Առավելագույնն անելու ձգտումով

0
932

Համոզմունք

-Տափերական համայնքը,- ասաց Կարեն Խաչատրյանը,- ղեկավարում եմ 2019 թ. դեկտեմբերից: 14 տարի այս համակարգում եմ աշխատում: Սկզբում աշխատել եմ համայնքի ղեկավարի տեղակալ, այնուհետև` համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար, հաշվապահ` մինչև ընտրվելը: Այս տարիների ընթացքում շատ աշխատանք է կատարվել և շատ կիսատ մնացած գործեր են եղել, որ ցանկացել ենք անպայման ավարտի հասցնել: Դա է եղել համայնքապետ ընտրվելու հիմնական դրդապատճառներից մեկը: 2020 թ. բյուջեն կազմելուց հետո մեր աշխատանքներում ներգրավել ենք սուբվենցիոն 2 ծրագիր` գազաֆիկացում և արտաքին լուսավորություն: Արտաքին լուսավորությունը 2019-ին կատարվել է 40 տոկոսով (10 մլն 800 հազար դրամ): Այս տարվա նախահաշիվը կազմում է 22,3 մլն դրամ: Դրանով ավարտի կհասցնենք լուսավորման գործը: Գազաֆիկացման համար նախատեսված 10 մլն դրամից (այդքան է կազմում նախահաշիվը) 50 տոկոս պետք է ներդնի համայնքը, այդքան էլ` կառավարությունը: 820 գծամետր խողովակաշար կանցկացվի: Ընթացիկ տարում մի քանի փողոց կփորձենք հարթեցնել և կողճապատել: Մանկապարտեզի 2-րդ մասնաշենքը, երկու խմբի համար նախատեսված, պետք է վերակառուցվի, մոտ 50-60 երեխա այդտեղ կհաճախի: Ընդհանուր 4 խումբ ունի` 120 երեխայով: Հարևան համայնքներից էլ են երեխաներ բերում այստեղ: Շատ լավ պահպանված մշակույթի տուն ունենք, միայն մասնակի վերանորոգման կարիք ունի: Հիմնականում դռներն ու պատուհանները պետք է փոխենք, ինչը և տարեցտարի արվում է: Ֆուտբոլի դաշտը պետք է վերանորոգվի: Նպատակ ունենք խաղահրապարակ ստեղծել մշակույթի տան հարակից տարածքում: Աղբավայր չունենք, ինչը խնդիր է մեզ համար: Այս խնդրով դիմելու ենք մարզպետին: Շաբաթը մեկ անգամ աղբը հեռացվում է գյուղից…

3900 բնակիչ ունի Տափերականը: Մոտ 1000 բնակիչ ունեն դրսում ապրող: Համայնքը շատ մեծ խնդիր ունի` հողի հարկի ապառքի հետ կապված: Բնակիչները տարիներ շարունակ չեն վճարել իրենց հարկերը, այդպես կուտակվել է, և հիմա դժվարանում են վճարել: Եթե այդ ապառքները կարողանան հավաքել, ապա ֆոնդային բյուջեում հաջորդ տարի բավականին մեծ գումար կունենան և իրենց առջև ծառացած խնդիրները հեշտությամբ կկարգավորեն: Ներկայումս աճուրդով հող են օտարում, որպեսզի գումար առաջանա: Այդ գումարներով կարողանում են աշխատանքներ իրականացնել:

Տեղեկացանք նաև, որ բնակիչների հետ համայնքապետի փոխհարաբերությունները բավարար մակարդակի վրա են: Հիմնականում սոցիալ-տնտեսական հարցերով են բնակիչները դիմում: Օգնում են դրամական հատկացումներով: Կարեն Խաչատրյանը համոզմունք հայտնեց, որ համայնքի ղեկավարը ոչ միայն պետք է առավոտից մինչև աշխատանքի ավարտը լինի համայնքապետարանում, այլև պետք է շրջի գյուղի ողջ տարածքում, տեսնի, թե ինչ պետք է անել, բնակիչների շրջանում հարցումներ անի` տեղեկանալու նրանց հոգս ու ցավի մասին: Այդ կերպ կկարողանա շատ հարցերի լուծման ճիշտ ուղիներ գտնել: Գյուղացիները հիմնականում հողագործությամբ են զբաղվում, արոտավայրեր չունեն: Ջերմոցներ են կառուցել իրենց տնամերձներում, լոլիկ ու վարունգ են հիմնականում աճեցնում:

Կարեն Խաչատրյանը մեծ հույսերով է ստանձնել այս պատասխանատու գործը: Ժողովուրդն իր քվեն տվել է նրան, ուստի պետք է անի հնարավորն ու անհնարինը, որպեսզի համայնքը դարձնեն լավագույններից մեկը, որ երանությամբ Տափերականի մասին խոսեն հարևան համայնքների բնակիչները: Ձգտելու է անել առավելագույնը…

SHARE