Ավելին, քան ընկերն ու ընկերությունը

0
163
Հզոր ընկերություն, հզոր ընտանիք, հզոր պետություն…

  Ալթայի երկրամասի հայ համայնքի նախագահ Մխիթար Արոյանի Հայաստան այցելության նպատակն այս անգամ անձնական, ավելի շուտ` ընկերական էր: Առիթը ընկերոջ հոբելյանն էր:
-Շատ ուրախ եմ,- ասաց նա,- որ Արամայիսը, բնակվելով Սանկտ-Պետերբուրգում, իր ծննդյան 50-ամյակը նշում է Հայաստանում, մեր սիրասուն հայրենիքում: Մինչ այդ տխուր առիթով էինք այստեղ, և պիտի ցավով նշեմ, որ վերջին տարիներին Արամայիսը կորցրեց ծնողներին, եղբորը: Ահա, այդ առիթներով ենք եղել, և, ի վերջո, ուրախալի է, որ այս անգամ առիթը բոլորովին այլ է, այն էլ` նման հրաշալի առիթ, ինչը, բնականաբար, չէինք կարող բաց թողնել… Երբ իմացա, որ Հայաստանում է նշելու ծնունդը, հայացքս երկինք ուղղեցի` ասելով. <<Փառքդ շատ, տեր Աստված, որ Արամայիսի համար Հայաստան պիտի գնամ, այս անգամ` ուրախանալու,  ուրախությամբ կիսվելու>>: Ահա թե ինչու ուրախությունս, իրոք, չափ ու սահման չունի: Թող սա դառնա այն վատ օրերի վերջը, լավ օրերի սկիզբը Հայաստանում մեր ընկերոջ համար: 

