Օգտակար, ազգաշահ ծառայություն

0
18

Շնորհ

Կյանքի անսխալ ճանապարհ ընտրելով

Կառլեն Հովհաննիսյանը 12 տարի ղեկավարում է Մեղրաձոր համայնքը: 2016 թ. աշնանը կրկին վերընտրվեց. <<Պարզ է, մեր գյուղացին տեսել է իմ աշխատանքը, և դա նրա կողմից դարձյալ վստահության քվե էր ինձ ու իմ գործունեությանը: Ժողովուրդն, անկասկած, չի սխալվում և այսօրվա պայմաններում ակնկալում է տեղական իշխանության դերի ու պարտականության առավել բարձրացում, առավել նպատակաուղղվածություն: Այս առաջնահերթությունն առավել ևս ինձ է հասանելի և ես ջանում եմ մարդկանց երբևէ հիասթափվելու կամ դժգոհելու առիթ չտալ: Անկախ ամեն հանգամանքից, պիտի օգտակար լինել հասարակությանը, ծառայել ժողովրդին, պետությանը: Ուրիշ ճանապարհ ես չեմ տեսնում: Ժողովուրդն ամեն ինչից քաջատեղյակ է, լավ գիտակցում ու հասկանում է և ճիշտ ընտրություն կատարում: Նրա հետ ազնիվ ու անկեղծ պիտի լինել և նրան արժանիորեն փոխհատուցել: Համայնքի համար բավականին աշխատանք ենք կատարել: Ղեկավարը պետք է մտածի ու գործի ամենատարբեր ուղղություններով, բազմակողմանի` երբևիցե չբավարարվելով ձեռք բերածով: Շատ գոհ եմ իմ ժողովրդից, քանի որ կողքիս կանգնած է և ամեն հարցում ինձ օգնում է: Արդյունքն ակնհայտ է: Այսօր մշակույթի տունը գործում է իր բոլոր հնարավորություններով, բավականին խմբակներ կան: Մանկապարտեզ 90 երեխա է հաճախում: Ունենք բուժամբուլատորիա` նույնպես վերանորոգված, կահավորված: Բարվոք ու լավ վիճակում է նաև դպրոցը: Գյուղը գազաֆիկացված է: Խմելու ջրի լիարժեք ապահովման ուղղությամբ համապատասխան քայլեր ենք ձեռնարկում: Ոռոգման ջրի խնդիր ունենք: Սնվում ենք ցեմենտի գործարանի խողովակաշարից, որն այնքան էլ բավարար չէ: Այս ուղղությամբ ևս փնտրտուքի մեջ ենք` ձգտելով օր առաջ կարգավորել տվյալ խնդիրը: Լուսավորությունը նորմալ է: Համայնքի բյուջեի հնարավորությունը թույլ չի տալիս մեզ ասֆալտապատում անել, ուստի դիմել ենք կառավարություն…>>:

Գյուղապետն այն համոզմանն է, որ համայնքի զարգացումը պայմանավորված է ճիշտ ղեկավարմամբ ու խելացի տնտեսավարմամբ: Եթե ղեկավարը ճիշտ կազմակերպի աշխատանքները, ապա արդյունքն անխուսափելի կլինի: Կառլեն Հովհաննիսյանն ավագ ընկեր ունի` Ալեքսան Հարությունյանը, ում մտերմաբար գյուղում <<Ցար>> են կոչում: Իր ուսուցիչն է եղել, մշտապես հետաքրքրված է բոլոր աշխատանքներով, ծրագրերով, պարբերաբար ահազանգում է` ինչն այն չէ կամ չի արվել:

Պարոն Հովհաննիսյանը մեծապես կարևորում է ընկերների դերն ու նշանակությունը կենսագործունեության բոլոր ոլորտներում: Համայնքի բյուջեի միջոցները սուղ են, իրենց հնարավորությունները` փոքր, ուստի և եթե չլինեին ընկերների, առանձին մարդկանց աջակցությունն ու բարի կամքը, ապա հնարավոր չէր լինի այդքան աշխատանք կատարել: Ընկերները կողքին կանգնած են: Ըստ նրա, ընկեր լինելը հեշտ չէ: Ընկերը խորհրդանիշ է, յուրօրինակ ուղենիշ, որը մարդուն առաջնորդում է կյանքում: Լավ ընկեր ունենալը հեղինակություն է, հարգանք ու պատիվ: Դա աստվածային շնորհ է, որն ամեն մեկի տրված ու հասու չէ: Ընկերությունը գործով է ապացուցվում, և առհասարակ ամեն քայլդ պիտի կշռադատես ու անսխալ ճանապարհ ընտրես…

SHARE