Ամեն մեկն իր տեղում, իր վարքագծով

0
53

Ի նպաստ հայրենի երկրի զարգացման ու առաջընթացի

Լավատեսություն

-2003 թվականից ղեկավարում եմ Դավթաշեն համայնքը,- <<Ընկեր>>-ին ասաց Գրիգոր Վարդանյանը:- Առաջիկա ՏԻՄ ընտրությանն առաջադրել եմ թեկնածությունս: Իմ ղեկավարման տարիներին շատ խնդիրներ են լուծվել, միաժամանակ կան դեռևս չլուծվածներ, քանզի կյանքը կանգ չի առնում, և ժամանակն իր հետ նորանոր խնդիրներ է բերում: Աշխատանք շատ է արվել, և բոլորն այստեղ թվարկելու անհրաժեշտություն չեմ տեսնում: Մասնավորապես, գազաֆիկացում ենք արել, նորոգել դպրոցն ու մանկապարտեզը, օրվա կարգավորիչ ջրամբարը նորոգել ու գործարկել, խմելու ջրի ներքին ցանցն ամբողջովին փոխել, կապտաժային կառույցները վերանորոգել, խմելու ջրի արտաքին ցանցը նորոգել ու նորը կառուցել, դպրոցում ջեռուցման համակարգ անցկացրել: Բացի այդ, մշակույթի տան տանիքն ենք վերանորոգել և նոր պատուհաններ տեղադրել` այդ կերպ, թերևս, փրկելով շենքը քայքայումից: Մնում է, որ ներսում որոշակի աշխատանք կատարենք: Մանկապարտեզը նորոգելուց հետո արդեն 4 տարի գործում է: Ահա, այդպես, բազմաթիվ մեծ ու փոքր ծրագրեր ենք ժամանակի ընթացքում կյանքի կոչել: Ընտրվել եմ 4 անգամ, ինչը վկայում է, որ մարդիկ ինձ վստահել ու այսօր էլ շարունակում են վստահել: Անկուսակցական եմ` միշտ իմ սկզբունքներին հավատարիմ: Գյուղացու համար այնքան էլ նշանակություն չունի կուսակցական լինել-չլինելու հանգամանքը, մարդն է կարևոր, մարդկային ու բարոյական որակները: Միշտ էլ ի նպաստ գյուղի ու գյուղացու եմ աշխատել: Իշխանափոխությունը ողջունող հարյուր հազարավորներից մեկն եմ եղել` համոզված լինելով, որ հին արատավոր բարքերն ու երևույթները պետք է իրենց տեղը զիջեն նոր, առաջավոր գաղափարների իրագործմանը, պետական կառավարման համակարգի շուտափույթ առողջացմանը: Միանշանակ, շատ բան պիտի փոխվի, և այդ առումով մեծ հույսեր եմ կապում նոր կառավարության հետ: Սակայն ամեն ինչ չպետք է թողնել մեկ մարդու վրա: Ճիշտ է, երկրի ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է, բայց դա չի նշանակում, թե ամեն ինչ պետք է թողնել նրա վրա և ասել` դե՛, գնա մեզ համար, մեր փոխարեն գործ արա: Ամեն մեկն իր տեղում պետք է սրտացավ ու պատասխանատու լինի, աշխատի ու տքնի: Մեր մտածելակերպը պիտի փոխենք, ազնիվ ու նվիրված լինենք, երկրի քաղաքացու ճշգրիտ դիրքորոշում որդեգրենք: Շատ մեծ բեռ կա այսօր մեր իշխանության ուսերին, և պետք է համատեղ ուժերով ու միասնական հաղթահարել այն: Առաջին քայլերն արդեն իսկ հույս-հավատ ներշնչում են: Այդուհանդերձ, չի կարելի շատ բաներ միանգամից պահանջել, իրատես պիտի լինենք ու սառը դատենք…

