բնակիչ սեպտեմբերին բնական գազ կունենա: Կարելի է ասել, որ գրեթե 95 տոկոսով գազաֆիկացում ունենք: Մինչև 2013 թ. գազի խնդիր չենք ունենա: Մեր ոռոգման համակարգը <<Երևան>> ՋՕԸ-ի ենթակայության տակ է, ինչը նշանակում է, որ և՛ ջրամատակարարման, և՛ առուների բարվոք վիճակի պատասխանատուն նա է: Անկախ այդ հանգամանքից, մեր հնարավորություններն այդքան էլ մեծ չեն, որպեսզի  անհրաժեշտության կամ ցանկության դեպքում կարողանանք որոշակի մասնակցություն  ունենալ տվյալ խնդրում, ինչը դեռևս անհանգստացնող է…>>:   

        Նոր Խարբերդն ունի 8000 բնակիչ, այստեղ լիարժեք գործում են 2 դպրոց, մանկապարտեզ, մշակույթի տուն, երաժշտական դպրոց: Միակ խնդիրն այն է, որ սահմանափակ են մանկապարտեզի շենքային հնարավորությունները: Այսօր մանկապարտեզ է հաճախում ընդամենը 120 երեխա, այնինչ, հնարավորության դեպքում, այդ թիվը կարող է հասնել 500-ի: Ցանկալի է մանկապարտեզին հարող նոր մասնաշենք /համապատասխան տարածք կա/ ունենալ, ինչի դեպքում խնդիրը կբավարարվի: Մոտ օրերս կսկսեն նոր բուժամբուլատորիայի, որը կունենա 200 քմ տարածք, շինարարական աշխատանքները: Համայնքի ղեկավարի հավաստիացմամբ, բոլոր այն խնդիրները, որոնց լուծումը տեղի իշխանության իրավասության ու հնարավորությունների սահմաններում է, աստիճանաբար ստանում են իրենց լուծումը. <<Խարբերդցուն անհանգստացնող խնդիրը աշխատատեղ ունենալն է, ինչը բնորոշ է մեր ողջ երկրին: Մայրաքաղաքին մոտիկ գտնվելով, մեր կենսագործունեությամբ սերտորեն կապված ենք նրա հետ: Ահա թե ինչու,  մյուս գյուղական բնակավայրերի հետ համեմատած, մեզանում մարդկանց զբաղվածության խնդիրը փոքրիշատե լուծված է: Մինչև համայնքապետ ընտրվելն էլ իմ հնարավորություններով կանգնած եմ եղել մարդկանց կողքին, իսկ հետո առավել պարտավորված եմ զգում և անում եմ առավելագույնը համայնքի զարգացումն ապահովելու համար: Բոլորին հավասարապես եմ վերաբերվում` առանց որևէ տարբերակում դնելու: Եթե անգամ հնարավորություն չի լինում մարդկանց որևէ հարցով օգտակար լինելու, ապա գոնե այնպիսի վերաբերմունք եմ ցուցաբերում, որ մարդը դժգոհ չհեռանա: Ամենակարևորը` փոխադարձ վստահության ու հարգանքի մթնոլորտ  կա  համայնքում,  ինչի  դեպքում անհասկանալի գրեթե ոչինչ չի  մնում…>>:
        Կամո Կակոյանը մարդու մեջ գնահատում է բարությունը, ինչը շատ կարևոր է մարդկային ճիշտ փոխհարաբերություններ ձևավորելու, մտերմություն ստեղծելու առումով: Մեծ է ցանկությունը` շրջապատի մարդկանց տեսնելու բարվոք ու ապահով վիճակում: Բնակիչներից յուրաքանչյուրի համար ընկեր է ու բարեկամ, առավել շատ` երիտասարդների: Առանց երկմտելու և ափսոսանքի կօգնի մատաղ սերնդին, կաջակցի հնարավոր ամեն ինչով: Երիտասարդը պետք է ճիշտ ճանապարհ ընտրի և հանրօգուտ գործունության ոլորտ ընդգրկվի: Անձնական օրինակով ոգեշնչում է երիտասարդներին և ապրում ընկերությունով: Ինչպես ինքը խոստովանեց, ավելի շատ ընկերության հետ է լինում, քան ընտանիքի: Ընդունում է ընկերոջ խորհուրդն ու կարծիքը:
     Համայնքի համար կենսական նշանակության շատ հարցեր լուծվել են ընկերության և ընկերական շրջապատի միջոցով: Շատ մտերիմ ընկերներ ունի, բոլորին այստեղ մատնանշելն անհնարին է: Ընկերություն են անում նաև ընտանիքներով. <<Մարդը պետք է բարի լինի, բարին կամեցող, որպեսզի արժանի լինի ընկերությանը: Մենք` ընկերներով, օրվա 24-ժամյա ընկերներ ենք, ցանկացած պահի իրար կողքի` անկախ ամեն ինչից: Ցանկացած մարդ կարող է սխալվել, և նման դեպքերում ընկերոջն անպայման պետք է ներել` նրան ճիշտը մատնանշելով: Ընկերը թանկ է և չի կարելի նրան կորցնել: Ընկերությունը պահպանելու համար անհրաժեշտ են մարդկային ճիշտ փոխհարաբերություններ: Ցանկալի է, որ մարդկանց սոցիալական վիճակը լավանա, ապրելու ձգտումն առավել մեծ լինի: Ով հնարավորություն ունի, չպետք է զլանա օգնության ձեռք մեկնել կարիքավորին, և, առհասարակ, բոլորս պետք է միմյանց օգնենք` վեր բարձրանալու…>>:

SHARE