Աշխատելու ցանկության դեպքում

0
35

Հնարավոր է լավ արդյունքի հասնել և էական հաջողություններ արձանագրել

Ձգտում

Արարատի մարզի Աբովյան գյուղական համայնքի ղեկավար Ավետիք Հարությունյանը <<Ընկեր>>-ի հետ զրույցում ասաց, որ պաշտոնավարում է 2012 թվականից: Սիրելով իր գյուղը, իր աշխատանքը, մեծագույն ցանկությամբ նվիրվել է ստանձնած պարտականությունների կատարմանը, ցանկալի արդյունք ապահովելուն: Նրա ղեկավարման ընթացքում կատարվածի համառոտ թվարկումը հետևյալն է` գազաֆիկացում, համայնքապետարանի բարեկարգում, մշակույթի տան հիմնանորոգում, ենթակառուցվածքների բարելավում և այլն:

Մասնավորապես, ընթացիկ տարում կենտրոնական ճանապարհի 1600 մ հատվածն է ՀԲ-ի միջոցներով ասֆալտապատվել: Սոցհիմնադրամի միջոցներով մանկապարտեզի շենք է կառուցվում, մինչև տարեվերջ կհանձնվի շահագործման: Գույքի ձեռքբերումը նախատեսված է հաջորդ տարում: Մարզպետի հետ պայմանավորվածություն ունեն (այլ տարբերակներ ևս փնտրում են)` առաջին իսկ հնարավորության դեպքում լուծելու դպրոցի ջեռուցման ու մարզադահլիճի հարցը:

Գյուղն ամբողջությամբ գազաֆիկացված է: Վերջին տարիներին խմելու ջրի ցանցն է նորացվել` 24-ժամյա ջրամատակարարում ապահովելով: Համայնքի բյուջեով 2 կմ գիշերային լուսավորություն է անցկացվել: Գերեզմանատան ցանկապատն է վերանորոգվել, ընդարձակվել: Գեղեցիկ խաղահրապարակ է կառուցվել, հանգստի լավ հնարավորություններ են ստեղծված բոլորի և հատկապես առողջ ապրելակերպով հետաքրքրվածների համար: Ակտիվ համագործակցելով հասարակական տարբեր կազմակերպությունների հետ, ձեռք են մեկնում կարիքավորներին:

Աշխույժ է մշակութային կյանքը: Մշակույթի տանը շախմատի սենյակ կա, առանձին խաղասենյակ, գործում է պարի խումբ, դահլիճը ինչպես կինոդիտումների, այնպես էլ հանդիսությունների անցկացման համար է օգտագործվում: Ամռան ամիսներին երեխաները զբաղված են ճամբարային կյանքով: Տոնական օրերն ու հանդիսությունները գյուղում բարձր մակարդակով են նշվում: Առանձնահատուկ վերաբերմունք կա նաև դպրոցի ու երեխաների նկատմամբ: Գյուղապետարանի աջակցությունն այս առումով թե՛ նյութական է, թե՛ բարոյական:

-Ամեն կերպ օգնում ենք մեր բնակիչներին,- նշեց պարոն Հարությունյանը,- ժամանակին ու անկորուստ իրացնելու աճեցրած բերքը: Այս տարի, օրինակ, ոչ մի կիլոգրամ ծիրան չմնաց, ամբողջը մթերվեց` արտահանելու նպատակով: Մեզանում հողային տարածքները քիչ են, եղածը բանջարեղենի մշակության տակ է: Նաև անասնապահությամբ զբաղվողներ կան: Մեր մի բնակիչն, օրինակ, մոտ 1000 գլուխ ոչխար ունի: Ընդհանուր առմամբ, պարապ մարդ չկա մեր գյուղում, բոլորը զբաղված են, աշխատանքի մեջ: Հավելեմ, որ արդեն հատուկ սարքի միջոցով արևային էներգիա ենք ստանում, ինչը շատ հեռանկարային ու արդյունավետ է: Արևային էներգախնայող համակարգ ենք ձեռք բերել, վահանակներ տեղադրել: Ստացված հոսանքն առայժմ օգտագործվում է համայնքապետարանի, մշակույթի տան համար, հետագայում նաև մանկապարտեզը կօգտվի: Ամեն ինչ մարդու ցանկությունից է գալիս, աշխատելու, ստեղծելու ու նախաձեռնելու դեպքում հաջողությունն ապահովված է…

