Ամեն լավ գործի հետ

0
4

Դու էլ ես ոգեշնչվում ու կենսունակության նոր լիցքեր ստանում

Զարգացում

-Գյուղացիները հիմնականում խաղողագործությամբ են զբաղվում,- <<Ընկեր>>-ի հետ զրույցում ասաց Վերին Արտաշատ համայնքի երկարամյա ղեկավար Աշոտ Ղազարյանը:- Խաղողագործությունը մեր ամենազարգացած ճյուղերից մեկն է: 484 հեկտար սեփականաշնորհված հողատարածքների մոտ 90 տոկոսը խաղողի բերքատու այգիներ են: Ունենք և° սեղանի, և° տեխնիկական սորտեր: Վերջին տարիներին միտում է նկատվում` լարային այգիներն աստիճանաբար փոխարինվում են թառմայի այգիներով, ինչն ավելի արդյունավետ ու եկամտաբեր է: Բարելավվել է նաև խաղողի ընդունման գործընթացը, վճարումները ժամանակին արվում են, գինը շուկայում կարգավորվել է և այլն: Այսօր գյուղացին աշխատելով` կարողանում է ընտանիքի հոգսը հոգալ: Կոնկրետ մեր համայնքի օրինակով կարող եմ ասել, որ աշխատող մարդիկ սոված չեն մնում և սոցիալապես լավ վիճակում են…

Խոսելով համայնքի զարգացման մասին, պարոն Ղազարյանը նշեց, որ վերջին մեկ-երկու տարում մեծածավալ աշխատանք է կատարվել` մասնավորապես, արտաքին լուսավորության, ճանապարհների բարեկարգման ու ասֆալտապատման ուղղությամբ: Համաշխարհային բանկի միջոցներով ասֆալտապատվում է Վերին Արտաշատ-Հնաբերդ-Գետազատ միջհամայնքային ճանապարհը: Տեղադրվում են առուների կիսախողովակները, մայթերի կառուցումն ընթացքի մեջ է: Մինչև սեպտեմբեր կունենան հոյակապ ճանապարհ, ինչը, համայնքապետի համոզմամբ, կնպաստի նաև տուրիզմի զարգացմանը: Այս աշխատանքներին զուգահեռ, ըստ նախնական պայմանավորվածության, կլուծվի նաև արտաքին լուսավորության հարցը: Բացի այդ, մինչև ասֆալտապատումը Ավետիսյան, Թումանյան և Մյասնիկյան փողոցներում 860 գծամետր երկարության խմելու ջրի ջրագծեր են ամբողջությամբ փոխվել: Ջրամատակարարումն այսօր շուրջօրյա է: Նախկինի համեմատ լավացել է նաև ջրի որակը:

Համայնքի ղեկավարը նշեց, որ կառավարություն էր ներկայացվել մանկապարտեզի երկրորդ հարկի վերանորոգման նախագիծ, որը հաստատվել է և ներառվել այս տարվա սուբվենցիոն ծրագրերում: Արժեքը 12 մլն դրամ է, որի 50 տոկոսը կներդնի համայնքը: Մի խոսքով, երկրորդ հարկի նորոգումով ընթացիկ տարում երեխաների համար շատ ավելի լավ պայմաններ կստեղծվեն մանկապարտեզում, քանի որ առաջին հարկն արդեն վերանորոգվել է մարզպետարանի կողմից: Հին ասֆալտի քերուկով 2 փողոց (մոտ 800 քմ ճանապարհ) բարեկարգվել է, մոտ 860 գծամետր էլ հարթեցման աշխատանքներ են կատարվել: Բացի այդ, ասֆալտի քերուկն օգտագործվել է նաև դաշտամիջյան ճանապարհների հարթեցման համար: Գյուղի կենտրոնական փողոցն ասֆալտապատվել է, ապահովված է արտաքին լուսավորությամբ: Դպրոց տանող երկու ճանապարհն ասֆալտապատվել են տրանսպորտի նախարարության կողմից: Այգեպատ տանող ճանապարհի գյուղամիջյան հատվածն ասֆալտապատվել է համայնքի բյուջեի միջոցներով: Առհասարակ, այդ ճանապարհը բարեկարգելու կարիք կա, քանի որ գյուղի հիմնական հողատարածքներն այդ մասում են:

