Ամենակարևորը վստահությունն է

0
55

Առանց որի անհնարին է հաջողության հասնել և ապագայի ծրագրեր կազմել

Հավատարմություն

 

<<Ընկեր>>-ի հետ զրույցում Արարատի մարզի Արարատ գյուղական համայնքի ղեկավար Կարեն Ղազարյանը նշեց, որ պաշտոնավարում է 2012 թվականից:

-Պաշտոնավարման շրջանում,- ասաց նա,- ունեցածս ամենաառաջին ձեռքբերումներից մեկը, որը շատ եմ կարևորում, այն է, որ արժանացել եմ համայնքի բնակչության լիակատար վստահությանը: Վստահություն, որ գնալով էլ ավելի ամրապնդվում ու խորանում է, ինչը պայմանավորված է, թող անհամեստ չհնչի, իմ աշխատանքով, համայնքի խնդիրները լուծելու գործում ցուցաբերածս նվիրվածությամբ, սրտացավությամբ ու հետևողականությամբ: Տվյալ հանգամանքն իր հերթին, բնականաբար, ավելացնում է անելիքների ու պարտականությունների իմ բեռը, քանզի որքան բարձր է վստահությունը, նույնքան էլ մեծ է պատասխանատվությունը: Իսկ ամենակարևորն, ընդհանուր առմամբ, այն է, որ ճիշտ ուղով ենք ընթանում, համայնքը զարգացման արդյունավետ ճանապարհով տանում:

Արարատ համայնքը մոտ 9000 բնակիչ ունի: Համայնքապետի խոսքերով, արարատցիները միշտ էլ աչքի են ընկել իրենց թասիբով, բարձր պատվախնդրությամբ ու կամեցողությամբ, ավանդույթներին հավատարիմ մնալով: Այդ ոգով ու գիտակցությամբ էլ ապրում են` նույնը փոխանցելով եկող սերունդներին…

-Ինչ վերաբերում է արդեն որոշակի, կոնկրետ ձեռքբերումներին,- շարունակեց պարոն Ղազարյանը,- ապա պիտի ասեմ, որ այս առումով ևս հպարտանալու իրավունք ունենք: Նախկին` անմխիթար վիճակում գտնվող մանկապարտեզի փոխարեն այսօր ունենք հրաշալի պայմաններ ունեցող կրթական հաստատություն` նախատեսված ավելի քան 200 երեխայի համար: Գրեթե նույն պատկերը նաև խմելու ջրի առումով էր` քայքայված ցանց, ջրազուրկ փողոցներ և այլն: Այսօր իրավիճակը բոլորովին այլ է, և ունենք խմելու ջրի նորոգ ու գործուն համակարգ` բավարար ջրամատակարարմամբ: Միայն 26-27 կմ նոր ջրագիծ է անցկացվել: Ահա այսպես, բոլոր ոլորտներում ենք ջանացել առաջընթաց ու զարգացում ապահովել: Ասֆալտապատում ենք արել, վերջերս լողավազան ենք կառուցել, որի հարևանությամբ մտադիր ենք մարզահամալիր հիմնել: Վերակառուցել ենք, <<նոր կյանք>> պարգևել հուշահամալիրի շատրվաններին: Բավականին գեղեցիկ հանգստի գոտի ենք ստեղծել մեր բնակիչների համար: Աշխատում ենք հնարավորինս բարելավել մարզամշակութային կյանքը, ավելի շատ միջոցառումներ անցկացնել: Գյուղը 5 մարզական թիմ ունի, պարի <<Գարուն>> ստուդիա: Ճիշտ է, եղած պայմաններն այնքան էլ բարվոք ու ժամանակակից չեն, այնուամենայնիվ, մեծ սեր ու նվիրում կա, ինչի ապացույցը մեզ 2017 թ. ՀՀ լավագույն մարզական համայնքի կոչմանն արժանացնելն էր: Կրթական ոլորտում ևս մեր աջակցությունը կա, մասնավորապես` գյուղի 3 դպրոցները համայնքապետարանի ուշադրության կենտրոնում են:

Անդրադառնալով համայնքի հոգևոր կյանքին ու, առհասարակ, գյուղի զարգացման հեռանկարներին, Կարեն Ղազարյանն ասաց.

