35 տարի` համարյա մի ամբողջ կյանք

0
42

Կենսակերպ

Հաջողության ամենակարևոր նախապայմանը մարդկային փոխհարաբերությունները պահպանելն է

Ռեկորդային, թերևս, կարելի է համարել Մնացական Վարդանյանի պաշտոնավարման երկարակեցությունը: Նա Գեղարքունիքի մարզի Գեղամավան համայնքը ղեկավարում է շուրջ 35 տարի:

-Ավարտելով հայկական պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը,- ասաց նա,- աշխատանքի անցա գյուղի միջնակարգ դպրոցում` հայոց լեզվի և գրականության ուսուցիչ, միաժամանակ` ուսմասվար: 1982 թ. ընտրվել եմ գյուղխորհրդի նախագահ: Ահա, այդպես, շուրջ 35 երկար ու ձիգ տարիներ: Պարզ է, որ այդ տարիների ընթացքում գյուղը բավականին փոխվել է: Կառուցվել է դպրոցի նոր շենք, ունենք մշակույթի պալատ, կենցաղի տուն, նոր` ասֆալտապատ ճանապարհներ, գիշերային լուսավորություն, խմելու ջուր, աղբահանություն և այլն: Մնացել են, կարելի է ասել, ընթացիկ խնդիրները, որոնք ժամանակի ընթացքում գտնում են իրենց լուծումը: Մասնավորապես, ամբողջությամբ վերանորոգված են մշակույթի պալատը, հանդիսությունների սրահը, դպրոցը: Այս պահին Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի /ղեկավար` Կիրակոսյան/ միջոցներով հիմնանորոգվում է մանկապարտեզը: 180 մլն դրամից 8 միլիոնը գյուղապետարանի հատկացումն է: Սեպտեմբերին մանկապարտեզը կընդունի երեխաներին: Իսկ մինչ այդ կշարունակի գործել նախակրթարանը, որը, կարելի է ասել, մեր նվերն էր դպրոցին: Ընդհանրացնելով, ասեմ, որ գյուղի համար բոլոր անհրաժեշտ, հրատապ խնդիրներն ամբողջությամբ լուծված են…Geghamavan Mnacakan Vardanyan 2

Պարոն Վարդանյանի հետ մեր զրույցից տեղեկացանք նաև, որ վերջերս Տուլայում /ՌԴ/ զոհված իրենց 3 համագյուղացիների հիշատակին նվիրված պուրակ են կառուցում: 2100 բնակչությամբ Գեղամավանը հիմնականում զբաղվում է հացահատիկի մշակությամբ: Գեղամավանցիներն ավանդապաշտ ժողովուրդ են, իրենց հող ու ջրին ամուր կառչած, չնայած, սոցիալական իրավիճակով պայմանավորված, ապրուստի միջոցները շատ հաճախ հայթայթում են արտագնա աշխատանքի մեկնելու միջոցով: Լինում են նաև չվերադարձողներ, ինչն, անշուշտ, ցավալի ու մտահոգիչ է:

-Մի որդիս, օրինակ,- շարունակեց համայնքապետը,- ընտանիքով Մոսկվայում է, մյուսը Երևանում է` պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող է, դասախոսում է նաև ԵՊՀ-ում: Բոլոր գնացողների համար ցավ եմ ապրում, քանի որ մեծ ներդրում ունեմ այստեղ, այս հողի վրա: Գյուղն իմ կենսակերպն է, իմ էությունը: Որքան կարողացել` աշխատասիրությունս, բարությունս փոխանցել եմ իմ ժողովրդին: Լավություն եմ արել իմ շրջապատում, ինչը և ինձ մեծ հարգանք ու պատիվ է բերել: Ամեն ինչ արել եմ, որ բարության մթնոլորտ լինի, որ մարդիկ մոռանան նախկինում տեսած վատն ու արգահատելին, որ ամեն ինչում գերիշխեն մարդկային պարզ ու անկեղծ փոխհարաբերությունները: Այնպես լինի, որ մարդն իրեն, իրոք, մարդ զգա, չնվաստանա ու ցածրանա: Փառք Աստծո, ամեն ինչ փոխադարձ է եղել, այլապես այսքան տարի չէի ղեկավարի: Այո՛, հաջողության հասնելու առաջին կարևոր նախապայմանը մարդկային բնականոն փոխհարաբերությունները պահպանելն է. գնահատիր, որ գնահատվես: Մարդկանց միջև տարբերություն չպիտի դնես, խտրականություն չդրսևորես: Մտավոր լինի, թե ֆիզիկական` երկուսն էլ աշխատանք են, երկուսն էլ հարգանքի ու գնահատանքի արժանի: Գյուղացու, աշխատավորի կողքին պիտի լինես: Գյուղը կենդանի օրգանիզմ է, բոլոր հարցերով ինձ են դիմում և բավարար պատասխան ստանում: Շատ հաճախ ինքս եմ իմ գյուղացու փոխարեն դիմում մարզպետարան` այս կամ այն խնդրով: Եթե, իրոք, համայնքը մի մեծ ընտանիք ենք համարում, ապա պիտի նաև տան գլխավորի պես էլ վերաբերվենք բոլոր հարցերին: Չի եղել դեպք, որ դիմեմ մարզպետարան և հանկարծ բացասական պատասխան ստանամ: Ասենք, մշակույթի պալատի ջեռուցման խնդիրը չէր լուծվում, դիմեցի մարզպետին, ում միջամտությամբ 8 մլն դրամ տրամադրվեց այդ նպատակով: Մարզպետի միջոցով նաև Հրազդան գետի կամրջի հարցը բարձր մակարդակով լուծվեց և այլն…

