Մեր կյանքն ավելի նման է թատրոնական բեմի

0
30

Ազնվության լրջագույն դեֆիցիտ հանրային կյանքի բոլոր ոլորտներում

Մեր երկիրն ազնվության լրջագույն դեֆիցիտ ունի հանրային կյանքի բոլոր ոլորտներում: Սկսած պետական կառավարման ու քաղաքական համակարգերից` վերջացրած մշակույթ, սպորտ… Մեր կյանքն ամբողջությամբ հիմնված է անազնվության, կեղծիքի ու խաբեության վրա:

Չնայած հասարակության առանձին ներկայացուցիչներ անասելի հարուստ են, սակայն Հայաստանը` որպես երկիր, պետություն, հայ հասարակությունն էլ` որպես հանրույթ, նույն չափով աղքատ ու ունեզուրկ է: Եթե Սահմանադրությունը, օրենքներն ու օրինական այլ ինստիտուտներն ամբողջությամբ գործում են, ապա ազնվության անհրաժեշտությունը, ըստ էության, վերանում է: Մեր երկրում ճիշտ հակառակն է` Սահմանադրությունն ու օրենքները խախտվում են այնքան, որքան հնարավոր է պատկերացնել, իսկ ազնվությունը, որը տեսականորեն կարող էր փոխարինել դրանց, բացակայում է գրեթե ամբողջությամբ: Դրա համար էլ մենք ապրում ենք այնպես, ինչպես ապրում ենք, Հայաստանն էլ այնպիսի երկիր է, ինչպիսին որ է…

<<Երբեք այսքան մեծ չի եղել անկեղծության կարիքն ու կարոտը, ինչպես այսօր, և երբեք այսքան ահռելի չափերով չի հայտնվել կեղծիքը, ինչպես այսօր… Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց նա գարշելի է կյանքի մեջ, ուր ապրում են: Դրա համար էլ բեմի վրա խաղացողները շնորհքով մարդիկ են, իսկ կյանքում խաղացողները` ցածերն ու կեղծավորները: Նրանք խաղ են անում ամեն տեղ, ամեն բանի հետ, և ահա, մեր կյանքն ավելի նման է թատրոնական բեմի, ու այդ բեմը, թեև փոքր, բայց, տեսեք, որքա՜ն դերասաններ ունի… Իրենց վրա առած զանազան դերեր` նրանք մտել են ու խաղում են այս կամ այն ասպարեզում… Ու որպեսզի այդ թամաշավոր-ժողովրդի սիրտը շահած լինեն ու բարեկամ պահած, միշտ գոռում են <<ժողովրդի>> անունը: Խոսքն ընչի մասին ուզում է լինի, միշտ վերջացնում են <<ժողովուրդով>>: Ժողովուրդն այսպես է կամենում… <<Ժողովուրդը մեզ հետ է… ժողովուրդը ձեզ կդատի… Ո՞ւր ես, ժողովուրդ, անարգում են քեզ…>>: Այդ հերիք չէ դեռ: Ժողովուրդն էլ են կեղծում: Իրենց մարդկանցից ոմանց հանդես են բերում կեղծ ստորագրություններով, անգրագետներին իրենց շինած հոդվածներով ու ներկայացնում որպես ժողովուրդ:

-Տեսե՜ք, ժողովուրդը մեզ հետ է:

Դե եկեք, ու ջոկեցեք իսկականը կեղծիքից: Եվ ո՞վ պիտի ջոկի, ե՞րբ, ո՞ր մի տեղը… Կեղծի՜ք ու խաչագողություն` ամեն օր, ամեն տեղ, ամեն տեսակի: Եվ մի ժողովուրդ, որ այսքան կեղծիքներ ու կեղծավորներ ունի, այսքան խարդախներ ու խաչագողներ ունի, չի սիրվիլ, որքան կուզե խելոք լինի, որքան կուզե գոռա, թե կուլտուրական եմ ես… Նրա գործերը միշտ գետնին կմնան, որքան ուզում է գործիչներ ունենա: Նրա մեջ կատարված հասարակական, թե ազգային գործերը խախուտ են միշտ: Նրա ամեն ընկերակցությունը հենց սկզբից իր մեջ ունի քայքայման բոլոր սաղմերը>>,– 1907 թ. իր <<Անկեղծ չենք>> հոդվածում գրում էր Հովհաննես Թումանյանը:

Մոտ 110 տարի հետո Հայաստանում նույն իրավիճակն է: Որովհետև անկեղծ չենք: Ու ազնիվ չենք: Յուրաքանչյուրս` առանձին վերցրած, ու բոլորս` ամբողջության մեջ… Եթե ազնիվ չենք, ապա ընթացքի ուղղությունը կարևոր չէ, քանի որ անազնիվ ճանապարհը տանում է դեպի փակուղի: Այնպես որ, փրկության բանալին ազնիվ լինելն է: Բայց դա, ցավոք, Հայաստանին ու հայ հասարակությանը պետք չէ, քանի որ անազնվությունն ապահովում է թեկուզ` ոչ բարեկեցիկ, բայց ավելի հեշտ կյանք: Ազնվությունը նաև համարձակություն է պահանջում: Բայց մենք գոնե 20 տարվա մեր կյանքով ցույց ենք տվել, որ ոչ հարմարվողական լինելու համարձակություն չունենք:

Համո Սահյանն ասում էր` պետությունը իշխանություններինն է. երբ վատանում է վիճակը, անունը դնում են Հայրենիք ու տալիս ժողովրդին: Մենք ուզում ենք, որ մեր երկիրը դառնա մեր բոլորինը…

SHARE