Աշխատանքի, աշխատելու հնարավորություն

0
847

Որպեսզի մարդը ստիպված չլինի լքելու հայրենի եզերքը և բախտ որոնելու օտար ափերում

Ծննդավայր

<<Ընկեր>>-ի հետ զրույցում Լյովա Աբրահամյանը նշեց, որ երջանկահիշատակ Հովիկ Չիչոյանից հետո (նա ընդամենը 10 ամիս ղեկավարեց համայնքը) 2016 թ. սեպտեմբերի 17-ին նշանակվել է Գեղարքունիքի մարզի Սարուխանի համայնքապետի պաշտոնակատար: Մինչև այդ համայնքի ղեկավարի տեղակալն էր:

-Սկսեցի կիսատ, չավարտված աշխատանքներից,- ասաց պարոն Աբրահամյանը:- Հիմնականում ճանապարհների բարենորոգումն ավարտեցինք, մասնավորապես` երկրորդ գերեզմանատան, Հայրենական մեծ պատերազմի զոհվածների հուշարձան տանող ճանապարհներինը: Նաև մի փողոցի հատվածում լուսավորություն անցկացրեցինք: Իմ ղեկավարությամբ է 2018 թ. բյուջեն ձևավորվել ու հաստատվել` շուրջ 200 մլն դրամ: Ամենաառանցքային` Մեսրոպ Մաշտոցի փողոցն ենք արդեն, շուրջ 1 կմ երկարությամբ, լուսավորել, ավելի քան 7 մլն դրամի աշխատանք է կատարվել: Նախատեսել ենք թիվ 1 դպրոց տանող ճանապարհը (Գրիշա Դարբինյանի փողոց), ինչպես նաև մեկ այլ փողոց լուսավորել, ինչի համար կկատարվի 8 մլն դրամի աշխատանք: Հոբու կոչվող թաղամասն ենք մեր աղբյուրներից երկաթե կիսախողովակներով ոռոգման ջուր հասցրել` ծախսելով 4 մլն դրամ և հիմնովին լուծելով 50-60 հեկտար տնամերձ հողամասերի ոռոգման խնդիրը: Միաժամանակ, փողոցների բարեկարգման, ջրատարների ու հեղեղատարների մաքրման ընթացիկ աշխատանքներ ենք կատարել: Մեկ շենքում գտնվող թիվ 2 մանկապարտեզի ու արվեստի դպրոցի ընդհանուր տանիքն ենք մտադիր վերանորոգել: Նախագծային աշխատանքներն արվել են, մնում է շինաշխատանքներն սկսել, ինչի համար կպահանջվի մոտ 2,5 մլն դրամ գումար: Մոտ օրերս կսկսենք երկրորդ գերեզմանատան քարով պարսպապատումը: Կառավարության սուբվենցիաների մոտ 230 մլն դրամ արժողությամբ ծրագրով (համայնք` 60, կառավարություն` 40 տոկոս) 4 մեծ փողոց պետք է ասֆալտապատենք: Քանի որ դրսում շատ բարերարներ ունենք, ուստի արտաբյուջետային հաշիվ ենք բացել, որպեսզի ցանկացողները գումար փոխանցեն տվյալ ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով: Նախագծային աշխատանքներն ավարտվել են, մոտ օրերս կսկսենք ասֆալտապատումը: Առաջին հերթին` գյուղի կենսագործունեության կարևորագույն հատվածներն ու տեղամասերը, ինչի արդյունքում համայնքի ընդհանուր պատկերն էականորեն կբարեփոխվի:

