2013-ը` Սայաթ-Նովայի տարի

0
33
Մեծ աշուղի 300-ամյա հոբելյանն առավել պատշաճ վերաբերմունքի 
ու գնահատանքի էր արժանի…
Արժևորում

  -2010 թվականին դիմեցի ՅՈՒՆԵՍԿՕ` Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյա հոբելյանի կապակցությամբ միջազգային փառատոն և գիտաժողով անցկացնելու առաջարկով: 2012-ին արդեն ուրվագծվեց, և 2013-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ ամբողջությամբ սկսեց իրագործվել Սայաթ-Նովայի հոբելյանին նվիրված ծրագիրը` սկսած տարվա առաջին համերգներից, որոնք նվիրվեցին մեծ աշուղին, Վարդատոնը, և վերջացրած համերգ-դասախոսություններով` ինչպես դպրոցականների համար, այնպես էլ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում: Այնուհետև` էլի համերգներ Սայաթ-Նովայի 300-ամյակի շրջանակներում, և այժմ էլ անցկացնում ենք նրա հոբելյանին նվիրված միջազգային գիտաժողովը, որին մասնակցում են ինչպես հայաստանցի, այնպես էլ արտասահմանցի  գիտնականներ,-այս մասին մեզ տեղեկացրեց անսամբլի ղեկավար պրոֆեսոր Թովմաս Պողոսյանը նոյեմբերի 8-ին կայացած այդ գիտաժողովի ժամանակ: Հավելեց, որ զեկույցները հայագիտության, հայ մշակույթի, երգարվեստի, հայկական  երաժշտության շրջանակներում են: ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո 2013-ի այդ  միջոցառումներն ավարտվեցին դեկտեմբերի 12-ին <<Արամ Խաչատրյան>> համերգասրահում անցկացված տոնական մեծ համերգով, որտեղ նաև հաճելի անակնկալ մատուցվեց հանդիսականներին: Խոսքը աշուղ Նազելիի ձեռնադրության արարողության մասին է:

