նպատակասլացությամբ, պատասխանատվությամբ ու նվիրումով…
-Հաշվի առնելով իմ հնարավորությունները,-նշեց պարոն Օհանյանը,-ինչու չէ, նաև ունեցածս կապերն ու ընկերական լայն շփումները, որոնք հարազատ քաղաքի համար ներդրումային բարենպաստ իրավիճակ և նոր աշխատատեղեր բացելու պայմաններ կստեղծեն, ինչպես նաև կազմակերպչական ու ղեկավարման ունակություններս, որոնք կարող եմ ծառայեցնել քաղաքի հետագա զարգացմանն ու բարգավաճմանը, ուստի որոշեցի առաջադրել թեկնածությունս…
Ընտրություն
<<Բարգավաճ Հայաստան>> կուսակցությունը Մասիսի քաղաքապետի ընտրություններին առաջադրել և պաշտպանում է Կարապետ Օհանյանի թեկնածությունը: Նա ծնունդով Մասիսի տարածաշրջանի Մարմարաշեն գյուղից է: 2008 թվականից ԲՀԿ Մասիսի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահն է, 2009-ից` Մասիսի փոխքաղաքապետը:

Համայնքի ղեկավարի թեկնածուն միաժամանակ նշեց, որ ՀՀԿ-ից առաջադրված թեկնածու Սաշիկ Հակոբյանին արժանի մրցակից է համարում, ահա թե ինչու նախընտրական թեժ պայքար է ընթանում: Հավատացած է, որ ընտրություններն անցնելու են արդար ու թափանցիկ` առանց էական ցնցումների: Պարոն Օհանյանը բարձրաձայնեց, որ հարգանքով է վերաբերվում գործող քաղաքապետ Դմիտրի Նազարյանի անցած ուղուն, ընտրվելու դեպքում շարունակելու և ավարտին է հասցնելու նրա կիսատ գործերն ու ձեռնարկումները: Նույն կերպ արտահայտվեց նաև նախկին քաղաքապետ, այսօր քաղաքապետի թեկնածու Սաշիկ Հակոբյանի հասցեին: Կարևոր համարեց ընդգծել նաև, որ 2007-ից Մասիսի տարածաշրջանի թիվ 16/1 ընտրատարածքից մեծամասնական, ապա` այս անգամ, համամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավոր ընտրված Տիգրան Ստեփանյանն իր օրինակելի գործունեությամբ` ժողովրդին միշտ հասանելի լինելու ձգտումով և բարեգործական ծանրակշիռ ներդրումներով, ցանկացած ԲՀԿ-ական համայնքապետի պարտավորեցնում է լավ աշխատել և լինել ժողովրդի կողքին ու կիսել նրա հոգսերը: Ինքը, մասնավորապես, գիտակցաբար ստանձնել է այդ մեծ պատասխանատվությունը և մինչև վերջ հավատարիմ է մնալու դրան: Նրա ցանկությունն է, որ Մասիսն ընտրի իրեն արժանի ղեկավարի, ում վստահում ու հավատում է:
Ինչպես այնուհետև տեղեկացանք պարոն Օհանյանի հետ մեր զրույցից, նրան այսօր ամենաշատ մտահոգողը երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակն է, ինչի պատճառով էլ արտագաղթի ծավալները գնալով ընդլայնվում են` վտանգելով մեր երկրի անվտանգությունը: Գտնում է, որ ինչպես ԲՀԿ-ն, այնպես էլ երկրի նախագահը լրջորեն մտահոգված են տվյալ խնդրով և վիճակը շտկելու ուղիներ են փնտրում: Ընտրապայքարում հաջողության հասնելու պարագայում Կարապետ Օհանյանն առաջնահերթությունը տալու է սոցիալական, քաղաքաշինության և գյուղատնտեսության ոլորտներին: Այսպես, ըստ նրա նախընտրական ծրագրի հիմնադրույթների, քաղաքապետարանի կառավարման համակարգում հետևողականորեն խթանվելու են ժողովրդավարական արժեքները` տիրելու է օրենքի