Օգտակար լինել գյուղացուն

0
16
 Նրան ոտքի կանգնելու, մեջքը շտկելու հնարավորություն տալ…

Առաջնահերթ
   

     Արմավիրի մարզի Մայիսյան համայնքի ղեկավար Եսայի Մովսիսյանի թեկնածությունը ՀՀԿ-ի կողմից առաջադրվել է այստեղ սեպտեմբերի 9-ին կայանալիք ՏԻՄ ղեկավարի ընտրությանը: Համայնքում միաժամանակ կայանալու են ավագանու ընտրություններ: 
       Եսայի Մովսիսյանը համայնքը ղեկավարում է 1991 թվականից: Մրցակիցներ այս տարիների ընթացքում, բնականաբար, ունեցել է, սակայն առաջ է անցել բոլորից էլ` կատարած աշխատանքի, նշանակալի ներդրման ու մարդասիրության շնորհիվ: 21 տարին բավականին ժամանակահատված է. համայնքապետն իր ժողովրդին է սովորել, ժողովուրդն` իր ղեկավարին: Միասին դժվարին ու ծանր օրեր են անցկացրել, հաղթահարել բազում փորձություններ, մի խոսքով` միասին ճանապարհ անցել: Այդ ընթացքում զգալի գործ, աշխատանք է արվել…
     Գյուղն ամբողջովին գազաֆիկացվել է, խմելու ջրի հարցն է լուծվել, ներտնտեսային ցանցեր են վերանորոգվել ու վերակառուցվել, կառուցվել է զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձան: Այս և մնացած աշխատանքների հիմքում ժողովրդին օգտակար լինելու ձգտումն ու ցանկությունն է եղել: Կրկին առաջադրվելն էլ այն հիմնական նպատակն ունի, որ սկսած գործերը բարեհաջող ավարտվեն, նոր ձեռնարկումներ կյանքի կոչվեն և առաջընթացն արժանի շարունակություն ունենա: Այդուհանդերձ, համայնքապետին չի կարող չմտահոգել այն, որ գյուղացու ապրուստի հնարավորությունները գնալով դժվարացել են: 
Գյուղացին տքնում, չարչարվում է, ներդրումներ անում, մթերք արտադրում, որի և՛ գինն է ցածր, և՛ սպառումն է անչափ դժվար: Գյուղացին մեն-մենակ է մնում իր այս հոգս ու ցավի հետ, նրա կողքին կանգնող, օգնական ու աջակից չկա: Հնարավորություն պետք է տրվի, որպեսզի գյուղի ժողովուրդը ոտքի կանգնի, այլապես նա ի վիճակի չի լինի անգամ հողի, ջրի վարձերը վճարելու… Պետությունը պետք է կանգնի գյուղացու կողքին, ընդառաջի նրան, աջակցի հնարավոր ամեն ինչով: Պետական աջակցություն, ինչ խոսք, այսօր կա` մատչելի գներով պարարտանյութի, վառելանյութի հատկացում և այլն, սակայն դա դեռևս շատ քիչ է: Ամեն կերպ պետք է գյուղացուն ծանր վիճակից դուրս բերել, բնականոն զարգացման ճանապարհին դնել նրան, ապա միայն հարկ ու տուրք պահանջել…

        Պարոն Մովսիսյանի խոսքերով, համայնքների ղեկավարների վիճակն այսօր անչափ բարդ ու աննախանձելի է: Քանի որ կառավարության կողմից որոշում ընդունվեց ներել գույքահարկի և հողի հարկի գծով նախորդ տարիների ապառքներն ու հաշվարկված տույժերը, ուստի շատ գյուղացիների մոտ այն մտայնությունն է ձևավորվում ու ամրապնդվում, որ յուրաքանչյուր ընտրության նախաշեմին գործադիր իշխանությունը նման նախաձեռնություն կդրսևորի: Իսկ դա նշանակում է, որ կարելի է չմուծել հարկերը` սպասելով հերթական ընտրությանը… Ոչ ոք այսօր դեմ չէ, որ գյուղացին աջակցություն ստանա և նրա ծանր բեռը հնարավորինս թեթևացվի: Սակայն երբ դա արվում է ինչ-որ բանի հաշվին, ապա դրա նպատակահարմարությունն այնքան էլ տեղին ու արդարացված չէ: Մասնավորապես, տվյալ նախաձեռնությունը հարվածում է գյուղապետարանների բյուջեներին` վտանգի տակ դնելով ՏԻՄ-երի ենթակայությամբ գործող կառույցների բնականոն գործունեության ապահովումը: Իսկ ամենամտահոգողն այստեղ, թերևս, այն է, որ պարտաճանաչ հարկատուների շրջանում արդարացի դժգոհություն է առաջանում, քանզի նման կերպ խրախուսվում են հարկերից խուսափողները: Դե, գյուղապետ, արի ու այսքանից հետո մարդկանց ասա, համոզիր ու բացատրիր, որ պետք է հարկերը վճարել… 
       -Այս տարի արտակարգ պատահար գրանցվեց,-նշեց համայնքի գործող ղեկավարը:-Ուժեղ կարկտահարության հետևանքով Աշտարակի տարածքից սելավն ամբողջ կարկտի սառցաբեկորները բերեց, լցրեց մեր սելավատարը: Ջրածածկ եղավ մեր վարչական տարածքի 43 հեկտար հողատարածք` վնասելով ողջ մշակածն ու զրոյի հավասարեցնելով գյուղացու ներդրածը: Ճիշտ է, մարզպետի նախաձեռնությամբ հանձնաժողով կազմվեց, կառավարությունից համապատասխան մասնագետներ ժամանեցին, տեղում  գնահատվեց վնասի չափը, սակայն առայսօր որևէ արձագանք չկա…
       -Կրկին վերընտրվելուց հետո առաջնահերթ ո՞ր խնդիրն եք լուծելու:
    -Առաջին հերթին ճանապարհների ասֆալտապատման հարցը պետք է լուծվի: Մշակույթի տունը թեև գործում է, բայց վերանորոգման կարիք ունի: Այս երկու կարևոր խնդիրների լուծումն էլ ներառված է համապատասխան ծրագրերում: Նախատեսված է գալիք տարում իրականացնել: Հարց է բարձրացվել վարչապետի առջև 30 հեկտար հողատարածքի ոռոգման խնդրի լուծման վերաբերյալ: Ժամանակին այստեղ գործել են խորքային հորեր, և այդ ճանապարհով խնդիրը լուծվել է: Պետք է վերանորոգել այդ հորերը և ջուրը մղել տվյալ տարածքները: Անելիք շատ կա, միայն թե ֆինանսական միջոցների հարցը լուծվի: Հուսով ենք, որ պետական աջակցությամբ կկարողանանք փոքրիշատե գործերն առաջ տանել և օգտակար լինել մեր գյուղացուն: Այստեղ և, ընդհանրապես, բոլոր խնդիրներում մեծ դեր ունի ընկերական շրջապատը: Այսօր եթե կողքիդ լավ մարդիկ չլինեն, ընկերներ չունենաս, ապա չես կարողանա, պարզապես, շատ հարցեր լուծել, հաջողության հասնել: Այսինքն, մարդկային գործոնը ոչ պակաս կարևորություն ունի համայնքային գործերի տեղաշարժի և ընդհանուր առաջընթացի մեջ: Ամեն դեպքում, անկախ ամեն ինչից, շարունակելու եմ նույն ջանադրությամբ ու նվիրումով աշխատել` ի շահ իմ գյուղացու, ի շահ համայնքի…
SHARE