Ձգտում

Գյուղն ունի 180 տարվա պատմություն: Նախկին Բլխերը 1955-ին են անվանակոչել Շենավան: Այն հայտնի է եղել իր աճեցրած կարտոֆիլով: Ժամանակին հարուստ կոլտնտեսություն է ունեցել: Աշխատասիրության շնորհիվ լավ տուն ու տեղ են դրել, գյուղն իրոք շեն բնակավայր, ավան դարձրել: Կարտոֆիլից հետո անցել են կաղամբի մշակության` հայտնի դառնալով գրեթե ողջ Խորհրդային Միության տարածքում: Վերջին տասնամյակներում Շենավանը զիջել է դիրքերը, ինչը հուսով են վերականգնել` ապավինելով իրենց աշխատասիրությանն ու եռանդին: Համախմբված, միասնական ու հարգալից են շենավանցիները: Ոմանք ստիպված արտագնա աշխատանքի են մեկնում` էլի հանուն հայրենական օջախի շենացման…
Մեր զրույցում խոսք գնաց նաև ընկերության մասին: Աշոտ Ղազարյանի համար ընկերությունը վեհ գաղափար է. <<Երբ երեխան սկսում է խոսել, անպայման խաղընկեր է փնտրում, հետո`դասընկեր, պատանեկան ընկեր և այլն: Դրանք ժամանակաշրջաններ են, կյանքի փուլեր, որ մարդը պիտի անցնի: Մարդը փնտրում է իր նմանին` մտածելակերպով ու ամեն ինչով, դրանով ձևավորում իր ընկերական շրջապատը: Ամեն ժամանակաշրջանում ընկերականության գաղափարը հասունանում է քո մեջ և սկսում ես իսկական ընկեր փնտրել: Ունեմ ընկերական մեծ շրջապատ: Շատ բաներ անտեսում եմ, որպեսզի չկորցնեմ ընկերներիս: Հասուն տարիքում ընկերության չափորոշիչները այլ հարթակի վրա են: Արդեն ընտանիքներով ես ընկերություն անում: Գտնում ես այն ընկերոջը, ում հետ ընտանիքով կարող ես շփվել: Մոդա է դարձել քավոր-սանիկություն անելը: Աշխատում եմ ընկերության վրա մի երկրորդ բան չավելացնել, մնանք միայն ընկեր: Ընկերոջ համ ու հոտն ուրիշ է: Ընկերների հետ ամեն ինչ կարելի է անել: Նրա հետ կարող ես կիսվել: Ասել այն, ինչ հարազատիդ չես կարող ասել: Ընկերոջդ կարող ես դիմել պարզ, շիտակ, վստահել նրան: Ցավել նրա համար: Ուրախանալ ընկերոջ հաջողություններով: Ինձ համար սա է ընկերությունը: Ճիշտ կյանքը ճիշտ ընկերության վրա է հիմնված…>>:
Մանկության ընկերոջ` Զոհրապ Աթեյանի հետ միասին են աշխատում` իր տեղակալն է: Աշխատանքը` աշխատանք, ընկերությունը` ընկերություն: Ընկերոջ հետ, ինչ խոսք, այնքան էլ հեշտ չէ աշխատելը, բայց տարիքն իր դրական դերը խաղում է, եղած էմոցիաները կարելի է զսպել, չկորցնել հավասարակշռությունը: Իմաստնությունը կարող է փրկել ընկերությունը:
Աշոտ Ղազարյանի կարծիքով, իր կինը չի կարող իրեն ընկեր լինել: Կինն ամենահավատարիմ էակը պիտի լինի, քանզի նաև երեխաներիդ մայրն է: Այստեղ ավելի սերտ ու մտերիմ բան կա, ավելին, քան ընկերության պարագայում: Ամուսինները դառնում են իրար լրացնող, փոխկապակցված են: Ֆիզիկայում դիֆուզիայի գաղափար կա, երբ մարմինները երկար կիպ հպված մնալուց սեղմվում են իրար և որոշ հատվածով դառնում մի մարմին… Առհասարակ, մենակ մարդը ոչնչի պիտանի չէ: Ընկեր բառն էլ, Ա. Ղազարյանի խոսքով, պետք չէ անընդհատ օգտագործել, էժանացնել, ում հետ շփվես, ասես` ընկերս է: Ընկերությունը կորիզի պես պիտի լինի` ամուր, միասնական…