գերակայությունը, մերժվելու է անօրինականությունը, իշխելու է արդարամտությունը, գործնական վերաբերմունք է ցուցաբերվելու քաղաքացու առաջարկների ու խնդիրների նկատմամբ: Երկրի տնտեսական կյանքի ժամանակավոր վայրէջքի պայմաններում քաղաքում աղքատության եզրին հասած ընտանիքներին օգնելու բարի տրամադրությունը պետք է դառնա հոգեբանություն: Տնտեսության վերականգնման ճանապարհ են ընտրվելու ներդրումային քաղաքականությունը, նոր աշխատատեղերի ստեղծումը, ազատ ձեռներեցությունը` ներգրավելով նաև սփյուռքի մեր հայրենակիցների հնարավորություններն ու կարողությունները և պահպանելով, բնականաբար, շուկայական հարաբերությունների սկզբունքները: Ելնելով քաղաքի` տարածաշրջանում գոյություն ունեցող հողատարածության առկայությունից, բարեփոխիչ ուշադրություն դարձնել գյուղատնտեսական մթերք արտադրող բնակչության պահանջներին: Համայնքային բյուջեն, կանոնավոր համալրվելով և հնարավոր նորաստեղծ միջոցներով հարստացվելով, հոգալու է քաղաքի բարեկարգման, կոմունալ-կենցաղային և տրանսպորտային համակարգի, ուսումնակրթական համալիրի, մշակութային, մարզական օջախների և առողջապահության ոլորտի կարիքները…
Այն հարցին, թե համայնքը ղեկավարելու համար մարդը, արդյոք, ինչպիսի՞ հատկանիշներով պետք է օժտված լինի, պարոն Օհանյանը, որպես պատասխան, նախ կարևորեց, որ տվյալ անձը պետք է ղեկավարելու ունակություն ունենա, համբերատարություն, ցանկացած պահի հասանելի լինի իր բնակչին, ապրի բնակավայրի ամենօրյա հոգսերով, ինչպես նաև լինի մարդասեր ու ազգասեր: Իսկ, առհասարակ, մարդու մեջ գնահատում է ազնվությունը, ճշտապահությունը և աշխատասիրությունը:
Ընկերության հարցի շուրջ Կարապետ Օհանյանի դիտարկումը հետևյալն է.
-Ընկերությունը հիմնաքարն է բոլոր հաջողությունների` լինի գործարարության մեջ, ամենօրյա աշխատանքում թե մարտադաշտում: Եթե չլինեին ընկերության վերաբերմունքն իմ հանդեպ և իմ փոխադարձ պատասխանատվությունը, ապա ես, միգուցե, չառաջադրվեի: Վստահորեն կարող եմ ասել, որ մեր ընկերական ողջ ներուժը ներդրվելու է համայնքի բարգավաճման գործին: Աստված մարդուն տվել է ներողամիտ ու մեծահոգի լինելու շնորհը: Դա իմ մեջ կա: Մանավանդ ընկերության պարագայում պետք է այդ գիտակցությամբ, աստվածատուր այդ շնորհով առաջնորդվել:
Նշենք, որ Կարապետ Օհանյանը հոգու ու սրտի թելադրանքով զինվորագրվել է աշխարհազորային <<Սասունցի Դավիթ>> հայրենասիրական հասարակական կազմակերպությանը և արժանի մասնակցություն բերել Արցախի ազատագրության սրբազան գործին: Այսօր էլ նրա ձեռնարկատիրական գործունեությանն անմասն չէ բարեգործությունը: Նրա օգնությունը բազմաբովանդակ ու բազմուղի է` Մասիս քաղաքի կենտրոնական հիվանդանոց, զինվորական կառույցներ, մանկապարտեզներ, հասարակական-բարեգործական միություններ և այլն: Հովանավորում է մարզա-մշակութային միջոցառումների կազմակերպմանն ու անցկացմանը, աջակցում զոհված ազատամարտիկների ընտանիքներին, ուսանողներին…