Ընկեր ունենալու միակ միջոցը ընկեր լինելն է
Արժեհամակարգ
Կոնֆուցիոսի կյանքի դասերից մեկն այսպիսի հորդոր ունի. <<Ձեր ընկերները կարևոր են: Երբեք ընկերություն մի արեք մարդու հետ, ով ձեզնից լավը չէ>>: Այս պատգամը, ըստ չինացի փիլիսոփայի, նշանակում է, որ ընկերները կանխագուշակում են մեր ապագան: Մենք շարժվում ենք այնտեղ, որտեղ արդեն նրանք գտնվում են: Ուստի շրջապատենք մեզ այնպիսի ընկերներով, ովքեր շարժվում են այն ուղով, որը կընտրեինք մենք… Յուրաքանչյուր մարդու կյանքում կա գոնե այնպիսի մեկը, ով արժանի է իսկական ընկեր կոչվել, և այդ առթիվ հայտնի այս ավանդազրույցը հիշենք:
Ծովափնյա իր տնակում տարեց մի մարդ էր ապրում: Այս աշխարհում նա բոլորովին միայնակ էր: Մի օր, ուշ երեկոյան, նրա դուռը թակում են:
-Ո՞վ է,- զարմացած հարցնում է ծերունին:
Դռան հետևից լսվում է պատասխանը.
-Ես քո հարստությունն եմ:
-Երբ ես մեծահարուստ էի,- պատասխանում է ծերունին,- հարստությունն ինձ երջանկություն չբերեց: Այնպես որ, հեռացիր, դու ինձ պետք չես:
Հաջորդ օրը թակոցը կրկնվում է:
-Ո՞վ կա այդտեղ,- նորից զարմանում է ծերունին:
-Ես քո սերն եմ,- լսվում է պատասխանը:
-Երբ ես սիրված էի, և ինքս խելահեղորեն սիրում էի, սերն ինձ երջանկություն չպարգևեց: Ուրեմն, թող ինձ և գնա քո ճանապարհով:
Ծերունին այս անգամ էլ դուռը չի բացում: Երրորդ անգամ են նրա դուռը թակում: Հարցին, թե ո՞վ է դռան հետևում, լսվում է պատասխան.
-Քո ընկերությունը:
Ծերունին ժպտում է և դուռը բացում.
-Ընկերների համար ես միշտ ուրախ եմ…
Կատարվում է անսպասելին. ընկերության հետ նրա տուն են մտնում նաև հարստությունն ու սերը:
-Բայց ես ասացի, որ ներս գա միայն ընկերությունը,- սրտնեղում է ծերունին:
Երեքը միաժամանակ պատասխանում են.
-Այսքան տարի երկրի վրա ապրում ես ու մինչև օրս մի պարզ ճշմարտություն չես հասկացել` միայն ընկերության ու բարեկամության հետ կարող են այցելել սերն ու հարստությունը…