Անվտանգության խնդիրն ամենակարևորն է մեզ համար

0
2

Բոլորս էլ պետք է լրջորեն վերաբերվենք դրան` մեր իսկ շահերից ելնելով

Սպասարկում

-Ունենք 11 համայնք մեր սպասարկման ոլորտում,- <<Ընկեր>>-ի հետ զրույցում ասաց <<Գազպրոմ Արմենիա>> ՓԲԸ Գավառի ԳԳՄ տնօրեն Մկրտիչ Զիրոյանը:- Այդ համայնքներն ամբողջությամբ գազաֆիկացված են: 12.750 բնակիչ բաժանորդ ունենք: Գազաֆիկացման, գազամատակարարման խնդիր հիմա չկա, ռեժիմով աշխատում ենք, ուղղակի, բնակչի կողմից օգտագործված գազի դիմաց վճարման խնդիր կա: Այս պատճառով խնդիրներ են առաջանում բաժանորդների հետ` գազամատակարարման դադարեցման ու միացման հարցերով պայմանավորված: Հիմնականում վճարման հետ կապված խնդիրներն են: Օրենքով սահմանված կարգով 3 օր առաջ ուղարկում ենք ծանուցումը, եթե էլի չեն մուծում, դադարեցնում ենք գազի մատակարարումը: Քանի որ մարդկանց նպաստները տվյալ ամսվա վերջին են տալիս, ուստի այդ առումով ևս հավաքագրումները ժամանակին չենք հասցնում կատարել: Մեր բացատրական աշխատանքի և հսկողության արդյունքում բաժանորդների կողմից գազի գողությունների դեպքերն անհամեմատ նվազել են: Երբեմն բնակչի կողմից հաշվիչի արտաքին միջամտություններ էլ են լինում, ինչի դեպքում հաշվիչն ուղարկում ենք լաբորատորիա` ստուգաչափման: Մարդկային գործոնի առկայության պարագայում խնդիրը դատական կարգով լուծվում է: Գազի օգտագործման դեպքում անվտանգության ապահովումը շատ կարևոր է, և այս ուղղությամբ շատ լուրջ աշխատանք է իրականացվել: Եթե ողջ Ռուսաստանում ազդանշանային սարքեր տեղադրված չեն, ապա Հայաստանում դա վաղուց իրականություն է դարձել: Այս սարքի տեղադրումը մեծ նշանակություն ունի, ուղղակի մարդիկ լավ չեն պատկերացնում դրա անհրաժեշտությունը: Երբեմն անջատում են այն, ինչը շատ վատ է, չնայած մեր աշխատակիցների կողմից մշտապես այդ ուղղությամբ ևս բացատրական աշխատանքներ են տարվում: Քանի որ մոտենում է ջեռուցման սեզոնը, ուստի մեր կողմից այդ աշխատանքներն առավել մեծ ծավալով են իրականացվում: Բաժանորդներին անվտանգության կանոնների մասին կրկին ու կրկին տեղեկացնելով, միաժամանակ նրանց զգուշացնում ենք քամիների դեպքում ձեռնպահ մնալ գազ օգտագործելուց: Շատ հարցերի շուրջ մամուլով, հեռուստատեսությամբ ենք պարզաբանումներ տալիս: Պետք է շեշտեմ, որ անվտանգության անջատիչ ազդանշանային սարքերի տեղադրումից հետո դժբախտ դեպքերի թիվն անհամեմատ պակասել է: Գազի աննշան արտահոսքը, շմոլ գազի առկայությունն այդ սարքը ազդանշանի միջոցով ցույց է տալիս` անմիջապես անջատելով գազի մուտքը: Տվյալ սարքի անսարքության դեպքում 3 օրվա ընթացքում այն փոխում ենք` նորը տեղադրելով: Երբեմն դժբախտ դեպքեր պատահում են մարդկանց անտարբերության պատճառով: Բնակարանից հոտ են առնում կամ գլխացավեր են ունենում, ուշադրություն չեն դարձնում, չեն դիմում-ահազանգում մեզ: Մարդիկ պետք է զգոն լինեն, անմիջապես համապատասխան քայլեր ձեռնարկեն` դժբախտ դեպքերից, թունավորումներից խուսափելու համար: Դեպքերի մեծ մասը բնակիչների մեղքով է լինում, եթե ականջալուր լինեն մեր հորդորներին, ապա նման դեպքեր չեն լինի:

