Ավանդույթը Մրգաշատում շարունակվում է

0
3

Արժևորելով գյուղի աշխատավորի, նրա իսկական մշակի տքնաջան վաստակը

Մաճառի տոն

Լավագույն ավանդույթները Մրգաշատում հաջողությամբ շարունակվում են: Այս տարի ևս, հոկտեմբերի 11-ին, գյուղում նշվեց Մաճառի տոնը: Մշակույթի տան դիմաց հյուրընկալ առատ սեղան էր բացվել` ավանդական գաթայով, հարիսայով, աշնանային բերք ու բարիքով: Այո՛, էլ ինչ տոն` առանց բարի ու առատաձեռն հյուրասիրության: Ամեն մեկն իր սեղանն է գցել, տոնական տեսքի բերել ու զարդարել…

Համայնքի ղեկավար Գևորգ Դանիելյանը հյուրերին ուղեկցելով մոտենում է այդ սեղաններին: Ի դեպ, հյուրերի թվում նաև Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն է: Բոլորն էլ շնորհավորում են միմյանց այս հրաշալի տոնի առթիվ, օրհնում հայկական հողի ծնունդ բերք ու բարիքը, հաջողություններ մաղթում այն արարող հայ գյուղացուն ու նվիրյալ մշակին:

Տոնը գյուղացուն է, հողի մշակին, որ այդ օրը սրտանց ուրախանում ու վայելում է իր տքնանքի արդար վաստակը: Գյուղն ուրախության մեջ է` տոնական ցնծությամբ, երգ ու պարով, նվագով ու երաժշտությամբ: Հյուր է եկել նաև վաղուց մոռացված փահլևանը, որպեսզի տոնի ազգային խորհուրդը լիարժեք ու կատարյալ լինի:

Այս հրաշալի տոնը նաև երեխաներինն է, որ մանկական անկեղծ հրճվանքով ցուցադրում են իրենց շնորհները: Մեկը` կերպարվեստի, մյուսը` երաժշտության, մեկ ուրիշն էլ` սպորտի գծով… Մրգաշատում տաղանդաշատ ու շնորհալի երեխաներ շատ կան, որ վաղվա օրվա ու ապագայի հանդեպ հույս, հավատ ու լավատեսություն են ներշնչում:

Գևորգ Դանիելյանի նախաձեռնությամբ այս տոնը նշվում է արդեն 17 տարի: Մասնակցում է ողջ գյուղը, յուրաքանչյուրն իր մասնակցությունը բերում դրան, որպեսզի մեկ կամ մի քանի գավաթ մաճառ ըմպելն, իրոք, հիշարժան վայելքի ու գեղեցիկ արարողության վերածվի: Մարզպետ Համբարձում Մաթևոսյանը <<Ընկեր>>-ի հետ զրույցում, մասնավորապես, նշեց.

-Պատիվ ունեմ ողջունելու Ձեզ նման հատուկ և հիանալի միջոցառման շրջանակներում: Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես, շարունակելով լավագույն ավանդույթները, հավաքվել ենք մեզ համար հարազատ համայնք Մրգաշատում, որպեսզի տոնենք Մաճառի օրը, համտեսենք այստեղի ամենալավ մաճառը: Իմ համոզմամբ, տոնն ունի նաև մեկ այլ, ավելի իմաստալից խորհուրդ` ոչ միայն համտեսել բերք ու բարիքը, այլև նշել գյուղատնտեսության, հողի նվիրյալ աշխատավորի, իսկական մշակի տոնը: Ուրախալի է, որ տոնի կազմակերպիչներն արել են առավելագույնը, որպեսզի տոնն, իրոք, տոն դառնա` սրտաբուխ ու նվիրական: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բերք ու բարիքի տոնը, գյուղատնտեսության տոնը, լավագույն մաճառի տոնը: Հողի մշակի ջանասեր աշխատանքի շնորհիվ ենք վայելում այսօրվա առատ բերք ու բարիքը: Ինչ վերաբերում է համայնքապետին, ապա նրա գնահատականը պետք է տա ոչ թե մարզպետը կամ կառավարությունը, այլ հենց համայնքի բնակչությունը, քանի որ նրա քվեով է ընտրվում համայնքի ղեկավար: Համագործակցության և տարվող աշխատանքների վերաբերյալ էլ կասեմ, որ մենք բոլոր հնարավորություններն օգտագործում ենք, անկախ համայնքապետի ով լինելուց և անկախ նրա քաղաքական ուղղվածությունից, բարելավելու համայնքների գործունեությունը: Բոլոր համայնքապետերի հետ էլ աշխատում ենք` ի շահ այնտեղ ապրող բնակչի, ի շահ համայնքի զարգացման ու առաջընթացի: Մրգաշատում, մասնավորապես, այս տարի ունեցել ենք մի շարք ծրագրեր: Նշեմ, օրինակ, ասֆալտապատումը: Հաջորդ տարի սուբվենցիոն ծրագրով վերանորոգելու ենք մշակույթի տունը և այսպես շարունակ: Առհասարակ, համայնքի ղեկավարի աշխատանքը շատ կարևոր է, սկսած հարկերը հավաքագրելուց, սեփական եկամուտները ճիշտ կառավարելուց և վերջացրած համայնքային ենթակառուցվածքները նպատակային շահագործելով:

…Մաճառի տոնը Մրգաշատում շարունակվեց ողջ օրը, շարունակվեց երգ-երաժշտությամբ, ժպիտով ու ուրախությամբ:

Մեկ անգամ ևս` տո՛նդ շնորհավոր, հողի աշխատավոր… 

SHARE