70-ամյա Բաղրամյանը

0
3

Որ իր նվիրյալ զավակների շնորհիվ վստահ ու հաստատակամ առաջ է ընթանում

Առաջընթաց

Բաղրամյանը 70 տարվա գյուղ է, բնակավայր: Բնակիչներն այստեղ են եկել 1947 թ. տարբեր վայրերից, հիմնականում` Իրաքից, և հիմնել այս լավ ու գեղեցիկ գյուղը: Ահա և, համայնքի ղեկավար Գոռ Միրզոյանի նախաձեռնությամբ, հոկտեմբերի 2-ին առաջին անգամ նշվեց գյուղի օրը, տոնը…

Բնակավայրն անվանակոչվել է` ի պատիվ հայազգի մարշալ Հովհաննես Բաղրամյանի: Տոնակատարությանը հրավիրված էր նաև մարշալի թոռը` Արթուր Բաղրամյանը, ով իր խոսքում ողջունեց բոլոր նրանց, ովքեր ուժ ու եռանդ չեն խնայել` զարգացնելու պապի անունը կրող գյուղը: Ընդ որում, բոլոր ելույթ ունեցողներն էլ, նրանց թվում և Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, գրեթե նույն միտքն էին ընդգծում, որ տեսնում են ծաղկած համայնք` շնորհիվ երիտասարդ ղեկավար Գոռ Միրզոյանի:

Բաղրամյանի բարեկեցության ու բարգավաճման համար ոչ մի ջանք չի խնայվել, և նորընտիր համայնքապետի ղեկավարման կարճ ժամանակահատվածում բոլորն էլ պատրաստակամ աջակցել են այդ վեհ ու շնորհակալ գործին: <<Ղեկավարման ընդամենը մեկ տարի,- նշեց մարզպետը,- և համայնքը լուրջ զարգացում է ապրել, դրական տեղաշարժն ու ձեռքբերումներն ակնհայտ են: Սա վկայում է այն մասին, որ երբ համայնքապետը ցանկանում է, կարողունակ է, ապա համայնքը միակուռ է դառնում, և ամեն ջանք նպատակաուղղվում է նրա զարգացմանը: Շնորհակալություն քեզ, Գոռ, և բոլոր նրանց, ովքեր իրենց լայն մասնակցությունը բերեցին համայնքի զարգացմանը և նրա ներկայիս պայծառ օրվան…>>: Աշոտ Ղահրամանյանը Բաղրամյանի մի խումբ աչքի ընկած բնակիչների խրախուսեց պատվոգրերով:

Գոռ Միրզոյանն իր հերթին շնորհակալության խոսք հղեց համագյուղացիներին` հատկապես նրանց, ովքեր անձնվեր ներդրում են ունեցել համայնքի առաջընթացի գործում, և հանձնեց համայնքապետարանի շնորհակալագրերը: Ինչ վերաբերում է վերջին մեկ տարում կատարված գործերին, ապա դրանք բազմազան ու նշանակալի են: Ունեն համայնքապետարանի հիմնանորոգված շենք: Կառուցվում է եկեղեցի, խաչքարեր են տեղադրվել: Շինարարական մեծածավալ աշխատանքներ են կատարվել, բացի այդ` ասֆալտապատում, բարեկարգում, աղբահանություն: Տեղադրվել են տաղավարներ, գյուղի մուտքը զարդարող կամար, 18 մ բարձրությամբ խաչ, <<Արծիվ>> հաղթական քանդակը, մանկական խաղահրապարակ, վերանորոգվել է զբոսայգին և այլն: Այս և մյուս բարեփոխում-բարենորոգումները միտված են հայրենի տունը շեն ու ապահով դարձնելուն, հարազատ եզերքը ծաղկեցնելուն: Կառուցել, արարել, շենացնել` ահա, համայնքապետի խոսքերով, իրենց բուն նպատակն ու կարևորագույն խնդիրը:

Այս ամենը միահամուռ ջանքերի, նվիրվածության ու հետևողական աշխատանքի արդյունք է: Հարկ է ընդգծել համայնքապետի եղբոր` Մարատի առանձնակի ներդրումը, որ շատ բան է անում Բաղրամյանի ու նրա բնակչի համար: Առհասարակ, ամեն ինչ արվում է, ամեն ջանք գործադրվում, որ լուծվեն առաջացող խնդիրները, որ բաղրամյանցին իրեն ապահով ու հանգիստ զգա հարազատ տանը: Համախմբված են, միասնական ու լավատես, համայնքի միջոցներն առավելագույնս նպատակային ու արդյունավետ օգտագործելու առումով` նախանձախնդիր:

Առկա մտահոգությունների ու խնդիրների մասին ևս խոսվեց: Մանկապարտեզի և բուժամբուլատորիայի շենքերի նորոգման խնդիր ունեն, արտաքին լուսավորության ցանցը դեռևս ամբողջական ու բավարար չէ: Համայնքի ղեկավարը վստահ է, որ այս խնդիրներն էլ կլուծվեն` ապավինելով բնակիչների նվիրվածությանը, ընկերների պատրաստակամ աջակցությանը: Փառք Աստծո, շատ ընկերներ ունի, որ իր կողքը կանգնած են, որ իրեն թև ու թիկունք են համայնքային գործերն առաջ տանելու հարցում:

