Քանաքեռավանի  տարեգրության լավագույն  էջերը

0
35

Որ պատիվ կարող են բերել ցանկացած բնակավայրի…

Ժառանգություն

 
watermarked_Qanaqeravan_Armen Karapetyan
 Երևանի կողքին  մի գեղեցիկ բնակավայր կա ` Քանաքեռավանը: Հաճախ այն շփոթում են Երևանի վարչական տարածքում գտնվող Քանաքեռ թաղամասի հետ: Եթե ուշադիր չեղար, ապա տաքսին քեզ կարող է  հասցնել Քանաքեռ, որն արդեն մտնում է Կոտայքի մարզի վարչական սահմանների մեջ: Քանաքեռավանը գեղեցիկ, բազմամարդ, աշխույժ եռուզեռով ու անցուդարձով ապրող ավան է:Նախկինում կոչվել է Մուրադթափա: Վերջերս այն բոլորեց իր հիմնադրման հիսնամյակը:

  Խորհրդային տարիներին այստեղ հիմնվել են խաղողի, խնձորենու, սերկևիլենու այգիներ, որոնք զբաղեցրել են հարյուրավոր հեկտարներ: Ավանի գլխավոր փողոցները ասֆալտապատ են: Կան մի քանի բազմաբնակարան շենքեր: Գեղեցիկ, հարմարավետ շենքերում տեղավորված են մանկապարտեզը, մանկական արվեստի դպրոցը, գյուղապետարանը: Նրա հիմնական հարստությունը կրթօջախներն են ու դրանցում սովորող շնորհալի սաները:  Հատկապես մեծ համբավ է վայելում Քանաքեռավանի մանկական արվեստի դպրոցը, որը հիմնադրվել է մեզ համար այն ծանր, ցուրտ ու մութ տարիներին: Անցած տարի դպրոցը բազմաբնույթ շքեղ հանդեսներով նշանավորեց հիմնադրման 15-ամյակը:

   Հիմնադրման պահից նրա տնօրենն է շնորհալի արվեստագետ, գեղանկարիչ, բարձրակարգ մտավորական և լավ ընկեր Մանվել Մանուկյանը: Առայսօր դպրոցի շրջանավարտներից հինգը  ուսումնառել են Երևանի գեղարվեստի ակադեմիայում, տասներեքը ` Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում, իսկ վեցը` Կոմիտասի անվան կոնսերվատորիայում: Քանաքեռավանցի սաների մի մասն էլ կրթությունը շարունակել են կերպարվեստի այլ կրթօջախներում `Փ. Թերլեմեզյանի անվան գեղ.  ուսումնարանում (9 սան), Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում (10 սան ), Առնո Բաբաջանյանի անվան երաժշտա-մանկավարժական ուսումնարանում (9 սան): Դպրոցի սաների և ուսուցիչների հավատո հանգանակն է լինել ճշմարտության ջահակիրներ ու գեղեցկության սպասավորներ, երբեք չընդունել կեղծիքն  ու շողոքորթությունը: Իրոք, մանկական արվեստի դպրոցն ու նրա տնօրենն այս տարիների ընթացքում մշտապես վերոնշյալ բարձունքի վրա են, երբեք չերկմտելով ու չխուսափելով համարձակ դիրքորոշումներից ու ազնիվ, նվիրյալ, արժանապատիվ աշխատաոճից:  Հանդիսություններ, գրական բազմաբնույթ ձեռնարկներ  են իրագործվում նաև գյուղի  միջնակարգ դպրոցում, որտեղ մի քանի բարձրակարգ, տաղանդավոր ուսուցիչներ են աշխատում: Հատկապես ` հայագիտական առարկաները  դասավանդողները: Հայոց լեզվի և գրականության հմուտ ու  բանիմաց ուսուցիչներ Իրինա Արսենյանը, Անուշ Խաչատրյանը, դասվարներ Աննա Եփրանոսյանը, Էլմիրա Մանուկյանը,  հայ եկեղեցու և պատմության ուսուցիչներ Թերեզա Գևորգյանը, Հասմիկ Գալստյանը  մեծ հեղինակություն են վայելում Քանաքեռավանում: Դպրոցի հայոց լեզվի և գրականության կաբինետը կրում է  հայ մեծանուն բարեգործ Մուրադ Սարգսյանի անունը: Հենց Սարգսյան ընտանիքի ներդրումներով բարենորոգվել է ու բարետես է դարձել վերոնշյալ կաբինետը:  Այստեղ դասավանդվում են նաև պատմության դասաժամերը:  Դպրոցում ռազմագիտություն Է դասավանդում Արցախյան ազատամարտի մասնակից Տիգրան Հարությունյանը: Մանկավարժ-ազատամարտիկի մեծարման արարողություն կայացավ դպրոցի դահլիճում ` ողջ կոլեկտիվի և բարձրաստիճան հյուրերի մասնակցությամբ: Հանդիսավոր պայմաններում նրան շնորհվեց  <<Ղարաբաղյան պատերազմի   վետերան>>  հուշամեդալը:watermarked_Qanaqeravan

   Քանաքեռավանը հպարտ է իր այն զավակներով, ովքեր 1990-ականների սկզբին զենքը ձեռքին մեկնեցին Արցախի ռազմադաշտում մարտնչելու: Խիզախների ջոկատը գլխավորում էր լեգենդար Վիտոն (Վիտալի Դավթյան): Նրանք մասնակցել են Շուշիի ազատագրմանը և բազմաթիվ այլ ռազմական գործողությունների:Պատերազմի ավարտից հետո գնդապետ Վիտալի Դավթյանը երկար ժամանակ ծառայել է հանրապետության սահմանամերձ զորամասերում: Պաշտոնաթող զորականի կյանքի և գործողության մասին հիացմունքով և ակնածանքով են խոսում հայրենի գյուղում և նրա սահմաններից դուրս:

   Քանաքեռավանում ապրում և արարում են լավագույն արհեստավորները` հատկապես ծեփագործ, քարտաշ, պատշար վարպետները: Շատերը մեկնում են արտերկիր` գումար վաստակելու, քանզի եղած միջոցները բավարար չեն նորմալ ապրուստ ապահովելու համար: Քանաքեռավանն  ապրում, շնչում ու դաստիարակվում է լավագույն ավանդներով ու ավանդույթներով, անցյալի լավագույն էջերով և հիշատակներով: Քանաքեռավանցի դպրոցականները երդվում են միշտ նվիրված մնալ հայրենի գյուղին, բարձր պահել նրա անունը ու նոր հերոսական դրվագներ կերտել քանաքեռավանյան շքեղ տարեգրության էջերում:

Արմեն Կարապետյան