Ի դեպ, Ավետիք Հարությունյանը ոստիկանության համակարգում է աշխատել, մարդկանց հետ գործ ունեցել: Ինչպես այն տարիներին, այնպես էլ այսօր ծառայում է մարդկանց, ջանում է հնարավորության սահմաններում օգտակար լինել շրջապատին: Խոստացածը կատարել ու կատարում է, բնակչի կողքին է` մշտապես աջակցելու պատրաստակամությամբ: Հաջողություններն ակնհայտ են. <<Ընկերներս էլ, ինչ խոսք, իրենց հերթին օգնում են ինձ համայնքի առջև ծառացած խնդիրները լուծելիս, հաճախ նաև տարբեր կազմակերպությունների, բարերարների եմ դիմում: Նպաստել են նաև հորս` Արշակ Հարությունյանի բարի համբավն ու հեղինակությունը: 50 տարի ղեկավար պաշտոնի է եղել: 70-ամյակին ընտրվել է այս համայնքի ղեկավար: Նրանից շատ բան եմ ժառանգել, նաև` նվիրումը, սկզբունքայնությունը, ուրիշի հոգսով ապրելու, կարիքավորին ձեռք մեկնելու պատրաստակամությունը…>>:   

Համայնքապետը տեղեկացրեց, որ վերջերս իրենց գյուղ էր այցելել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը` մարզպետ Գարիկ Սարգսյանի ուղեկցությամբ: Նրանք գոհ էին տեղում կատարված աշխատանքից: Պարոն Հարությունյանի խոսքերով, նախարարը շատ գիտակ ու իր գործում պրոֆեսիոնալ է` լսելու մեծ ունակությամբ օժտված: Ինչ վերաբերում է մարզպետին, ապա նրան բնորոշ է մտքի ճկունությունը, աշխատող է ու պրպտող: Համայնքապետ է աշխատել, նշանակում է` լավ գիտի համայնքների խնդիրներն ու հոգսերը: Ըստ նրա, շատ լավ հարաբերություններ են ձևավորվել մարզպետի հետ, քանի որ վերջինս գնահատում է աշխատող մարդուն: Այն, ինչ չեն կարողանում անել կամ դժվարանում են, մարզպետի օգնությամբ կյանքի են կոչում. <<Բոլորս էլ, ամեն մեկս իր տեղում, պետք է կանգնենք վարչապետի կողքին, սատարենք նրա ձեռնարկումներին և համատեղ երկիրն, իրոք, երկիր ու պետություն դարձնենք: Հաջողություններն արդեն իսկ ակնառու են, հուսադրող փոփոխություններ կան…>>:

Համայնքապետը նշեց, որ ժամանակին Աբովյանը սարերում արոտավայրեր է ունեցել, որոնք չգիտես ինչու հանձնվել են ուրիշի: Հույս ունի, որ մարզպետի օգնությամբ այդ տարածքները կվերադարձնի օրինական տիրոջը, ինչի արդյունքում իրենց գյուղացին հնարավորություն կունենա լիարժեք զբաղվելու անասնապահությամբ:

Համայնքապետարանի գլխավոր մասնագետ Ջուլիետա Կարապետյանը գոհունակությամբ նշեց իրենց կոլեկտիվում ստեղծված աշխատանքային այն մթնոլորտի մասին, որը Ավետիք Հարությունյանի շնորհիվ է. <<Աշխատում ենք թիմով, համախմբված: Թև ու թիկունք լինելով համայնքի ղեկավարին, միասին լուծում ենք առաջացած խնդիրները: Նա շատ սրտացավ է, հոգատար, ուշադիր յուրաքանչյուրի նկատմամբ: Մեր փոքրիկ բյուջեով ահռելի աշխատանք ենք կատարել: 6 տարում, կարելի է ասել, տասնամյակների գործ է արվել: Նույնը շարունակվում է նաև այսօր, և, անկասկած, շատ ավելի մեծ հաջողությունների ենք հասնելու: Ոչ մի հարց չի անտեսվում պարոն Հարությունյանի կողմից: Նվիրված է, պատասխանատու ու պատվախնդիր…>>:

Նույն կարծիքն ու գնահատականը շատերից լսեցինք, գովեստի ու հիացական խոսքերը շատ էին համայնքի ղեկավարի հասցեին: Բացի այդ, տեսանք այն աշխատանքը, որ կատարվել է, և ապրեցինք այն մթնոլորտում, որը միմիայն բարուն ու լավին է տրամադրում մարդ արարածին…

SHARE