Դիտանկյուն

0
26

 

Հուսահատվել պետք չէ

Կա՞ խնդիր, դժգոհությունը համատարա՞ծ է… Մի՛ հապաղիր, խոսի՛ր, տե՛ղ հասցրու: Եթե, ասենք, դա չի օգնում, ապա հուսահատվել պետք չէ. մի օր, ի վերջո, սայլը տեղից կշարժվի: Կարևորը` առաջ շարժվելն է, համախոհներ գտնելն ու սեփական ուժերով, ջանքերի համախմբման արդյունքում, իրավիճակի բարեփոխմանն ուղղված որոշակի քայլեր ձեռնարկելը: Անհնար է, որ այս պարագայում արդյունքն ուշանա: Իսկ անտարբերներին ու հոռետեսներին կարելի է, պարզապես, մտերմաբար հասկացնել, որ եթե չեք օգնում, ապա գոնե մի խանգարեք:

Ահա, այսպես, մի օր կհասնենք մեր ուզածին և կունենանք մեր երազանքների Հայաստան երկիրը:

Խեղճացած, անտարբեր…

Մեր մտավորականությունը պասիվ է, ոմանք քծնում են, ոմանք աթոռ չունեն, բայց ուրիշ բաների են ձգտում, ոմանք էլ վախկոտ են: Մի քանիսն են, որ կարողանում են խոսել, նրանք էլ շատ քիչ են: Մինչդեռ մտավորականությունը միակ խավը պետք է լիներ, որ բացի ազգային, պետական շահից, այլ շահ չպետք է ունենար, թե չէ կուսակցականներն ունեն զուտ կուսակցական շահ: Արվեստագետները խեղճացած են ու անտարբեր: Կոչում ստացողները չգիտեն, թե ինչ են ստացել և ինչի են ծառայելու իրենց կոչումները: Մի խոսքով, սպանիչ անորոշություն է բոլոր ոլորտներում:

Ամենամեծ կորուստը

Հայաստանի ամենամեծ խնդիրն, առհասարակ, ոչ թե նյութական ռեսուրսների, օգտակար հանածոների, այլ քաղաքական բարոյականության կորուստն է: Հայաստանում գոյություն չունի ո՛չ բարոյական քաղաքականություն, ո՛չ էլ քաղաքականության բարոյականություն: Մեր երկիրը դարձել է մի տիրույթ, որտեղ հաղթում են ստորը, քծնողը, դավաճանն ու երկերեսանին: Նյութական, առարկայական հարյուրավոր խնդիրների առկայության պայմաններում այս մասին խոսելը կարող է անտեղի թվալ, բայց իրականում սա ամենախորքային խնդիրն է, որը ժամանակի ու տարածության մեջ մաշելու է պետությունն ու պետականությունը: Որովհետև առանց մարդու չի կարող լինել պետություն, իսկ առանց բարոյականության չի կարող լինել մարդ:

Համարձակ, վճռական

Մեզնից յուրաքանչյուրը պետք է հստակ գիտակցի մի պարզ ճշմարտություն. այս աշխարհում ոչինչ հավերժ չէ: Եթե մարդ հիշում է սա, ապա նրա ներսում առաջանում է ռիսկի դիմելու և <<սկսած խաղն>> ավարտին հասցնելու անկոտրում համարձակություն:

Հաճախակի ինքներդ ձեզ այս հարցը տվեք ու փորձեք հասկանալ, թե ինչն է ձեզ համար ամենակարևորը, առաջնայինը: Արեք դա, քանի դեռ ուշ չէ: Այ, հենց հիմա, ի՞նչ կանեիք, եթե սա լիներ ձեր կյանքի վերջին օրը…

SHARE