Առատաշենի գործերն ու հոգսերը

0
15

Հույս

Գյուղացու կյանքը բարելավելու ջանքեր և նպատակաուղղվածություն

-2012 թվականից ղեկավարում եմ Առատաշեն համայնքը,- <<Ընկեր>>-ին ասաց Վահրամ Հարությունյանը:- Ղեկավարման առաջին օրվանից կանգնած եմ գյուղացու կողքին` կիսելով նրա հոգսերը և օգնելով, որպեսզի օրենքի սահմաններում ժամանակին լուծվեն նրան մտահոգող հարցերը: Տարիների ընթացքում բազում խնդիրներ են կուտակվել, որոնց աստիճանաբար ջանում ենք լուծում տալ: Բոլոր հարցերն էլ` սկսած անգամ անձնականից ու ամենափոքր թվացողից, մեր ուշադրության կենտրոնում են: Մենք մեզ պարտավորված ենք զգում գյուղացու առաջ: Առատաշենի համար առաջին կարևոր խնդիրը եղել և մնում է ջրի հարցը: Բարեբախտաբար, արդեն լուծվում է ջրամատակարարման 24-ժամյա ապահովումը, աշխատանքների մեծ մասն ավարտված է: Մեզ օգնել է <<Ուրբան>> կայուն զարգացման հիմնադրամը` ամերիկյան ծրագրի հետ միասին, համայնքի մասնակցությունը դրան ևս կա: Ամբողջովին փոխվում է խմելու ջրի ներքին ցանցը, ինչի արդյունքում կունենանք մշտական որակյալ ջուր: Սեփական միջոցներով հիմնանորոգում ենք մանկապարտեզը: Շուտով կավարտենք, և սաները կհաճախեն լավ կահավորված ու բարեկարգ մանկապարտեզ: Երեխաների թիվն ավելացել է, և դժվար կլինի  2 խմբով բավարարվել: Առայժմ նոր խումբ ավելացնելու հնարավորություն չունենք` ելնելով մեր ֆինանսական հնարավորություններից: Հուսով ենք որոշ փողոցների ասֆալտապատման հարցն էլ առաջիկայում լուծել: Մասնավորապես, դեպի Տարոնիկ գյուղ տանող 700-800 մետր ճանապարհահատվածը: Փողոցները հիմնականոմ լուսավորել ենք, մնացել են ծայրամասային թաղամասերը: Խմելու ջրի հարցի վերջնական լուծումից հետո կանցնենք նաև դրան: Ոռոգման ջրի հետ կապված, կարելի է ասել, խնդիր չունենք, բավականին լավ վիճակում է այն: Խորքային հորերով ենք հողատարածքների մեծ մասը ոռոգում, մնացածն էլ Ակնալճի ջրանցքի տակ է: Շատ դժգոհ ենք էլեկտրաէներգիայի մատակարարումից, բավականին հաճախակի են վթարները և խափանումները: Նախագիծ-նախահաշիվ է արված, որպեսզի հնամաշ, քայքայված ցանցն ամբողջությամբ փոխվի, սպասում ենք <<Հայէլեկտրացանց>> ընկերության գործնական քայլերին: Հատկապես ոռոգման շրջանում են զգացվում դրա հետ կապված ցավոտ խնդիրները: Այնպես որ, սպասում ենք տվյալ հարցի լուծմանը, ինչից հետո գյուղը մի մեծ հոգսից ազատված կլինի: Վերջերս էլ հոսանքի հերթական խափանումից մեր բնակիչները 25-30 մլն դրամի վնաս կրեցին: Ճիշտ է, վնասված էլսարքավորումները ընկերության մասնագետները վերականգնեցին, բայց դա բնավ մխիթարական չէ և ոչ էլ հարցի լուծում…

Առատաշենցին շատ աշխատասեր է և զբաղվում է բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, ավելի շատ` խաղողագործությամբ: Համայնքապետը հավաստիացրեց, որ իրենք փոքրիշատե հնարավորություններ պետք է ստեղծեն, որպեսզի գյուղացին կարողանա իր արտադրած բերք ու բարիքն իրացնել, գործունեության բավարար պայմաններ ունենալ: Փառք Աստծո, վերջին տարիներին արդեն խաղողի մթերման հետ կապված խնդիրներ չունեն, միայն բանջարեղենի` լոլիկ, վարունգ և այլն, իրացման հարցում առայժմ հստակություն չկա, դժվարություններ են լինում:

Վահրամ Հարությունյանը լավատես է, որ այս, ինչպես նաև այլ հարցերում խնդիրներ հնարավորինս քիչ կլինեն: Համոզված է, որ առաջ ենք գնալու, հայ ժողովուրդն ավելի լավ Հայաստանում է ապրելու: Մարդիկ հնարավորություն կունենան աշխատելու, իրացնելու իրենց ուժն ու եռանդը, արժանապատիվ կյանք ապահովելու թե’ իրենց, թե’ իրենց ընտանիքի համար: Վստահությունը մեծ է, որ ներկայիս կառավարությունն ամեն ինչ կանի` բարելավելու մարդկանց կյանքը… 

SHARE