  -Երբվանի՞ց է, հարգարժան պրոֆեսոր, Նազելին աշուղ:
 -Լավ հարց տվեցիք: Ոչ թե այդ օրվանից է նա դառնում աշուղ, այլ աշուղ էր շատ վաղուց, նրա երգերը սիրված ու տարածված են, պարզապես, այդ օրը <<Սայաթ-Նովա>> մշակութային միությունը վավերացրեց այն` նրան պաշտոնապես հանձնելով համապատասխան վկայագիր: Նազելին տաղանդավոր ու սիրված աշուղ է: Նրա երգերը կատարում են բազմաթիվ պրոֆեսիոնալ երգիչներ, երգում են ամենուրեք, Ջիվանու անվան դպրոցում, <<Սայաթ-Նովա>> անսամբլում, տարբեր բեմերից, հեռուստաեթերից և այլն: Նազելիին ձեռնադրողը, ավագի, արժանավոր մեծ վարպետի իրավունքով, աշուղ Աստղանուշն էր: Ձեռնադրվող աշուղի ցանկությունն այդ հարցում ևս հաշվի ենք առել, և ապա` աշուղ Աստղանուշն իրավամբ վաստակել է այդ իրավունքը: Նա էլ սիրված աշուղ է, նրա երգերը տարածված են, երգվում են: Չմոռանամ նշել, որ այդ համերգին հնչեցին Հայաստանի հանրային ռադիոյի <<Սայաթ-Նովա>> աշուղական երգի վաստակավոր անսամբլի կատարումները:
 -Սայաթ-Նովայի 300-ամյակի տոնակատարության շրջանակներում համերգով հանդես եկաք նաև Մոսկվայում` Կրեմլի հրաշագեղ դահլիճում: Այդ մասին ի՞նչ կասեք:
 -Դա շատ մեծ իրադարձություն էր, իմ կարծիքով` անգամ պատմական, որովհետև Կրեմլի դահլիճում հայկական համերգներ հաճախ են տեղի ունենում, բայց երբևէ պրոֆեսիոնալ պետական կոլեկտիվ Հայաստանից չէր հրավիրվել, երբևէ այդ մակարդակի համերգ չէր եղել: Հիմնականում շոու-բիզնեսի մակարդակով են միջոցառումներ անցկացվում, որոնց մասնակիցները սովորաբար զանազան <<աստղերն>> ու <<աստղիկներն>> են: Եվ աննախադեպ էր հենց նրանով, որ այդ պատկառելի բեմից ներկայացավ ՀՀ հանրային ռադիոյի <<Սայաթ-Նովա>> աշուղական երգի վաստակավոր անսամբլը` ներկայացնելով ինչպես Սայաթ-Նովայի, այնպես էլ մեր դասական, ժամանակակից լավագույն աշուղների ստեղծագործությունները: 3 ամիս պատրաստվել էինք այդ համերգին: Տպավորությունը շատ բարձր է, պետք էր լինել դահլիճում` տեսնելու մեր բազմաթիվ հայրենակիցների արցունքներով պատված աչքերը: Իսկ ամենահուզիչն, իհարկե, մեր կատարումների /ավելի քան 20 համար/ ավարտից հետո շուրջ 6 հազար հոգանոց դահլիճի բուռն արձագանքն էր` հոտնկայս ծափահարություններով:
 -Դեկտեմբերի 12-ին ավարտելով Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված միջոցառումների շարքը, ի՞նչ զգացում եք ապրում:
 -Դա, անշուշտ, ավարտ չի կարելի համարել, քանի որ միջոցառումները շարունակվելու են: 2014-ին նոր լիցք առնելով, նոր ծրագրեր ենք սկսելու, որոնք յուրովի կնշանավորեն մեծ աշուղի հոբելյանը:
 -Այդ կերպ ցանկանում եք հասնել միջազգային մակարդակով Սայաթ-Նովայի ճանաչմանն ու հանրահռչակմանը, այո՞:
 -Այո: Ես դիմել էի ՄԱԿ` տարին Սայաթ-նովյան հռչակելու առաջարկ-խնդրանքով: Սակայն այնտեղից այնպիսի դիվանագիտական պատճառաբանություն բերեցին, ինչի պայմաններում դա չէր կարող իրականանալ: Համաձայնություն պետք է ձեռք բերվեր Վրաստանի և Ադրբեջանի իշխանությունների կողմից, որ մենք իրավունք ունենք տարին հռչակելու Սայաթ-նովյան: Այսինքն` զավեշտալի մի բան, իմ կարծիքով. շատ կեղծ, հորինովի դիվանագիտական խաղ: Սայաթ-Նովան համամարդկային ստեղծագործող է, ինչը մենք շատ լավ գիտենք: 
  -Անկախ այդ ամենից, շատ կարևոր է, մեր խորին համոզմամբ, պետական պատշաճ մոտեցում ցուցաբերելու անհրաժեշտությունը: Պետք է ամենուր հնչեին Սայաթ-Նովայի երգերը և նրան նվիրված միջոցառումներ անցկացվեին, ինչն այնքան էլ չզգացվեց: Այդպես չէ՞:
 -Հարկավ, ինչ-որ բան արվել է, բայց ամենակարևորը չի արվել` Սայաթ-Նովայի հոբելյանը համաժողովրդական հնչեղություն չստացավ, ինչպիսին, ասենք, նրա 250-ամյա տոնակատարության անցկացումն էր, այն էլ` խորհրդային ժամանակաշրջանում: Այսօր մենք մեր անկախ պետականության տերը լինելով, Սայաթ-Նովային այնպես չհնչեցրեցինք, ինչպես որ պետք էր, ինչին նա արժանի էր: Տարվա բոլոր միջոցառումներն անցկացվեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ, նրա ազգային հանձնաժողովի և <<Սայաթ-Նովա>> մշակութային միության  համագործակցությամբ: Քայլ առ քայլ հաջողությամբ իրագործվեցին նախանշված բոլոր ծրագրերը: Մեր բազմաթիվ ծրագրերին իր աջակցությունն ու օժանդակությունը բերեց նաև <<ՎիվաՍել-ՄՏՍ>> ընկերությունը` հանձին նրա պատվարժան տնօրեն Ռալֆ Յիրիկյանի, ում մեր շնորհակալությունն ու խորին երախտագիտությունն ենք հայտնում: Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակի առթիվ հրատարակվել է <<Խաղեր>> երգարանը, որով և հիմնադրեցինք <<Գանձարան հայ աշուղական երգերի>> մատենաշարը: Մատենաշարի 2-րդ գրքում մեկտեղել ենք մեծ աշուղին ձոնված հայ աշուղների երգերը` 50 աշուղի 60 երգ: 
   Նշենք, որ այս ամենը վկայում է, որ աշուղական արվեստը ոչ միայն ծաղկում է ապրում, այլև նպաստում է արվեստի մյուս ժանրերի զարգացմանը: Իսկ Սայաթ-Նովան հին ու նոր ժամանակների մշտական դեմքն է, անկրկնելի աշուղն ու սիրերգակը, ում ստեղծագործությունը շարունակում է գերել հայ ժողովրդին արդեն մի քանի հարյուրամյակ և կշարունակի, անշուշտ, գերել դեռ շատ ու շատ հարյուրամյակներ…
SHARE