7800 բնակիչ ունեցող Սարուխանում մեծ թիվ են կազմում արտագնա աշխատանքի մեկնողները: Բնակչության թիվը գրեթե 2000-ով նվազել է, քանի որ մարդիկ դրսում մշտական աշխատանք գտնելով` այլևս չեն վերադառնում հայրենի գյուղ: Լյովա Աբրահամյանը, որ 1996-2008 թթ. ևս ղեկավարել է համայնքը, քաջատեղյակ է առկա խնդիրներին և նշեց, որ 1997-ին գյուղի բնակչության թիվը մոտեցել էր 10.000-ին: Արտագաղթը կանխելու գլխավոր միջոցը տեղում արտադրություններ հիմնելն է, ինչի ուղղությամբ Սարուխանում <<ծանրութեթև>> են անում ունեցած հնարավորություններն ու միջոցները: Մտածում են, օրինակ, շաքարի արտադրություն հիմնելու մասին և, առհասարակ, որոշակի հույսեր են կապում սարուխանցի գործարարների հետ: Տեղում շաքարի ճակնդեղի մշակությամբ զբաղվելը կարող է լուրջ հեռանկարներ բացել գյուղի համար: Կարտոֆիլի մշակությանը զուգահեռ պետք է նաև գյուղատնտեսական այլ մշակաբույսերի աճեցմամբ զբաղվել:

Ղեկավարման բավարար փորձ ու անհրաժեշտ հմտություն ունենալով, Լյովա Աբրահամյանը համոզված է, որ համայնքապետի աշխատանքը հետևողականություն է պահանջում, կշռադատված վերաբերմունք խնդիրների լուծման և արդարացի մոտեցում համայնքի բնակչի ցանկացած հարցի բավարարման նկատմամբ: Բոլորի հետ մարդկային  պարզ ու անկաշկանդ փոխհարաբերությունների հաստատման կողմնակից է, հեռու է պաշտոնեականությունից, յուրաքանչյուրի հոգս նաև իրենն է համարում: Մարդկային է, ավելորդ ձևականությունները չհանդուրժող: Գտնում է, որ համայնքապետարանն առաջնահերթ պետք է գյուղտեխնիկայի սպասարկման հնարավորություն ունենա` իր բնակչին ապահովելու համար:

Սարուխանը հոգևոր-մշակութային կյանքով ապրելու բավարար պայմաններ ունի: Այս առումով կարևոր դերակատարում ունի գյուղի հոգևոր հովիվ տեր Ներսես քահանա Սահակյանը, ով սերտորեն համագործակցում է համայնքապետարանի հետ: Մարզակյանքի բարելավման տեսանկյունից ևս որոշակի հուսադրումներ կան: Մարզադպրոց հիմնելու նպատակով արդեն պայմանավորվածություն ունեն Ղազախստանում բնակվող սարուխանցի Սողոյան եղբայրների հետ, ովքեր խոստացել են հովանավորել շենքի վերանորոգումը և օգնել անհրաժեշտ գույքի ձեռք բերման գործում:

Խոսելով մտահոգություններից, համայնքապետ Աբրահամյանը նշեց, որ այսօր իրենց գործում թղթարարությունը շատ է, ինչն էլ ավելի շատ ժամանակ ու ջանքեր է պահանջում` վնասելով բուն գործին, կոնկրետ աշխատանքների կազմակերպմանը: Աշխատանքային գործընթացների պարզեցման փոխարեն, ընդհակառակը, շատ բաներ անտեղի բարդեցված են: Համայնքային ծառայողների թիվն էլ, ըստ նրա, պիտի կրճատվի: Առհասարակ, համայնքապետարաններում պետք է ոչ թե նստակյաց աշխատանք կատարվի, այլ եղած փոքրաթիվ աշխատակիցները պրակտիկ գործով պիտի զբաղվեն, ողջ օրը գյուղում, մարդկանց շրջապատում անցկացնեն, գյուղատնտեսության նրբություններին տիրապետելով` դաշտերում ու արտերում լինեն: Յուրաքանչյուրն իր տեղում պիտի լինի և գլուխը կախ իր գործն անի…

Հավելենք, որ առաջիկա կիրակի կայանալիք ՏԻՄ ընտրությանը Լյովա Աբրահամյանն առաջադրել է թեկնածությունը` ավարտին հասցնելու կիսատ գործերն ու ծրագրերը:

SHARE