-Սուրբ Հակոբ եկեղեցում է վերանորոգման մեծ ծավալի աշխատանք կատարվել` թե° համայնքապետարանի, թե° հատկապես խաչքավորների կողմից: 2001 թվականից է սկզբնավորվել այդ ավանդույթը, երբ ես առաջին անգամ ստանձնեցի խաչքավորի պարտականությունը: <<Պոպոզ>> կոչվող սարին, որտեղ հին ամրոցատեղի է եղել, նոր եկեղեցի է կառուցվում: Նրա հիմքերը գցվել են Վազգեն Սարգսյանի նախաձեռնությամբ, 1999-ից կառուցումը կանգ էր առել: Այս տարի վերսկսել ենք այդ անչափ կարևոր ու աստվածահաճո գործը` համայնքապետարանի և դասընկերոջս ներդրած միջոցներով: Բավականին աշխատանք արդեն արվել է, կարելի է ասել` վերջնական փուլին ենք հասել: Մտադիր ենք, տվյալ տարածքն առավել գեղեցիկ ու տեսանելի դարձնելով, այստեղ հրավիրել նաև զբոսաշրջիկների ուշադրությունը: Գյուղի տարածքում ունենք <<Կոտկիրի գյոլ>>, որտեղից (25 մ) բուժիչ հատկություններով տաք ջուր է բխում: Ջանալու ենք այդ հնարավորությունը ևս նպատակային օգտագործել` թե° տուրիզմի զարգացման, թե° առողջարանային հանգստի ու բուժման կազմակերպման համար: Զարգացման հեռանկարների մասին խոսելով, կարևորեմ Ուրցաձորում ջրամբարի կառուցման փաստը: Զուգահեռաբար, ըստ համապատասխան ծրագրի, համայնքում ոռոգման նոր ջրագծեր կանցկացվեն: Դա մեզ հնարավորություն կտա, հատկապես` ամռան ամիսներին, բավարարել ոռոգման ջրի պահանջարկը: Մեկ-երկու տարվա ընթացքում կանցնենք ինքնահոս ջրամատակարարման, ինչը շատ լավ արդյունքներ է խոստանում մեր հողագործ գյուղացուն: Ծրագրում ենք նաև չրանոց, սպանդանոց կառուցել, որպեսզի մեր բնակչի համար ապրելու էլ ավելի լավ պայմաններ ապահովենք: Համայնքի ամենամեծ խնդիրը կապված է մաքրման կայանի հետ…

Գյուղում գործում են վերամշակման արտադրություններ: Հարևանությամբ ոսկու կորզման գործարանն է, որի կողմից համայնքը նվեր ավտոբուս է ստացել: Այն օգտագործվում է ուսանողների անվճար երթևեկության ապահովման համար:

Կարեն Ղազարյանի համոզմամբ, մեր ազգին բնորոշ է ընկերությունը: Ինքն էլ ընկերասեր է, ընկերական մեծ շրջապատի տեր.

-Ունեմ մեծ ընկեր` ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանը, ով ոչ միայն մեր համայնքի, այլև Արարատի տարածաշրջանի բոլոր համայնքների ղեկավարների համար լավ ընկեր է: Մարդ, ով բոլորին վերաբերվել է այնպես, ինչպես սեփական տանն են վերաբերվում: Մեծապես աջակցել է մեր համայնքին և ծանրակշիռ լումա ունի նրա առաջընթացի ապահովման գործում: Մշտապես ձեռք է մեկնել, օգնել ու աջակցել: Նրա արածն ու դրածը, հայրենանվեր գործունեությունն արժանի են մեծ հարգանքի ու բարձր գնահատանքի:

Արարատում ապրում են նաև եզդի ընտանիքներ, թվով` 50: Նրանց հետ ևս հարաբերությունները ջերմ ու բարեկամական են:

-Առիթից օգտվելով,- զրույցի ավարտին ասաց պարոն Ղազարյանը,- բոլորին ցանկանում եմ ընկերաշատություն: Ընկերը բոլոր հարցերում էլ շատ մեծ դերակատարում ունի: Նվիրում, սեր ու հարգանք. ահա այն, ինչ պահանջվում է բոլորիցս: Ընկերության պարագայում այս արժեքներն առավել իմաստավորվում ու մեծ բովանդակություն են ձեռք բերում: Ուս ուսի տալով` մենք ի վիճակի կլինենք նոր բարձունքներ նվաճելու և նոր հաղթանակներ կերտելու…

SHARE