Աշխատասեր, նախաձեռնող, պատվախնդիր

0
18

Լավատեսություն

Դողսում հավատարիմ են իրենց պատմությանն ու մարդկային բարձր արժեքներին

-2016 թ. վերջից ղեկավարելով Դողս համայնքը,- <<Ընկեր>>-ի հետ զրույցում ասաց Գրիշա Հարությունյանը,- բազմաթիվ աշխատանքներ եմ իրականացրել: Մասնավորապես, ամբողջությամբ վերանորոգվել է մշակույթի տունը, որտեղ, առանձին հատվածում, հանդիսությունների սրահ է կառուցվել իր խոհանոցով ու սպասքով: Այն անվճար տրամադրվում է գյուղացիներին` նշելու թե° ուրախ և թե° տխուր առիթները: Դրանով շատ կարևոր սոցիալական խնդիր է լուծվել, քանի որ մարդկանց ազատել ենք լրացուցիչ ծախսերից…

Գիշերային լուսավորություն չեն ունեցել, շուտով տեղադրված լուսատուների թիվը կհասնի 200-ի: Իրականացվել են ճանապարհների ասֆալտապատման ու փոսալցման աշխատանքներ: Համայնքապետի խոսքով, խնդիր չունեն թե° խմելու ջրի, թե° գազի և թե° ոռոգման ջրի հետ կապված: Գյուղն ամբողջովին գազաֆիկացված է: Մեկ փողոցի խմելու ջրի խողովակները, որոնք հին էին, անցած աշնանը փոխվեցին, բայց, ընդհանուր առմամբ, խմելու ջրի ցանցն ամբողջությամբ փոխված է: Գիշերային լուսավորության նոր տեղադրված լամպերն արևային են, արևից են էներգիա ստանում, այսինքն, արևային էներգիայով սնվող լուսարձակներ են տեղադրում, ինչն էլ ավելի խնայողական է: Գյուղն այս նորագույն լամպերը տեղադրելուց հետո ամբողջովին լուսավոր կլինի: Երկրորդական փողոցները հիմնականում խճապատում, բարեկարգում են, իսկ գլխավորն ասֆալտապատ է, փոսալցումներով փորձում են այն բարեկարգ պահել:

Գյուղապետը նշեց, որ դողսեցիներն աշխատող են, հողը բերրի է, ջրի խնդիր չունեն, ջանադրաբար մշակում են իրենց հողերը, բարձր բերք ստանում, սակայն միշտ շուկայի խնդիր են ունենում: Եթե իրացում էլ լինում է, մթերքի գինն է շատ ցածր լինում, ինչը ձեռնտու չէ գյուղացուն, քանի որ արված ծախսն անգամ չի կարողանում հանել: Մարտ ամսին կոնկրետ թարխունը վաճառվել է 20-30 դրամով, ինչն իրենց չարչարանքի դիմաց շատ ցածր գին է…

Խոսելով այն խնդիրներից, որոնց լուծումն իրենց ուժերից վեր է, պարոն Հարությունյանը մատնանշեց հատկապես ասֆալտապատ ճանապարհներ ունենալու անչափ կարևոր հանգամանքը: Մանկապարտեզ ունենալու խնդիրն է նաև գյուղի համար շատ կարևոր: Այս խնդիրների մասին միշտ բարձրաձայնել են, դիմել պատկան մարմիններին և այսօր էլ սպասում են դրանց լուծմանը: Նշենք, որ ԾԻԳ-ի և գյուղապետարանի համատեղ միջոցներով դպրոցի շենքի տարածքում 2019 թ. նախակրթարան են բացել, մեկ խումբ է գործում:

Գրիշա Հարությունյանն իր երախտագիտությունն արտահայտելով, նշեց, որ հանդիսությունների սրահի կառուցման հարցում իրենց շատ է օգնել համագյուղացի բարերար Եղիշե Համբարձումյանը: Նրա նախաձեռնությամբ և դրամական միջոցներով նաև գյուղի եկեղեցին է կառուցվել: Գյուղին աջակցում է նաև Ռուսաստանում բնակվող Ռուբեն Մանուկյանը: Համայնքի ղեկավարի խոսքով, դողսեցիները շատ լավ ժողովուրդ են, մեկը մյուսի հանդեպ նախանձություն, ատելություն չունեն, իսկ հարգանքն սկսվում է դրանից, դրա համար էլ միմյանց հանդեպ հարգանքով են: Շատ համերաշխ գյուղ է, ինչն էլ ավելի է հեշտացնում համայնքը ղեկավարելը:

Գյուղացիներն էլ իրենց հերթին են գոհ համայնքապետից: Հայտնելով իրենց գոհունակությունը, ասացին, որ Գրիշա Հարությունյանն անում է առավելագույնը գյուղի համար, շատ սրտացավ ղեկավար է: Հետևողական է, բարեխիղճ ու պատասխանատու: Դողսը պատմական գյուղ է, որով հպարտանում են նրա բնակիչները: Հպարտանում են նաև դողսեցիների մարդկային լավագույն որակներով: Համայնքապետը ընկեր է իր գյուղացիների համար: Իսկ ընկերությունն, առհասարակ, շատ մեծ տեղ ունի նրա կյանքում: Գրիշա Հարությունյանի խոսքերով, իր համար ընկերությունն ավելի բարձր է, քան պաշտոնը կամ փողը: Այն, ինչ տալիս է ընկերությունը, ոչ փողը, ոչ պաշտոնը չեն կարող տալ: Եթե ընկերդ դժվար պահին կողքիդ է, ապա դա արդեն ամեն ինչ արժե: Ընկերություն է անում հարևան համայնքների ղեկավարներից շատերի հետ` Արտիմետի Վարդանի, Ամբերդի Բաբայան Մանվելի, Աղավնատան Գնելի, Ծիածանի Վաչիկի, Հովտամեջի Արմենի…

SHARE