Գործող համայնքապետի համար, վերընտրվելուց հետո, առաջնահերթ է ոռոգման ջրի խնդրի լուծումը: Դա ոչ միայն Դավթաշենին, այլև տարածաշրջանի գրեթե բոլոր գյուղերին է մտահոգում. <<Դեռևս խորհրդային ժամանակներից ենք <<ժառանգել>> այդ խնդիրը: Սելավաջրերի հույսին ենք, ոռոգելի տարածքները պայմանական են այդպես կոչվում: Նախկինից մնացած ծրագիր կար` Կապս-Եղվարդ կապի ստեղծման առումով, ինչի արդյունքում ջուր կստանային նաև մնացած գյուղերը: Սակայն ջրի քանակի նվազման պատճառաբանությամբ ծրագիրը մնաց թղթի վրա…>>:

Բնակիչների հետ համայնքի ղեկավարի հարաբերությունները ջերմ ու անմիջական են: Գյուղապետն էլ, իր խոստովանությամբ, նույն գյուղացին է, նույն հոգսերի բեռան տակ, ապրուստի նույն միջոցներին ապավինած: Թերևս, պատասխանատվությունն է մեծ, պարտքի զգացումը յուրաքանչյուրի հանդեպ: Անկախ այն հանգամանքից` տվյալ խնդիրն իր իրավասության շրջանակներում է, թե ոչ, պարտավոր է լսել, ժամանակ հատկացնել և, անհրաժեշտության դեպքում, հավելյալ ջանքեր գործադրել` անպատասխան ու չբավարարված չթողնելու բնակչին: Եթե ՏԻՄ ղեկավար ես, տեղական իշխանություն, ապա դա չի նշանակում, թե մեծ հնարավորություններով ես օժտված, հատկապես` ֆինանսական միջոցների տիրապետման առումով: Անգամ սուղ պայմաններում լավ է, գոնե, որ կարողացել է մանկապարտեզի բնականոն գործունեությունն ապահովել:

Գյուղացին զբաղվում է հիմնականում հողագործությամբ ու անասնապահությամբ, բայց հնարավորություններն այդ առումով խիստ սահմանափակ են: Արոտավայրեր չունեն, եղած տարածքները կիսաանապատային են, չորային ու անբերրի: Բնության բարեհաճության հույսին են: Այդ պատճառով մարդիկ արտագնա աշխատանքով են ընտանիք պահում: Եթե մարդը սոցիալապես խոցելի է լինում, ապա դժգոհությունն էլ անպակաս է, ինչի առաջին հասցեատերը հենց համայնքապետն է: Պարտավոր ես, պարոն Վարդանյանի խոսքերով, ամեն ինչից գլուխ հանել, գյուղացուդ գոհ ու բավարարված ճանապարհել: Ինչ ուզում է լինի, պետք է քո դիրքում ու տեղում մնաս, հասկանաս ու հասկացնես մարդկանց:

Էլ ինչ ղեկավար, որ ընկեր չունենա: Գրիգոր Վարդանյանն ընկերներ ունի հասարակության ամենատարբեր խմբերում ու ոլորտներում: Գնահատում է ընկերությունը` առաջին հերթին կարևորելով ազնվությունը: Ըստ նրա, պետականություն չունենալու հանգամանքը մեր ժողովրդին պարտադրել է ամուր կառչել ընտանիքին, ընկերությանը, հավատին ու բարոյականությանը. <<Այս ամենի շնորհիվ է հայը գոյատևել, պահպանել իր հավաքական ամբողջությունը: Պատահական չէ, այո՛, որ մենք սրբացնում ենք ընտանիքը, ընկերությունը… Այսօր վճռորոշ ու ճակատագրական պահ է մեր երկրի, մեր ժողովրդի համար: Ամեն մեկն իր տեղում պիտի լինի, իր ճի՛շտ տեղում: Ի վերջո, մեզանից է ծնվում իշխանությունը, մենք ենք ծնողը իշխանության: Եթե ծնողն արատավոր եղավ, ապա նրա ծնունդն էլ նույնպիսին կլինի: Ուստի և, դատապարտված ենք լավը լինելու, մաքուր ու ազնիվ ընթանալու մեր ճանապարհով…>>:

SHARE