    Արամայիսի հետ ծանոթացել եմ 1983 թ., Սիբիրում, Բառնաուլ քաղաքում: Երկուսս էլ սովորելու նպատակով էինք այնտեղ: Հենց առաջին օրը ծանոթացանք, անգամ միասին էինք ապրում մի սենյակում: Մտերմացանք, դարձանք ընկերներ: Մեր ընկերությունն այնպես ձևավորվեց, խորացավ և դարձավ այնպիսին, որ ընկերությունը, միգուցե, նոր անունով պիտի կոչել, քանզի առավել էր դրանից: Իմ ու Արամայիսի շահը մեր ունեցած ընդհանուր  ընկերությունն է, ամենամեծ շահը, որ կարող է լինել, ամենամեծ հարստությունը: Պետք է պահել, փայփայել այդ թանկ ընկերությունը, ինչի համար պիտի առաջին հերթին լավ ընկեր լինել, ընկերոջ պարտականություններն ու պահանջները կատարել, ինչից հետո միայն կարողանալ դիմացինին գնահատական տալ: 
  Ընկերության մեջ, ինչպես և ընտանիքում, հնարավոր են ինչ-որ անհասկանալի երևույթներ, ինչի դեպքում, կարծում եմ, մեղավորությունն առաջին հերթին քո մեջ պիտի փնտրես: Ինչպիսի վերաբերմունք ցուցաբերում ես, ինչպես որ նվիրվում ես այդ ընկերությանը, նույն պատասխանն էլ ստանում ես: Դրա համար չկա վատ ընկեր: Հասկացել եմ, որ ընկերոջն ընտրելու հարցում Աստծո նախախնամությունը կա, ամեն դեպքում, ճակատագրի մատը խառն է: Ուսանողական տարիներին կային նաև 5-6 տղաներ, ում հետ ընկերությունը, ինչպես` Արամայիսի պարագայում, նման շարունակություն չունեցավ: Այսինքն, ժամանակն ամեն ինչ իր տեղն է դնում: Աստծո կամոք է ստեղծվում: 30 տարի ընկերություն ենք անում, և այն գնալով խորանում է: Ես, իհարկե, նկատել եմ, թե ինչն է եղել մեր մեջ ընդհանուր, որ մտերմացել ենք: Դա մեր ծնողներից յուրաքանչյուրի` իր որդու, նրա ընկերոջ նկատմամբ ունեցած սերն էր: Մենք ընդհանուր հիմքեր ենք ունեցել, ինչը մեր ծնողներից է եկել: Մենք էլ ենք ծնող, մեր որդիների` ընկերներ ընտրելու հարցում որոշակի ազդեցություն ունենում ենք, թեկուզ, խորհրդի կարգով, գիտակցված ուղղորդում ենք: Ծնողները երբեք չեն սխալվում, իրենց զավակների լավն են ուզում: Մեր ընկերությունը դրա խոսուն ապացույցներից մեկն է: Այնքան խորը կապվածություն կա, որ անգամ հեռավորության վրա իրար, այսպես ասած, զգում ենք ու <<տեսնում>>: Շատ անգամ առանց ձայն հանելու իրար հասկանում ենք: Դե, 30 տարին քիչ չէ: Սա ինչ-որ առումով ավելի թանկ է, քան ցանկացած ամեն բան: 
   Արամայիսի մեջ գնահատում եմ նվիրվածությունը, ընկերությունն ամեն ինչից վեր դասելը: Նույնիսկ չափից ավելի է ընկերությունն ամեն ինչից վեր դասում, ինչը ոմանց համար կարող է անհեթեթ ու տարօրինակ թվալ: Ֆանատիկ է ընկերության մեջ: Նման ընկերոջով միայն կարելի է հպարտանալ: Արամայիսը համախմբում, իրար գլխի է հավաքում բոլոր ընկերներին: Պարտադիր առիթներից մեկը Վաչիկ Մկրտչյանի հուշամրցաշարն է, երբ բոլորին, կոպիտ ասած, պարտադրում է գալ, մասնակից դառնալ դրան: Իր հոբելյանն արդեն իսկ նոր հրաշալի առիթ դարձավ բոլորին մեկ անգամ ևս նույն հարկի տակ, նույն սեղանի շուրջ համախմբելու: Արամայիսը հրաշալի ու օրինակելի ընկեր է իր տեսակով… 
     Ցանկանում եմ, որ մատաղ սերունդը` մեր ազգի, հայրենիքի վաղվա հույսն ու հավատը, մեծապես կարևորի ու գնահատի ընկերությունը, ամենայն լրջությամբ ու պատասխանատվությամբ մոտենա ընկեր հասկացությանը: Ընկեր բառն արտաբերելիս պիտի մեծ պատասխանատվություն հանդես բերել, չափի զգացողությունը պահել, որպեսզի այն չդառնա առօրյայում գործածելիք կամ <<բերանի ծամոն>>:  Ծամես, քաղցրությունն անցնի` դեն նետես… Ընկերությունն ընտանիքի պես մի բան է: Ընդունված է ասել, որ պետությունը կախված է ընտանիքից, ուրեմն որքան հզոր է ընտանիքը, այնքան էլ հզոր է  պետությունը: Ընկերն ընկերոջը կարող է կործանել, կարող է և բարձրացնել: Ինչպես ընտանիքում` կինն ամուսնուն: Ընկերոջ սխալը պիտի կանխել: Այդպիսին է մեր ընկերությունը: Հաջողությունների ենք հասել միմյանց լավը ցանկանալով… Շնորհակալություն Ձեզ, խմբագրությանը, որ նման կարգի, նման սուրբ անունով թերթ եք հրատարակում: Անունն, իրոք, տարողունակ ու հուզիչ է` Ընկեր…
***
    Նշենք, որ Ալթայում հայ համայնքն իրավաբանորեն ձևավորվել, կազմավորվել է 1998 թ.: Այս տարի, օգոստոսին, տոնելու են համայնքի կայացման 15-ամյակը: Կազմակերպությունն իր գործունեության ընթացքում այնպիսի աշխատանք է ծավալել, որ օտարության մեջ հայը չկորցնի իր ազգային ինքնությունը: Բացվել է առաջին հայկական կիրակնօրյա դպրոցը, Հայաստանից տարվել են համապատասխան ծրագրեր, դասագրքեր: Երեխաների դպրոց են հաճախել անգամ մեծահասակներ, այլազգիներ` հայերեն կարդալ-գրել սովորելու համար: Բառնաուլում եկեղեցի են կառուցել` Սուրբ Հռիփսիմե, ընկերներն այս գործում իրենց արժանի մասնակցությունն են ունեցել: Արամայիս Մարտիրոսյանի կողմից, որպես նվիրատվություն, խաչքար է բերվել Հայաստանից և տեղադրվել եկեղեցու բակում:  Այն նվիրված է Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Ամեն տարի եկեղեցու քահանա տեր Մուրադը ապրիլի 24-ին հոգեհանգստի պատարագ է մատուցում խաչքարի մոտ: Եկեղեցու կառուցմանը մասնակցած բարերարներն արժանացել են Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կոնդակին: Բռնցքամարտիկ Մարդո Պոնկրաչյանի, ով Ալթայում բռնցքամարտի դպրոց է հիմնադրել, հիշատակին նվիրված միջոցառում` ամենամյա միջազգային մրցաշար է անցկացվում: Աշխատանքներն, իհարկե, շատ են, արվում է հնարավոր ամեն ինչ` մեր հայրենակիցներին հայեցի կրթություն ու դաստիարակություն տալու համար: Այս ամենում, ինչ խոսք, մեծ է համայնքի ղեկավար Մխիթար Արոյանի ներդրումը, մի մարդու, ով հայրենասեր ու նվիրյալ ընկեր է, հավատարիմ ու նախանձախնդիր անհատ…
SHARE