Անդրադառնալով աշխատակիցների անվտանգության ապահովման հարցին, պարոն Զիրոյանը մասնավորապես նշեց. <<Աշխատողներին արտահագուստ ենք տալիս, տեղում հրահանգավորում ենք` բացատրելով զգուշանալու մասին, նաև այն մասին, թե արտակարգ իրավիճակներում ուշադրությունն ինչի վրա կենտրոնացնեն և այլն>>: Ըստ նրա, լավ կլինի, որ գազի ոլորտի հետ կապված պայմանական նշանները <<Գազպրոմի>> սպասարկման երկրներում նույնը լինեն: Այս դեպքում իրենց աշխատանքը դյուրին կդառնա:

Մկրտիչ Զիրոյանը միաժամանակ մատնանշեց, որ <<Գազպրոմի>> գործունեությունը Հայաստանում լավ հիմքերի վրա է դրված և այդպես էլ շարունակվում է: Տարեկան մի քանի անգամ մասնագետներ են գալիս ՌԴ-ից, ստուգումներ իրականացնում և գոհ մնում արվածից: Նրա խոսքերով, ԳԳՄ-ներն այսօր ամեն ինչով ապահովված են և ի վիճակի են աշխատանքները պատշաճ կատարել: Ցանկացած առաջադրանք կամ խնդիր բարձր մակարդակով է իրականացվում: Մասնավորապես, հիմա գազատարներն էլ են իրենք հետազոտում, ինչը հնարավորություն է տալիս անվտանգության առումով արտահերթ ստուգումներ անել և այդ իմաստով ևս տվյալ կարևոր խնդիրը շատ բարձր մակարդակի վրա է գտնվում, այսինքն արտահոսքի դեպքերը ևս նվազագույնի են հասցվում:

Հարկ է նշել, որ Մկրտիչ Զիրոյանն այս ոլորտում է դեռևս 1982 թվականից, այսինքն` շուրջ 37 տարի: Նախ անվտանգության ինժեներ է աշխատել, գազատարների շահագործման ինժեներ, ապա ծառայության պետ և այլն: 2010-ից Գավառի ԳԳՄ տնօրենի պաշտոնն է զբաղեցնում: Իր խոստովանությամբ, այս տարիների ընթացքում լավ ընկերներ է ձեռք բերել, աշխատանքային լավ կոլեկտիվ ձևավորել, մարդկանց հետ շփվելու լավ ունակության տիրապետել: Աշխատանքի մեջ ամենակարևորն այն է, որ լավ մարդկանց հանդիպես. <<Իհարկե, չհասկացողների հանդիպելիս նեղվում ենք և հակառակը` լավ, հասկացող մարդկանց պարագայում ամեն ինչ բարեհաջող է ընթանում: Դժվարություններն էլ անպակաս են եղել: Բնակչի հետ աշխատելն այնքան էլ հեշտ չէ, պետք է կարողանալ յուրաքանչյուրի լեզուն հասկանալ, ընդհանուր հայտարարի, համաձայնության գալ և այդպես գործերն առաջ տանել: Խստապահանջությունն ամեն դեպքում պիտի պահպանել, օրենքի պահանջներով առաջնորդվել և, անկախ ամեն ինչից, անվտանգության խնդիրը միշտ գերադասելի համարել: Այո, անվտանգությունն առաջնահերթ է, մատների արանքով չպիտի վերաբերվել դրան և պետք է խստագույնս պահպանել սահմանված կարգ ու կանոնը…>>:

Ընկերությունը հոգեհարազատ թեմա է Մկրտիչ Զիրոյանի համար: Ըստ նրա, ամեն տեղ ընկերներ ունի. <<Ընկերության մեջ ամեն ինչ էլ գնահատելի է, ստախոսությունից բացի: Չեմ սիրում, երբ սուտ են խոսում: Ընկերությունը մի օրվա բան չէ, որ ձեռք ես բերել ու չնչին պատճառով խզես այն: Իմ ընկերները լավ մարդիկ են, ամենակարևորը` ճշտախոս: Ավելի լավ է դառը ճիշտը, քան քաղցր սուտը: Խաբված լինելն անընդունելի է: Ընտանիքն իր տեղն ունի, ընկերությունը` իր…>>: Մկրտիչ Զիրոյանն, իրոք, մարդկային լավագույն հատկանիշները կրող, հավատարիմ ու ավանդապահ անձնավորություն է, մարդկանց հասնող, աջակից ու միշտ հարազատ…

SHARE