-Ունենք շատ լավ մշակույթի տուն,- շարունակեց պարոն Ղազարյանը,- օպերայի շենքի մակետով կառուցված, Թամանյանի որդու նախագծով, որտեղ մշտական միջոցառումներ են կազմակերպվում: Այստեղ է տեղավորված արվեստի դպրոցը, որի 20-ամյակն այս տարի մեծ շուքով նշեցինք: Երեխաների միջազգային օրը նշվում է մեծ հանդիսավորությամբ, 300 տեղանոց դահլիճը լեփ-լեցուն է լինում: Մշակույթի տան այգում կանաչապատման մեծածավալ աշխատանք է կատարվել: Բարեկարգված մասում տեղադրելու ենք մանկական խաղեր: Կկառուցվի նաև գյուղի եկեղեցու զանգակատունը: Այս հարցում մեզ կօգնի մեր համագյուղացի մի բարերար…

Համայնքապետի նվիրյալ աշխատանքի շնորհիվ գյուղում, կարելի է ասել, լուծվել են բոլոր գլոբալ խնդիրները: Փոքրիշատե խնդիր կա ոռոգման առուների հետ կապված` կիսախողովակներ տեղադրելու անհրաժեշտություն է զգացվում: Մնացած խնդիրները կարողանում են համայնքի հնարավորությունների սահմաններում լուծել: Համայնքապետը գոհ ու բավարարված է զգում իրեն, երբ տարեցտարի, ժամանակի հետ լավ գործերն ավելանում ու բազմապատկվում են: Ընթացիկ տարին այդ առումով ավելի նշանակալի է, քանի որ միանգամից մի քանի կարևոր խնդիր է լուծվում:

4700 բնակիչ ունեցող համայնքը Աշոտ Ղազարյանը ղեկավարում է մոտ 24 տարի: Անշուշտ, համայնքի բնակիչների հետ փոխադարձ վստահության ու հարգանքի շնորհիվ է կարողացել պաշտոնավարման նման երկարակեցություն ապահովել: Եղել է ժողովրդի կողքին և բարձրացված հարցերը ջանացել ժամանակին լուծել, դիմացինին ինչ-որ կերպ օգտակար լինել: Եվ դա հաջողվել է նրան, ինչի վկայությունը բնակչության ջերմ վերաբերմունքն է, սերն ու համակրանքն իր ղեկավարի նկատմամբ: Բնակչի հետ է մշտապես, օրվա բոլոր ժամերին, յուրաքանչյուրի համար ընկեր է ու հարազատ:

Շատ ընկերասեր է և համոզված է, որ ընկերների շնորհիվ շատ ավելիին կարող է հասնել` հատկապես համայնքին առնչվող շատ խնդիրների լուծման ճանապարհին: Միանշանակ այն կարծիքին է, որ առանց ընկեր մարդը ոչ մի բանի պիտանի չէ: Պետք է ունենաս լավ ընտանիք, լավ ընկերներ, որպեսզի ապրածդ կյանքը հաճույքով վայելես: Ընկերության մեջ ազնվությունն ու մաքրությունն է գնահատում, շիտակ ու անկեղծ փոխհարաբերությունների կողմնակից է:

Աշոտ Ղազարյանը հպարտությամբ է նշում, որ վերին արտաշատցին շատ աշխատասեր է, հատկապես այս սեզոնին գյուղում պարապ մարդ չես գտնի: Գյուղացին ձգտում է հողից առավելագույնն ստանալ` բարեկեցիկ կենսակերպ վարելու համար…       

SHARE