Սահուն անցում կատարելով ընկերության թեմային, պարոն Վարդանյանը հետևյալ խոստովանությունն արեց. <<Եթե մարդկային նորմալ հարաբերություններ չլինեն, ապա ինչպես կարող է ընկերություն ձևավորվել: <<Ընկեր>> թերթի հիմքում էլ դա է:  Միմյանց հասկանալը, մեկը մյուսին ընկալելը, իրար լրացնելը և մարդկային շփման շատ այլ տարրեր ընկած են ընկերության հիմքում: Մարդն ընկերությունից անբաժան է: Բոլոր գյուղապետերի հետ ընկերություն եմ անում, ավելի շատ մտերիմ եմ Ծաղկունքի Աղաջանյանի, Դդմաշենի Ավետիսյանի, Զովաբերի, Վարսերի ղեկավարների հետ: Լճաշենինը շատ խելացի տղա է, Ծովագյուղինը` շատ երիտասարդ գործունյա տղա, Չկալովկայինը` մի հրաշալի մարդ: Գյուղապետերով կիսելու բան չունենք, ընդհակառակը` միմյանցով ուրախանալու, իրար տալու, օգնելու հրաշալի հնարավորություն: Լավ ընկերությունը շատ-շատ բացեր է լրացնում, դաստիարակչական շատ բան ունի: Լավի ձգտումը շատ կարևոր է: Իմ հորդորը զավակներիս հետևյալն է` մարդ մնալ, մնացած ամեն ինչ անցողիկ է: Լավն էն մարդն է, ով գիտի իրեն միջավայրում պահել, գիտի ընկերություն անել, գիտի հարգել ու հարգվել…>>:

Պատեհ առիթ ունեցանք զրուցելու նաև գյուղապետի տեղակալ Լյովա Գրիգորյանի հետ: Նա, մասնավորապես, ասաց.

-35 տարի գյուղ ղեկավարելը շատ բարձր ցուցանիշ է և ինքնին շատ դրական երևույթի մասին է վկայում: Եթե իր աշխատանքը չգնահատվեր, ինքը հարգանքով չլիներ, մարդկանց հետ ջերմ  շփում չունենար, ապա ինչպես կարող էր այդքան երկար աշխատել ու հաջողությամբ  պաշտոնավարել: Հարկավ, արժանիքներ ունեցել է և ունի: Առաջին հերթին գնահատելի է նրա մարդկային տեսակը, նրա թասիբը գյուղին ու գյուղացուն վերաբերող բոլոր հարցերում: Մեծ գնահատանքի է արժանի Վարդանյանի աշխատասիրությունը: Արված գործերն այդ աշխատանքի, նվիրումի արդյունք են: Լավ օրինակ է բոլորի համար: Միաժամանակ` խստապահանջ, հետևողական, բծախնդիր: Լավ ու բարի գործերի, նպատակների իրականացման համար բոլորին ոտքի կհանի…

Առաջիկա ընտրությանը Մնացական Վարդանյանը կրկին առաջադրելու է թեկնածությունը: Մեծ է ցանկությունը` ավարտի հասցնելու կիսատ մնացած գործերն ու ձեռնարկումները, որպեսզի խիղճը հանգիստ լինի և հոգեպես բավարարված զգա իրեն: Ուզում է նաև, որ ամեն մարդ իր գործով զբաղվի և անի այն, ինչին ընդունակ է…

SHARE