Ամենաերջանիկ բանն աշխատանք ունենալն է

0
50

Եվ գոհ լինելը քո արած-դրածից, քո քրտինքով ստեղծածից

Կարևորում

-Ուջան համայնքը ղեկավարում եմ 2016 թ. հոկտեմբերից,- <<Ընկեր>>-ի հետ զրույցն այսպես սկսեց Նաիրի Կիրակոսյանը:- Այս պաշտոնում իմ առաջնահերթ խնդիրը համարում եմ գյուղատնտեսության ճյուղի զարգացմանը նպաստելը: Չէ՞ որ գյուղացու ապրուստի միակ ու գլխավոր միջոցը հողն է, հողագործությունը, այնպես որ դրա համար պիտի բարենպաստ պայմաններ ստեղծել: Գյուղտեխնիկա ենք գնել, երեքն արդեն աշխատում են գյուղացու համար: Աճը նկատելի է, մարդիկ սկսել են ավելի շատ հողատարածքներ մշակել: Ամենակարևորը, որ գյուղացին կարողանա իր ընտանիքը պահել, ապրուստի բավարար միջոցներ ունենալ: Այս դեպքում արդեն դրսի մասին չի մտածի և հույս ու հավատով կլծվի հարազատ օջախի շենացման գործին: Մարդը պիտի աշխատանք ունենա և գոհանա իր, թեկուզ` քիչ, ստեղծածով: Նոր իշխանությունը` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, նոր հույս ու հավատ է բերել իր հետ, ժողովուրդն ամենալավ սպասումներն ունի: Ժողովուրդն առաջին հերթին արդարություն է ուզում, մնացածն իր աշխատանքով, իր քրտինքով կստեղծի: Ցավով պիտի արձանագրեմ, որ ուջանցիների գրեթե կեսը գնացել է` ապրուստի միջոց փնտրելով դրսերում: Երեխաների թիվը մոտ կիսով չափ պակասել է: Սա շատ վտանգավոր տենդենց է, ավելին` ազգային անվտանգության լրջագույն խնդիր: Այսօր արդեն պիտի սթափվել, ամեն ինչ անել, որ գյուղացին իր տանն ու օջախին, իր հողին կառչած, հավատարիմ մնա: Ուջանցին հիմնականում այգեգործությամբ է զբաղվում, դեղձ, ծիրան, խաղող, թուզ, ընկույզ աճեցնում: Մեր գյուղացուն ամենաշատ անհանգստացնում է ցրտահարությունը: Այս տարի էլ այդպիսի աղետ եղավ: Միաժամանակ, որոշակի քանակի բերք ստացվեց, և իրացման խնդրում որևէ դժվարության չհանդիպեցինք: Սա, ինչ խոսք, ոգևորում է գյուղացիներին, քանզի նախկինում բավականին մեծ խոչընդոտներ կային աճեցրածը վաճառելու հարցում: Սկսել են ավելի խնամքով վերաբերվել այգիներին և նոր ուժով, եռանդով լծվել բերք ու բարիք արարելու գործին…

Պարոն Կիրակոսյանը նաև մտահոգություն հայտնեց, որ ունեցած մոտ 2000 հեկտար հողատարածքից 1300-ը, որպես արոտավայր, ջուր չլինելու պատճառով նպատակին չի ծառայեցվում: Մինչդեռ ուջանցին կկարողանար զարգացնել նաև անասնապահությունը: Այս ուղղությամբ աշխատանք տարվում է, և համապատասխան ծրագիր է մշակվում, ինչը, գյուղապետի հավաստիացմամբ, անպայման կյանքի կկոչվի: Ջրի հարցի լուծման դեպքում նոր թափով կզարգացնեն նաև այգեգործությունը, հետևաբար, ավելի շատ եկամուտ ստանալու հնարավորություն կունենան:

Ուջանի համար կարևոր մշակութային իրադարձություն էր նախորդ ամիս վավերագրական ֆիլմերի <<Ծիրանի ծառ>> 4-րդ միջազգային փառատոնի հյուրընկալումը: Բնակիչներն արտասահմանցի հյուրերին 4-5 օր հյուրընկալեցին իրենց ընտանեկան հարկի տակ` հոգատարությամբ ու ջերմությամբ շրջապատելով նրանց: Ե՛վ ուջանցիների, և՛ հյուրերի համար այդ օրերը հագեցած ու անչափ հետաքրքիր էին:

-Սա նաև մարդասիրական մեծ քայլ կարելի է համարել,- նշեց համայնքապետը:- Միաժամանակ, մեր ժողովուրդը համախմբվում է, շփվում  նոր մշակույթի, նոր մարդկանց հետ, ձեռք բերում նոր ծանոթություններ և, իհարկե, ընկերներ: Իսկ որքան շատ ընկերներ ունենաս, այնքան մեծ մարդ ես: Ինչպես <<Ընկեր>> թերթն է քարոզում, կյանքում ամենաքաղցր ու նվիրական արժեքներից մեկը ընկերությունն է: Ինձ համար առավել ևս, որպես ՀՅԴ անդամի, կարևոր ու բարձրարժեք է ընկերության գաղափարը… Ունենք համայնքային խորհուրդ, որտեղ ընդգրկված են հարգարժան մարդիկ, ընկերներ, ում խորհրդին ու խոսքին անսալը երբևէ վատ բանի չի հանգեցնի: Համատեղ ու միասնական ոժերով առաջ ենք շարժվում` կարևորելով նաև բնակիչների կարծիքներն ու ցանկությունները: Յուրաքանչյուրը պիտի տիրոջ զգացումով մոտենա համայնքին վերաբերող ցանկացած խնդրի, իր բաժինն ունենա նրա շենացման ու զորացման գործում…

Հավելենք, որ Նաիրի Կիրակոսյանի ղեկավարման օրոք, մասնավորապես, վերանորոգվել է մշակույթի տան և գյուղապետարանի շենքի տանիքը: Ֆուտբոլի դաշտն են կարգի բերում, այս պահին ցանկապատման աշխատանքներ կատարում: Երաժշտական դպրոց 80 երեխա է հաճախում: Մանկապարտեզը գործում է: Համայնքապետի նախաձեռնությամբ նախակրթարան է բացվել: Մարզական խմբակներ են գործում, և աշխատանք է տարվում առավել աշխուժացնել այդ ոլորտը:

SHARE