Առավել ուշադիր ու հոգատար

0
67

Գյուղի և գյուղատնտեսության ապագայի նկատմամբ

Շահագրգռություն

<<Ընկեր>>-ի հետ զրույցում Իշխան Առաքելյանը տեղեկացրեց, որ 2003 թվականից ղեկավարում է Արագածոտնի մարզի Փարպի համայնքը: Այդ ընթացքում գյուղում բարեկարգման բազմաթիվ աշխատանքներ են կատարվել:

Մանկական այգի է ստեղծվել, ֆուտբոլի դաշտ կառուցվել: Պետական միջոցների (200 մլն դրամ) ներդրմամբ վերակառուցվել է մանկապարտեզը և հաջորդ տարի կհանձնվի շահագործման: Մշակույթի տունն արդեն կարող են գործարկել: Գյուղի պատմության թանգարանն են ստեղծել, իրենց բնակավայրի մասին գիրք հրատարակել, հուշարձաններ տեղադրել: Համայնքը սուբսիդիա է շահել, ինչի շնորհիվ ասֆալտապատում է արվում: 60 մլն դրամը համայնքն է ներդնում, 40 մլն-ը` պետությունը: Մինչև նոյեմբերի վերջ այն ավարտի կհասցնեն: Ասֆալտապատվում են գյուղի ներքին ճանապարհները: Տվյալ` սուբսիդիայի ծրագրով նաև գյուղտեխնիկա են ձեռք բերելու: Միայն ցավալի է, որ այն աշխատեցնող մասնագետներ չունեն: Լավ մասնագետները գյուղից բացակայում են, անգամ բանվորական ուժ չունեն: Ինչպես նշեց պարոն Առաքելյանը, իրենց բնակիչները հիմնականում բարձրագույն կրթություն ունեն` միաժամանակ անկեղծանալով, որ նրանք չեն ուզում աշխատել և <<իրենց պատվից ցածր են համարում նման աշխատանք կատարելը>>:

Փարպին, կարելի է ասել, սպորտային գյուղ է, ահա թե ինչու առաջնահերթ ծրագրերում այս ոլորտի առավել զարգացումն ու խթանումն է: Զարգացած է ըմբշամարտը, ֆուտբոլի թիմ ունեն և այլն:

Համայնքապետի խոսքերով, եթե ուզում ենք բնակիչների բարեկեցությունը բարձրացնել, ապա պիտի աշխատատեղեր բացենք, մարդկանց զբաղվածությունն ապահովենք: Վերամշակող արդյունաբերությունը զարգացնելու հնարավորություններ կան: Մասնավորապես, գյուղը խմելու լավ ջուր ունի, որը կարելի է շշալցել ու վաճառքի հանել: Աղբահանություն թեև իրականացվում է, բայց վերջին շրջանում դժվարություններ են առաջացել` վարորդ, բանվոր չլինելու պատճառով: Կոյուղու նախագիծը դեռևս 1988 թ. է արվել, սակայն գումար չլինելու պատճառով առայժմ ոչինչ չի արվել: Մոտ 1,5 մլն դոլար գումար է պետք այդ ծրագիրն իրագործելու համար: Կոյուղաջրերի մաքրման կայանի անհրաժեշտություն ևս կա:

Շարունակելով առկա խնդիրներին անդրադառնալ, պարոն Առաքելյանը նշեց, որ թեև խմելու ջուրը նորմալ է, սակայն նույնը չես ասի ոռոգման ջրի, տրանսպորտի և այլ առումներով: Այնուհանդերձ, ժողովրդի մեջ այսօր ոգևորվածություն կա, հույսեր են կապում նոր իշխանությունների հետ, մարդկանց մեջ լավատեսություն է արթնացել, բայց քանի որ արմատական բարեփոխումների գործընթացը դանդաղում է, մարդկանց մոտ սկսել է թերահավատություն նկատվել. <<Բարեփոխումները չպետք է ուշանան: Նախկին արատավոր, կոռումպացված համակարգը պիտի հիմնիվեր ջարդվի: Հեղափոխությունը շատ բան է տվել ժողովրդին, ամենակարևորը` հավատ, որ ինքն է իրական իշխանությունը, իր երկրի ու պետության տերը: Երևանի ընտրությունը ցույց տվեց, որ ժողովուրդը հաստատակամ է և չի շեղվելու իր ընտրած ուղուց: Հասարակությունը պատրաստ է հանուն իր ապագա սերնդի գնալ վճռական գործողությունների` արմատական փոփոխություններ ակնկալելով: Այնպիսի պայմաններ պետք է ստեղծվեն, որպեսզի երկրից գնացածները վերադառնան և իրենց հայրենի եզերքը, տուն ու տեղը շենացնեն: Ամեն ինչ իր տեղը պիտի ընկնի, և կյանքը բնականոն հուն վերադառնա: Վերականգնված հավատն օրեցօր պիտի առավել ամրապնդվի: Գյուղին ու գյուղատնտեսությանը պետք է առավելագույն ուշադրություն հատկացնել, զարգացման հստակ քաղաքականություն որդեգրել: Մասնավորապես, հնարավորինս արագացնել գյուղոլորտում ապահովագրության համակարգի ներդրումը և նոր տեխնոլոգիաների կիրառումը: Պետությունը պետք է նպաստի գյուղմթերքի արտահանման կազմակերպմանը և ամեն ինչով թև ու թիկունք լինի բերք ու բարիք արարող գյուղացուն…>>:

Այլապես, ինչպես արդարացիորեն նկատեց համայնքի ղեկավարը, գյուղն անդառնալիորեն կզրկվի իր համ ու հոտից, գրավչությունից, կկորցնի իր բուն իմաստն ու նշանակությունը: Պետք է խստացվի պետական վերահսկողությունը, հատկապես` սերմերի ու բուժանյութերի հարցերում: Վերականգնվեն տեղական սորտերը, որոնք <<անպետք>> են դարձել բիզնեսի եկամտաբերության տեսանկյունից: Մի խոսքով, ինչպես զրույցի ավարտին ընդգծեց Իշխան Առաքելյանը, շատ բաներ են խաթարվել անցած տասնամյակների ընթացքում, ուստի պետք է աստիճանաբար գնալ բոլոր կուտակված խնդիրների լուծման հաստատուն ու անշեղ ճանապարհով…

SHARE