70-ամյա… երիտասարդը

0
45

Շնորհավորանք

Հրաշալի ուսուցիչ ունեինք` Հովհաննես Պողոսյանը: Եվ ահա մեր հարգարժան ուսուցիչը մնացել էր հաճելիորեն զարմացած` ինչպես է Խաչիկը հասցնում հա՛մ իր տան գործն անել, հա՛մ գյուղի հոգսերն իր ուսերին վերցնել…

Այո, այդպես է, և չնայած նա դա անում է իր ուժի, հնարավորությունների ու կարեցածի չափով, բայց ամեն ինչ` տեղը տեղին, հավուր պատշաճի և, ամենակարևորը, սրտաբուխ ու անշահախնդիր: Զարմանալ (այսօր առավել ևս), ինչ խոսք, կարելի է, բայց ոչ երբեք որևէ գաղտնիք կամ չգիտես թե ինչ փնտրել: Քանզի բոլորս էլ, Խաչիկ Իսրայելյան մարդ արարածին ճանաչողներս, լավ գիտենք, որ դա գալիս է նրա բացառիկ էությունից: Այո՛, Խաչիկի` հայրենի գյուղին ծառայելու նվիրական ցանկությունից և Մարդ լինելու աստվածային շնորհից: Մարդկանց տուր ավելին, քան նրանք արժանի են, և արա դա մեծ ուրախությամբ:

Ապարանի Վարդենուտ գյուղից այս հասարակ ու պարզ մարդը, որ մի կարգին դպրոց էլ չի գնացել (ժամանակներն էին, ցավոք, այդպիսին), իր տքնանքով, հալալ քրտինքով լավ սերտել է կյանքի բոլոր դասերը: Կյանքի հիանալի դպրոց է անցել, որ հավասարազոր է ցանկացած համալսարանական կրթության: Քանզի ով շատ է չարչարվում, շատ բան է սովորում: Եվ ապա, նպատակ գտիր` ռեսուրսներ կգտնվեն…

<<Սովետի>> օրոք շարքային կոլտնտեսական էր, մեխանիզատոր և, որքան գիտենք, այսօր էլ անգամ համայնքի ավագանու անդամ չէ, բայց իր ծննդավայրի, իր համայնքի տեր ու տիրականն է: Էությունն ու կոչումն են այդպիսին` իր շրջապատում հույս, հավատ ու վստահություն ներշնչող, ուստի և խոսքը համոզիչ ու հեղինակավոր, գործն էլ կարևոր ու ծանրակշիռ է: Բարի լինել բոլորի հանդեպ, ամենուրեք փոխանցել այն պարզ ճշմարտությունը, որ մարդկության հարատևման համար պարտադիր են բարի սիրտը, սրտից բխած խոսքն ու կարեկցությունը:

Պաշտոնյա չէ, բայց պաշտոն ունի, որը տրվել է նրան ի վերուստ: Մարդ լինելու պաշտոնը, որ ամենաբարձրն է ու ամենապատվաբերը… Դա էլ նրան, հավատացած ենք, չնայած հասուն տարիքին` միշտ երիտասարդ ու առույգ է պահում, այնքան, որ ամեն տեղ լինի ու ամեն գործում իր բաժինն ունենա: Որքան շատ ես օգնում մարդկանց, այնքան քեզ ավելի երջանիկ ես զգում: Չկա ավելի մեծ երջանկություն, քան սեփական գործերով ուրախանալը, քանի որ հենց դրա մեջ է մարդու ձեռքբերումը:

Ասում են` ամենադժվարն առաջին 70 տարին ապրելն է. այնուհետև ամեն ինչ ինքնաբերաբար է ընթանում: Ի սրտե շնորհավորում ենք մեր սիրելի հոբելյարին` այդ առաջին արգելքը հաղթահարելու առթիվ, և հավատում ենք, որ գալիք տասնամյակները նույնպես լիառատ սիրո ու նվիրումի բազում պահեր կպարգևեն թե՛ նրան, թե՛ մեզ բոլորիս…

SHARE