Ընկերներից Գագիկ Հովսեփյանը նշեց, որ Գոռի շնորհիվ համայնքն այսօր համախմբվել, մի բռունցք է դարձել. <<Շատ գործեր ենք պլանավորել մեր գյուղի համար: Մեր ընկերն է համայնքապետը, և մենք պարտավոր ենք նրա կողքին կանգնել և առավելագույնն անել: Ընկերովի շատ գործեր ենք արել: Լավ ընկերներ ունենք, բոլորն էլ պատրաստ են մասնակից դառնալ համայնքի ընդհանուր գործերին: Գոռն արժանի է դրան: Նա ճիշտ մտածելակերպի տեր անձնավորություն է, հրաշալի ընկեր, բանիմաց ու գործունյա: Առաջնորդի հատկանիշներ ունի, պատասխանատվության մեծ զգացում, հավասարակշիռ է, խոհեմ: Մտածում է բոլորի մասին, այնպես անում, որ ամեն բնակչի համար էլ լավ լինի: Գոռն իր հայրիկին է նման. բոլորին, հետո միայն` իրեն: Հայրենասեր է` գործով, կամեցողությամբ, ամբողջ հոգով: Մեր լավ ընկերներից է Առաքել Մովսիսյանը, ով ևս շատ բան է արել Բաղրամյանի շենացման համար…>>:

Առիթ ունեցանք հանդիպելու և զրուցելու նաև ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի հետ: Հարգված ու ճանաչված անձնավորություն, ում ներդրումը մեծ է տարածաշրջանի զարգացման գործում, ում օգնությամբ շատ խնդիրներ են լուծվել և այսօր էլ լուծվում են: Շարունակում է իր ժողովրդի կողքին մնալ, ապրել նրա հոգս ու ցավով:

-Ես անձամբ եմ նախաձեռնել,- ասաց պարոն Մովսիսյանը,- որ Գոռն ընտրվի համայնքապետ: Գնահատել եմ նրան որպես երիտասարդ ու կարող ուժի: Մենք ընտանիքներով ենք մտերիմ: Իմ կայացման գործում շատ մեծ դերակատարում է ունեցել նրա հայրը, ով դժբախտաբար անժամանակ է հեռացել կյանքից: Վստահ էի և, փառք Աստծո` չսխալվեցի, որ Գոռի աչքը կուշտ է, ազնիվ է, շատ լավ կանի իրեն վստահված գործը: Եղբայրներով շատ աշխատասեր, արարող, պրպտող են: Գյուղը, մինչև Գոռի ընտրվելը, վատ վիճակում էր` բազում խնդիրներով: Մեկ տարում կատարվածն ուղղակի ապշեցուցիչ է: Գոռը կարողացավ իր շուրջը համախմբել կարող ուժերին, նվիրված ու քրտնաջան սկսեց աշխատել, կարևոր ու ճիշտ քայլեր ձեռնարկեց, և ահա` արդյունքը: Առհասարակ, համոզված եմ, որ մեր երկրին, մեր պետությանը հենց Գոռի պես տղերք են անհրաժեշտ: Իզուր չէ, որ ժողովուրդը նրա կողքը կանգնած է և միշտ էլ կանգնելու է: Այո՛, այսօր երիտասարդ ու կարող ուժերի ժամանակն է, և պետք է նրանց մեծ տեղ տալ, ընդառաջել ու ոգևորել: Եթե գյուղապետն ուժեղ է, ապա համայնքը կզարգանա, ինչի արդյունքում արդեն ընդհանուր երկիրը կզարգանա: Գոռին երբեք մենակ չենք թողնի և միշտ կսատարենք նրան իր լավ ու բարի գործերն իրականացնելիս: Իրոք, ընտրյալ է, քանի որ մեկ տարում Բաղրամյանը դարձրել է ցուցադրական համայնք: Նա պետք է շարունակի ղեկավարումը, դա ի շահ համայնքի է, ի շահ ժողովրդի: Մարդը, որ անգամ անձնական միջոցներն է ներդնում ընդհանուր գործի համար, հանուն իր ժողովրդի բարեկեցության, արժանի է ամենամեծ հարգանքի ու վստահության: Հրաշալի օրինակ է իր շրջապատի, ընկերների ու համագյուղացիների համար…

Առաքել Մովսիսյանն ընկերության մեջ գնահատում է մաքրությունը, ազնվությունը, ընտանիքի նկատմամբ ունեցած մեծ հարգանքը: Նրա խոսքերով, պատվախնդիր պետք է լինել և ինչ էլ լինի` պատիվն ու հեղինակությունը վեր դասել ամեն ինչից: Լավն ու բարին պիտի անել և ձգտել օգտակար լինել շրջապատիդ մարդկանց…

SHARE