Ընտրողին առաջնորդողն այս կարևոր առաջնահերթություններն են…
Բնակավայր
Սահակ Հարությունյանը Կոտայքի մարզի Կոտայք համայնքը ղեկավարում է 2006 թվականից: Այս տարիների ընթացքում բազմաթիվ աշխատանքներ են իրականացվել: Մասնավորապես, գյուղապետարանի շենքն է ամբողջությամբ հիմնանորոգվել` ներառյալ ներքին հարդարանքը: Մշակույթի տան տանիքն է մասնակի փոխվել, վերանորոգվել են դահլիճը, առանձին սենյակներ: Այդ հատվածում գործում է պարի անսամբլը:

Խոսելով ընկերության մասին, առանձնակի հիացմունք ապրեց Սահակ Հարությունյանը` այդ կերպ, թերևս, վկայելով, թե ինչպիսի ընկեր է ինքը;
-Ընկերությունը,-ընդգծեց նա,-թեկուզ ֆինանսապես չկարողանա օգնել, պիտի անպայման կողքիդ կանգնած լինի: Դրանից մարդը ոգևորվում է, ուժ է ստանում: Մարդը, որ արժանանում է ընկեր կոչվելուն, առաջին հերթին պիտի ազնիվ լինի, աշխատասեր, մարդկային: Ընկերներս մշտապես իմ կողքին են, ինչը փոխադարձ է: Համայնքի զարգացման գործում ոչ այնքան ֆինանսապես, որքան բարոյապես են ինձ աջակցել ու թևութիկունք եղել: Ընկերությունս մեծ լումա ունի իմ ձեռքբերումներում: Մեր տարածաշրջանի համայնքների բոլոր ղեկավարների հետ էլ ընկերական փոխհարաբերություններ կան: Գտնում եմ, որ համայնքի ղեկավարն իր աշխատանքում պետք է պարտաճանաչ լինի: Նույնը, բնականաբար, կարող ես պահանջել քո աշխատակազմից: Գյուղացին չպետք է երբևէ չբավարարված ու դժգոհ հեռանա գյուղապետարանից…
Անդրադառնալով սեպտեմբերի 23-ին կայանալիք ՏԻՄ ընտրությանը, պարոն Հարությունյանը նշեց, որ համայնքի ավագանու կազմում նոր մարդիկ են ընդգրկվելու, երիտասարդ ուժեր: Ավագանու 7 անդամի համար առաջադրվել է 8 թեկնածու: Գյուղապետի խոսքերով, ավագանու գործունեությունը Կոտայք համայնքում բարձր արդյունավետությամբ է աչքի ընկնում: Բոլոր հարցերի քննարկումներն այստեղ ակտիվ են անցնում, ինչից միմիայն շահում է համայնքը: Ավագանու հին անդամներից Աղասի Սաղաթելյանը, Գարիկ Մկրտչյանը և Կարեն Մնացականյանը կրկին առաջադրել են իրենց թեկնածությունները: Իրոք, արժանի են վերընտրվելու, քանզի իրենց շրջապատում հարգված մարդիկ են, սիրված բնակչության կողմից: Իրենց աշխատանքով, նվիրվածությամբ հեղինակություն են վայելում, ուստի կասկած չկա, որ կոտայքցիներն իրենց վստահությունը դարձյալ կարտահայտեն նրանց նկատմամբ…